«Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը հայտնվել է «անտերի» կարգավիճակում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբն այս տարիների ընթացքում, իբր բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելով, փոխանակ դիվերսիֆիկացնեին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ փոխլրացնեին եղած հարաբերությունները աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հիմնական կենտրոնների հետ այլ հարաբերություններով և փորձեին դրա հաշվին ամրապնդել երկրի անվտանգային համակարգը, որը տարբեր բաղադրիչներ ունի, համադրեին տարբեր շահերը, ըստ էության, համադրել են արտաքին քաղաքական վտանգները, բացասական ազդեցությունները»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ընդգծում է՝ այս ամենը կոնստրուկտիվ համադրելու փոխարեն ստացել ենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոնների մրցակցության ասպարեզ Հայաստանում: «Բազմիցս ասվել է, որ Հայաստանը գնացել է սիրիացման ճանապարհով, իսկ հայ-ադրբեջանական, հայթուրքական հարաբերությունների արդյունքում Հայաստանն, ըստ էության, արդեն իսկ երկրի կիպրոսացման տարբերակի առջև է: Կիպրոսում կան հունական և թուրքական մասեր, հիմա Հայաստանը կանգնած է այդ վտանգի առջև: Այսօրվա Հայաստանի սուվերեն տարածքում կարող է լինել, ասենք, ադրբեջանական Հայաստան և նոմինալ Հայաստան: Քաղաքականությունը, որը վարել է Հայաստանի իշխանությունը, ոչ թե համադրել և մոտեցրել է աշխարհաքաղաքական ուժերի շահերը, այլ աշխարհաքաղաքական բոլոր ուժային կենտրոններից Հայաստանը հեռացել է: Օրինակ՝ կորցնելով Ռուսաստանին որպես ռազմավարական դաշնակից, այդպես էլ չի կարողացել գետնի վրա ռազմավարական գործընկերություն ունենալ Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Չինաստանի հետ: Իրանի հետ հարաբերությունները ծայրահեղ ցածր մակարդակի վրա են: Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը հայտնվել է «անտերի» կարգավիճակում:

ԱՄՆ-ի նախորդ վարչակազմ ինչ-որ չափով գոնե հետաքրքրված էր տարածաշրջանով, մասնավորաբար՝ Հայաստանով: Այն իրեն դիրքավորել էր որպես հակառուսականության ֆորպոստ: Այդ առումով Հայաստանին որպես բութ գործիք փորձում էին օգտագործել թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպական միությունը: Նիկոլ Փաշինյանը խաղալու ինչ-որ տեղ ուներ արտաքին քաղաքական ասպարեզում: Թրամփի վարչակազմի գալուց հետո պատկերը կտրուկ փոխվեց, այն իր արտաքին քաղաքական և ամենակարևորը՝ աշխարհընկալման և գաղափարախոսության առումով կտրուկ տարբերվում է նախորդ գլոբալիստական վարչախմբից: Ավելի պահպանողական է, իր համար կարևոր է Միացյալ Նահանգների շահը»,նշում է մեր զրուցակիցը:

Տարատեսակ քննարկումների կենտրոնում հայտնվեց Փաշինյանի այցը Վաշինգտոն: Ըստ Հակոբյանի, այդ այցով նա նպատակ ուներ հասկանալու՝ ԱՄՆ-ի նոր վարչախումբն ի՞նչ հետաքրքրություններ ունի մեր տարածաշրջանում և, մասնավորաբար, Հայաստանի հետ կապված: «Իսկ ամենակարևորը՝ ինչպե՞ս է վերաբերվում գլոբալիստական ուժերին սպասարկող Փաշինյանին և նրա խմբակին: Այցն ուներ ավելի շատ հետախուզական, ինչոր բան հասկանալու, նոր հենարաններ որոնելու խնդիր: Տեսանք հանդիպումների մակարդակը և ԱՄՆ իշխանությունների կողմից թե՛ անձնական, թե՛ միջպետական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի և այսօրվա Հայաստանի հանդեպ: Հասկանալի էր, որ նրա այցը «հում» էր, չնախապատրաստված: Վաշինգտոն մեկնելու պատրվակը Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին մասնակցելն էր, բայց իրեն նույնիսկ սեղանին մոտ չեն թողել: Կամ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ հանդիպումը, որն արձանագրվել է միայն մեկ լուսանկարով: Տեսագրություն չկար ընդհանրապես: Նման բան չի լինում: Ցանկացած բարձր մակարդակի հանդիպում ունի պրոտոկոլ: Նման բազմաթիվ հանդիպումներ տեսել ենք նախորդ բոլոր իշխանությունների օրոք:

Ամենաինտրիգային հարցն էր, թե, ի վերջո, ո՞վ է այդ լուսանկարի հեղինակը: Միջանցքո՞վ էր մեկն անցնում, նրան խնդրեցին լուսանկարել, թե՞ Վենսի քարտուղարուհին էր նկարողը, գուցե Մակո՞ւնցը, եթե, իհարկե, ներկա է եղել, թե՞ այլ երկրի ներկայացուցիչ, որը միջնորդել է, որ գոնե այդ նկարը լինի: Այդ հանդիպումը որևէ տեղ արձանագրված չէ՝ Սպիտակ տան հաղորդագրություններում, Վենսի անձնական էջերում, միջազգային մամուլի էջերում որևէ հիշատակում այդ հանդիպման մասին չկա: Այդ նկարն ունի միայն Նիկոլ Փաշինյանը և երևի այն մարդը, որը հեռախոսով նկարել էր Փաշինյանին և Վենսին»,-հավելում է նա:

Քաղտեխնոլոգը շեշտում է՝ ակնհայտ է, որ ընթացքում էլ են փորձել ինչ-որ բարձր մակարդակի, բովանդակալից հանդիպում կազմակերպել, բայց չի ստացվել: «Նիկոլ Փաշինյանի մեսիջներն այն աստիճանի անհետաքրքիր են եղել, որ դա չի ազդել ԱՄՆ-ի բարձրաստիճան և որոշում ընդունող անձանց տրամադրությունների վրա, և նրան չեն արժանացրել պետական լուրջ ուշադրության: Այցը ձախողված էր, դրանով փորձում էր տրամադրություններ ստուգել և հասկանալ՝ ռազմավարական գործընկերության մասին ստորագրված կանոնադրությունը կյանքի կոչվելո՞ւ է: Այդ փաստաթուղթը ստորագրվեց նախորդ վարչախմբի գնալուց հինգ պակաս, այն ժամանակ հայտարարվեց, որ մոտակա ժամանակաշրջանում պատվիրակություն է գալու Հայաստան: Այդ կանոնադրությունն իբր պետք է միս ու արյուն ստանար: Բայց անցել է մոտ մեկ ամիս, որևէ մեկն այստեղ չի եկել, այդ թուղթը հիմա գուցե Սպիտակ տան կամ Պետդեպարտամենտի պահակի սեղանի դարակում է: Իմպլեմենտացիայի տեսակետից, կարծես թե, օրակարգային չէ ԱՄՆ-ի համար: Այսպիսով՝ նա Ռուսաստանում այլևս տեր, գարանտներ չունի ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև իր և իր ընտանիքի անձնական անվտանգության երաշխիքների առումով: ԱՄՆ-ի այսօրվա վարչակազմն այս պահի դրությամբ որևէ հետաքրքրություն չունի Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթանալու և զրուցելու տեսանկյունից: Ի՞նչ արեց Փաշինյանը: ԱՄՆ-ից վերադարձավ Երևան, չստացված շոու կազմակերպեց, 7 համարի ավտոբուսն է նստում, 11 համարից իջնում, ու մեկ էլ հանկարծ մեկնեց Ֆրանսիա: Սա նախապես հայտարարված այց չէր: Ուզում էր հասկանալ, թե ԵՄ-ի հետ ի՞նչ հեռանկար ունի, որովհետև ԵՄ-ն էլ է փոխվել Թրամփի գալով: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ԵՄ-ն թուլացել է որպես աշխարհաքաղաքական բևեռ՝ հայտնվելով ամենահետին պլանում: ԵՄ բազային երկրները ծանր տնտեսական և քաղաքական ճգնաժամերի մեջ են: Փաշինյանը մեկնեց Ֆրանսիա՝ հասկանալու, թե ինչ-որ մեկն իրեն տեր լինելո՞ւ է: Ընդ որում՝ իրեն հետաքրքրում է՝ նրանք իրական միջնորդ կհանդիսանա՞ն, որպեսզի Թուրքիան և անձամբ Էրդողանը դառնա նրա «գարանտը»: Մյուս կողմից տեսնում է, որ Էրդողանն էլ իրեն մոտ չի թողնում, ակնարկում է՝ երբ Ադրբեջանի հետ հարցերդ կլուծես, այն ժամանակ կգամ, կնիքը կդնեմ: Դրա համար նա ամենուր միջնորդ է փնտրում Էրդողանի հետ հարաբերություններն էական ու արդյունավետ դարձնելու համար: Փաշինյանը մեկնեց Ֆրանսիա այն բանից հետո, երբ Մակրոնը զրուցել էր Էրդողանի հետ, քննարկել էին Մերձավոր Արևելքի հարցերը: Վստահ եմ, որ զրույց է եղել նաև Կովկասի մասով»,-ասում է Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի բոլոր այցերի իմաստն աշխարհաքաղաքական սեփական «անտերության» հարցը լուծելն է. «Իր համար դա ունի կենսական նշանակություն: 2018 թվականին իշխանության է եկել, իսկ 2021 թվականին պահվել է աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում: Աշխարհաքաղաքական առումով նա դեռ բոլորին պետք էր: Հիմա՝ ԱՄՆ-ում փոփոխություններից հետո, ռուսամերիկյան ավելի կառուցողական հարաբերությունների ֆոնին և ԵՄ-ի ծայրահեղ թուլության և ԱՄՆ-ի հետ պրոբլեմների պարագայում, այդ մասով կասկածներ ունի: Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն նախընտրում են իր հետ խոսել ուրիշների միջոցով»:

Մեր զրուցակիցը նշում է՝ հիմա մեր երկրի ներսում մի իրավիճակ է ստեղծվել, երբ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրը ոչ թե ընդդիմությունը և նույնիսկ ժողովուրդն են, այլ երկրի վիճակն ու երկրի շուրջ սպասվող ծանր հեռանկարները: «Երկրի ներսում ինքը բավականին թույլ վիճակում է: Ամեն օր ինչոր շոուներով է զբաղված՝ գրառումներ սոցիալական ցանցերում, հարցազրույցներ, ասուլիս և այսպես շարունակ: Փորձում է ամեն կերպ լցնել եթերը և առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կոտրել մթնոլորտը: Հասկանում է՝ ռեյտինգներն էլ են ցույց տալիս, որ երկրում կուտակվել է հսկայական նեգատիվ էներգիա, և նման իրավիճակում հասարակությունն, իբր պասիվություն դրսևորելով, առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում դժգոհության քվե կտա իշխանությանը: Շատ լավ հասկանում է, որ տարբեր շերտերի ընդդիմության ձայները բավարար չեն, որ այն հաղթի, բայց իր ձայներն էլ թույլ չեն տալու, որ նա հաղթի: Հարցումների համաձայն, եթե վաղը լինեն ընտրություններ, ապա կստանանք հատվածային խորհրդարան, որտեղ որևէ մեկն ինքնուրույն չի ունենալու պարզ մեծամասնություն: Կոալիցիայի ձևավորման խնդիր է առաջանում, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շատ քիչ պոտենցիալ դաշնակից կարող է ունենալ: Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունն ինձ հիշեցնում է սպամ, երբ էլեկտրոնային փոստիդ անընդհատ նույն տեղից նամակներ ես ստանում, չես բացում այն, էլեկտրոնային հասցեդ այդ նամակներն ուղարկում է սպամ թղթապանակի մեջ: Հիմա իր ելույթները, հարցազրույցները սպամային էֆեկտ ունեն: Ուղիղ եթերների դիտելիությունը նվազել է տասնյակ անգամներով: Իր գործոնն այլևս ի վիճակի չէ երկրում տրամադրություն փոխել»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասին Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասին Ֆիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ» Դժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան Ռոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարով «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը Նշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակը Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Դուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները