Եթե օրենքը միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթավերջին ահազանող գրառման համար իշխանությունների կողմից ձերբակալվեց, ապա հանիրավի մեղադրվեց 70-ամյա գիտնական, արցախցի Ղարիբ Բաբայանը: Ավելին, փաշինյանական իշխանությունը որոշեց նրան կալանքի տանել: Իսկ երբ այդ մասին հայտնի դարձավ, չնայած ուշ ժամին ու ցուրտ եղանակին, հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ ինքնաբուխ, հավաքվեցին Աջափնյակի դատարանի մատույցներում: Ի վերջո, դատարանը, ինչպես հայտարարում են ընդդիմադիր գործիչները, հանրային ճնշման ներքո, որոշեց չկալանավորել Ղարիբ Բաբայանին, բայց նրա նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառեց: Տարօրինակ է, որ ընդհանրապես քրեական վարույթը չչեղարկվեց, որովհետև այս պատմության մեջ ինչ ասես կա, բացի քրեական բաղադրիչից: Եթե կատարվածը դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից, չոր փաստերով, ապա այստեղ ընդհանրապես «գործ» կամ քրեական հետապնդման առարկա չկա:

Ի՞նչ է եղել. Իրանի մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգել են «Ղարաբաղ»: Այդ խայտառակ ու ազգային արժանապատվություն նսեմացնող եղելությունը տեսել և տեսաձայնագրմամբ արձանագրել է մի քաղաքացի: Ղարիբ Բաբայանն այդ տեսագրությունը զետեղել է իրեն պատկանող օգտահաշվային էջում, բացի այդ արել է գրառում՝ ռուսերենով:

Հատկանշական է, որ անգամ դպրոցական մակարդակի ռուսերենի իմացությունը բավարար էր՝ հասկանալու համար, որ Բաբայանի գրառման մեջ բացակայում է ատելության, թշնամանքի կամ իրեն մեղսագրվող այլ «ոճրագործությունների» որևէ տարր անգամ: Այն էլ նկատենք, որ գրառման 99 տոկոսը հարցերով է: Այսինքն, մարդը հարցադրումներ է արել, օրինակ՝ «ո՞ւր է փառապանծ ոստիկանությունը», «այս ի՞նչ է կատարվում» ու այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է կատարվում: Նախ՝ ԱԱԾ-ն հետապնդում է սկսում 70-ամյա գիտնականի՝ գրառման հեղինակի նկատմամբ, նրան մեղսագրվում է ոչ ավել, ոչ պակաս՝ «անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով» (ԱԱԾ հաղորդագրության ձևակերպումն է): Այսինքն, ըստ փաշինյանական իշխանության այս կառույցի՝ Ղարիբ Բաբայանը հենց միայն նրանով, որ խայտառակ եղելությունն արձանագրել է կամ դրա մասին ահազանգել, արդեն... «ատելություն է սերմանել»:

Անհեթեթության «շքերթը» շարունակում է արդեն Քննչական կոմիտեն: Այս մի իշխանական կառույցն էլ Բաբայանին վերագրում է կամ ավելի ճիշտ՝ նրան մեղադրում է «...քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»:

Իհարկե, մեծն Կաֆկան բարձր կգնահատեր ԱԱԾ-ի ու ՔԿ-ի ակնարկյալ ստեղծագործությունները, բայց մենք այնուամենայնիվ, իրավական հանգամանքների մասին ենք խոսում, այլ ոչ թե՝ գրական:

Այս ամենի հետ կապված՝ շատ ավելի էական հարցեր կան, որոնք անհնար է չհնչեցնել:

Ակնհայտ փաստ ու իրողություն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության մի շարք կողմնակիցներ, այդ թվում՝ իրենց «բլոգերի» տեղ դրած կամ այդպիսին ներկայացնողներ, ամենաբացահայտ կերպով ատելություն են սերմանում Արցախի, Արցախի հայության հանդեպ, «քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված»՝ հետևողականորեն ատելություն են սերմանում ընդդիմադիր գործիչների, ընդդիմախոսների նկատմամբ: Իշխանության կողմնակիցները բացահայտ ատելություն էին հրահրում, ավելին՝ ստահոդ ու վարկաբեկիչ տեղեկություններ էին տարածում Հայ առաքելական եկեղեցու, ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների, «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա կողմնակիցների հանդեպ: Նկատվել են նաև Ռուսաստանի ու ռուսների հանդեպ անհանդուրժողականության ու ատելության խոսքի դրսևորումներ, է՛լ ավելին՝ այսպես ասած «ռուսամետ կողմնորոշում» ունեցողների հասցեին է նկատվել ատելության հրահրում: Ո՞ր մեկը ասես, եթե նման դրսևորումներն ամենօրյա են ու չդադարող: Այ, հիմա էլ թանկացված ուղեվարձը բոյկոտողների հասցեին են նույն ատելությունը սերմանում ու հրահրում:

Հիմնական հարցն այստեղ այն է, թե նույն իրավապահները վերոնշյալներից քանիսի՞ «հետևից են ընկել», քանիսի՞ն են ձերբակալել, տարել կալանքի ու դատի: Մի նման կիսադեպք կար, այն էլ, ինչպես մամուլում գրվեց, հետապնդվողը բարեհաջող հեռացել էր Հայաստանից: Իսկ, այ, այս իշխանության դեմ հանդես եկող հայ մարդկանց դեպքում պատժիչ մեքենան գործում է դաժանորեն ու անխափան: Հարցը միայն Բաբայանի հետ կապված այս «փուչիկ» գործը չէ: Առաջինն, ինչ աչքի առաջ գալիս է, պրոդյուսեր, ռեժիսոր Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն է, եթե չասենք՝ անուղղակի սպանությունը: Քանի որ Արմեն Գրիգորյանը բացահայտ հանդես էր գալիս այս իշխանության դեմ, նրա նկատմամբ «ատելություն հրահրելու» հոդվածով քրեական հետապնդում սկսեցին, վատառողջ մարդուն բանտարկեցին, ազատազրկեցին, և հենց դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանը մահացավ: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը մահվան հասցրեց Արմեն Գրիգորյանին: Ի դեպ, որոշ իշխանամետներ անթաքույց ուրախացել էին, որ հայ մարդ է մահացել:

Սա էլ ավելի է սրում հարցը, թե ինչի՞ համար է օրենքն առհասարակ, եթե այն գործում է բացառապես ու միմիայն ընդդիմադիր կամ պարզապես ոչ իշխանական մարդկանց խոսքի կամ արարքների դեպքում, սակայն երբեք չի գործում, երբ նույն օրենքները ոտնահարում են իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցները: Դա ցանկացած օրենք «լաթի կտոր» կամ «թղթի անպետք կտոր» դարձնելու ամենից արագ ու կարճ ճանապարհն է: Չի կարող օրենքը լինել միակողմանի: Իսկ եթե միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ, առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները