Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը բազմազան մեխանիզմներ է ստեղծել տարբեր խնդիրներ լուծելու, համագործակցության ձևաչափեր ստեղծելու և միջազգային հարաբերություններում գործող սուբյեկտների վարքագիծը կարգավորելու նպատակով։

Ճիշտ է՝ խոշոր խաղացողները իրենց ձեռքում լծակ են դարձնում միջազգային իրավունքն ու միջազգային կառույցների շրջանակներում ստեղծված մեխանիզմները, սակայն այդ նույն մեխանիզմներից կարող են օգտվել նաև փոքր պետությունները։ Ու շատ կարևոր է, թե ինչ միջազգային գործիքներ են գործի դրվում, քանի որ միջազգային մեխանիզմների կիրարկման որոշ ճյուղեր կարող են երկակի նշանակություն ունենալ՝ մի դեպքում շատ արդյունավետ կիրառվել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։

Միևնույն ժամանակ, անհնար է հաշվի չառնել, թե այդ մեխանիզմների կիրառումն ինչպիսի արձագանք կարող է գտնել նաև միջազգային այլ սուբյեկտների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է միջազգային արդարադատության մեխանիզմներին՝ մասնավորապես Միջազգային քրեական դատարանին։ Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ այն առաջին մշտական դատարանն է, որը հնարավորություն ունի անհատներին դատելու միջազգային հանցագործությունների համար։ Իսկ սա ստեղծում է մի մեխանիզմ, որի միջոցով բռնապետները, ռազմական հանցագործները կամ այլ միջազգային հանցագործներ կարող են կանգնել արդարադատության առջև։

Դատարանն ունի մի շարք հաջողված գործեր՝ հատկապես աֆրիկյան որոշ ռազմական հանցագործների նկատմամբ արդարադատության իրականացման հարցում, որոնք ցույց են տալիս, որ դատարանն ի զորու է դատական պատասխանատվության ենթարկել ազդեցիկ անձանց։ Բայց մյուս կողմից էլ՝ կան չհաջողված փորձեր։ Երբ 2015 թվականին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր տվեց Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի համար, մի շարք երկրներ, որոնք անդամակցում էին դատարանին, հրաժարվեցին ձերբակալել նրան՝ նույնիսկ իրենց տարածքում գտնվելու ժամանակ։ Այսինքն՝ դատարանը կախված է անդամ պետությունների քաղաքական կամքից, քանի որ չունի սեփական իրավապահ ուժեր՝ մեղադրյալներին ձերբակալելու համար։ Մյուս կողմից էլ՝ դատարանի աշխատանքն անարդյունավետ է դառնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գերտերությունները՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, չեն ընդունում դատարանի իրավազորությունը։

Այնուամենայնիվ, դատարանի աշխատանքի ձախողված փորձերը դեռևս չեն նշանակում, թե միջազգային արդարադատության մեխանիզմը չի կարող որոշ դեպքերում արդյունավետորեն գործել։ Հենց դա էր պատճառը, որ 2023 թվականին Հայաստանում որոշում ընդունվեց միանալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը՝ Հռոմի ստատուտին։ Ու ՀՀ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ Հռոմի ստատուտը պետք է ամբողջությամբ վավերացվի, քանի որ Հայաստանի դեմ հանցագործություններ են իրագործվել, և դրանով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն է բացվում։ Այլ կերպ ասած՝ Հռոմի ստատուտին միանալով՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի դեմ կոնրետ միջազգային հանցագործությունների մասով հայցադիմումներ ներկայացնել։ Բայց զարմանալին այն է, որ մինչև հիմա Հայաստանը որևէ հայց չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան։

Լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը այս երկու տարվա ընթացքում անգամ մեկ հայց չի ներկայացրել, երբ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների մասին փաստերն ուղղակի աղաղակող են։ Սրանով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, թե երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Հայաստանը պատրաստ է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից։

Նախ՝ եթե Հայաստանը հրաժարվի հայցերից, ապա գործ կունենանք ոչ միայն Բաքվի համար կատարված հերթական զիջման հետ, այլ հանցագործությունը թաքցնելու արատավոր երևույթի հետ, որը նույնպես հանցագործություն է։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը հրաժարվի դատական հայցերից, երբ Բաքվում գերու կարգավիճակում ոչ միայն պահում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, այլև այդ մարդկանց նկատմամբ շինծու մեղադրանքներ են ներկայացվել ու դատական գործընթաց է սկսվել, որը վերածվում է շոուի։

Կամ՝ եթե Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտներ հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից, ապա, ի վերջո, ի՞նչ նպատակի էր ծառայում Հռոմի ստատուտի վավերացումը։ Տպավորություն է, որ այն ՀՀ իշխանությունների հերթական չմտածված քա՞յլն էր։ Չէ որ Միջազգային քրեական դատարանին միանալու արդյունքում էական լարվածություն է մտցվել հայռուսական հարաբերություններում։

Մյուս կողմից էլ՝ երբ Ադրբեջանին տրամադրվող իսրայելական աջակցությունը կտրելու հարց կա, դրանով նոր խնդիրներ են առաջանում հայիսրայելական հարաբերություններում։ Չհաշված, որ ԱՄՆ նոր վարչակազմն էլ շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ, և Թրամփն անգամ պատժամիջոցներ է սահմանել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար
Ամենաընթերցվածները