Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխվել է։ Եթե նախկինում Հարավային Կովկասը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտին, ապա ռուսական դիրքերն էականորեն թուլացել են, իսկ դրա փոխարեն ավելացել է Թուրքիայի ազդեցությունը։ Վրաստանում թուրքական կապիտալը էական դերակատարություն ունի տնտեսության մեջ, մյուս կողմից էլ՝ այդ երկրով են անցնում թուրքադրբեջանական այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը:

Իսկ վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն հաստատվում է Ադրբեջանում, ու պայմաններ են ստեղծվում համընդհանուր ինտեգրացիոն դաշտի ձևավորման համար։ Պարբերաբար համատեղ թուրքադրբեջանական զորավարժություններ են իրականացվում։ Եվ Թուրքիան իր բանակի ՆԱՏՕ-ական մոդելը ներմուծում է Ադրբեջան։ Մյուս կողմից էլ՝ առաջ է մղվում քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության խորացման գործընթացը, որը բխում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսից։ Փոխգործակցության շրջանակն ընդլայնվում է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Հենց ինտեգրացիոն գործընթացի ավելի խորացման ու պանթուրքական ծրագրերի իրականացման համար թուրքադրբեջանական տանդեմը պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ըստ էության, Թուրքիան միակ պետությունն է, որը ամենամեծ ազդեցությունն ունի Ադրբեջանի վրա։

Իսկ Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա գնալով թուլանում է՝ չնայած մի շարք դեպքերում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի մեծ լծակներ Ադրբեջանի վրա ազդելու՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը չի անդամակցում Ռուսաստանի գլխավորությամբ գործող գլխավոր կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Երբ ռուս խաղաղապահները գտնվում էին Արցախում, այդ հանգամանքը Մոսկվային լուրջ հնարավորություն էր տալիս Բաքվի վրա իր ազդեցությունն օգտագործելու հարցում։ Բայց Արցախի օկուպացիայից ու խաղաղապահների հեռանալուց հետո այդ լծակն իր ուժը կորցրեց։ Դեռ ավելին, մի շարք ուղղություններով Ռուսաստանն է կախված Ադրբեջանից։ Օրինակ՝ տվյալներ են հրապարակվում այն մասին, որ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ հայտնվում է Եվրոպայում։ Այս պայմաններում Բաքվի հավակնություններն ավելի են աճում, որը դրսևորվում է նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությամբ և հավակնություններով։ Ու չպետք է մոռանալ, որ միայն Հարավային Կովկասի միակ ռուսական ռազմաբազան Հայաստանում է, և Հայաստանն է, որ կարող է լինել Ռուսաստանի տարածաշրջանային հենարանը՝ չնայած տարածվող այն լուրերին, թե իբր Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։

Այսինքն, եթե Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Հայաստանում, ապա այդ իրողությունը կարող է հանգեցնել նաև Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալուն։ Ներկայում Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազի ուղղությամբ։ Բայց Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական գործոնի անտեսումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Իսկ Սիրիայում տեղի ունեցածը Մոսկվան պետք է իր աչքի առաջ ունենա, երբ Թուրքիայի աջակցությամբ ապստամբներն այդ երկրում վերցրին իշխանությունը՝ տապալելով Ասադին, ինչի արդյունքում էլ այսօր արդեն խոսվում է Սիրիայի ռուսական ռազմաբազաները թուրքականով փոխարինելու մասին։

Ու բացառված չէ, որ թուրքադրբեջանական օրակարգի առաջմղման ու Հայաստանի նկատմամբ ճնշումների հետևանքով մի օր էլ Հայաստանը հայտնվի թուրքական ազդեցության տակ, ու կոնկրետ դրվի ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Թեպետ պետք է նկատի ունենալ նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման պարագայում մի օր էլ Ռուսաստանն արդեն լուրջ խնդիրների առաջ է կանգնելու՝ արդեն կապված Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հետ։

Պատահական չէ, որ երբ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա ադրբեջանական պրոպագանդան Ռուսաստանի դեմ աշխատում է այն մոտիվներով, ինչպես գործում է Հայաստանի դեմ։ Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվականներում նշվում է, թե Ռուսաստանը իրենցից խլել է ադրբեջանական «պատմական հողերը», որոնց վրա իրենք ապրել են «հազարամյակներ» շարունակ։ Ադրբեջանը մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ, քանի որ Ալիևը դժգոհ է, որ Ռուսաստանը չի պատժել մեղավորներին ու փոխհատուցում չի տրամադրել։ Այս համատեքստում Բաքուն ոչ միայն հոխորտում է Ռուսաստանի ուղղությամբ, այլև այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարում են, թե պատրաստվում են դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը։ Ադրբեջանական հեռուստաալիքներում էլ ռեպորտաժ էր գնացել, որում նշվում էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։ Ադրբեջանական կողմը հակառուսական քարոզչության համար օգտագործում է նաև այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս:

Թերևս ուշացած, սակայն ռուսական կողմն էլ իր հերթին սկսել է փաղաքշելուց անցնել Ադրբեջանին ատամ ցույց տալուն։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արդեն բացահայտ զգուշացնում են, որ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։ Բայց ռուսաստանցի շատ փորձագետներ կարծում են, որ պետք է ավելի արագ գործել և Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, քանի դեռ իրավիճակը չի հասել ծայրահեղի։ Նման սցենարը կանխելու համար Ռուսաստանը պետք է համագործակցի հայկական կողմի հետ և ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանին։ Թերևս ԱՄՆ նորանշանակ նախագահ Թրամփի նախաձեռնության պարագայում առաջիկայում հնարավոր է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կանգնեն։ Արդեն Մոսկվան կկարողանա ժամանակ տրամադրել Հարավային Կովկասով զբաղվելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»
Ամենաընթերցվածները