Nissan-ը, Honda-ն և Mitsubishi-ն պաշտոնապես հայտարարել են միաձուլման բանակցությունները դադարեցնելու մասին


Փետրվարի 13-ին, ճապոնական Nissan, Honda և Mitsubishi ավտոարտադրողները պաշտոնապես հայտարարել են միաձուլման բանակցությունները դադարեցնելու մասին։ Այսպիսով, ընկերությունները հաստատել են բանակցությունների ձախողման մասին նախկինում տարածված ոչ պաշտոնական տեղեկությունը։
Այսօր ընկերությունները պարզաբանել են, որ շարունակելու են համագործակցել էլեկտրամոբիլների մշակման և արտադրության ոլորտում, դա տեղի կունենա անցած տարվա օգոստոսի 1-ին ստորագրված հատուկ գործընկերության համաձայնագրի շրջանակնում։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, միաձուլման բանակցությունների ձախողման պատճառները կարող էին լինել երեք կոնցեռնների կորպորատիվ կառավարման կառուցվածքների չափազանց էական տարբերությունները, ինչպես նաև ապագա միացված ընկերության կառուցվածքի հետ կապված տարաձայնությունները: Ըստ տեղեկությունների՝ Honda-ն ցանկանում էր նոր ընկերությունում Nissan-ը դարձնել ընդամենը ստորաբաժանում, ինչին Nissan-ը պատրաստ չէր:
Nissan-ի, Honda-ի և Mitsubishi-ի՝ բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո թայվանական Foxconn ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Nissan-ի բաժնետոմսերը: Այսպիսով, Foxconn-ը ճապոնական ավտոարտադրողին կտրամադրի ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցներ։