Ինչո՞ւ և ե՞րբ սկսվեցին խոսակցությունները կոնկրետ նոր Սահմանադրության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության թեմայի խմորն սկսել է ավելի ու ավելի շատ «ջուր քաշել»: Բայց մինչ փոփոխությունների թեմային անդրադառնալը եկեք չալարենք և, ինչպես ասում են, հատիկը զատենք որոմից:

Նախ՝ հակիրճ «պատմական էքսկուրս»: Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով: Հետագայում ՀՀ Սահմանադրությունը երկու անգամ, հասկանալի է, նույնպես հանրաքվեներով, ենթարկվել է փոփոխությունների. ա) 2005 թվականին, երբ նախագահական կառավարման մոդելը փոխարինվեց կիսանախագահականով՝ ԱԺ դերի մեծացմամբ, բ) 2015 թվականին, երբ կիսանախագահական կառավարման մոդելը փոխարինվեց խորհրդարանականով, կատարվեցին մի շարք այլ փոփոխություններ՝ պետական տարբեր կառույցների սահմանադրականացման հետ կապված (ՄԻՊ, ԲԴԽ և այլն): Այսինքն, մինչև օրս գործում է 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը՝ 2005 և 2015 թթ. կատարված փոփոխություններով:

Փաշինյանն ինքը ժամանակին հայտարարում էր, թե 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է»: Բայց դա չխանգարեց, որ Փաշինյանը իրեն ոչ միայն չափազանց հարմարավետ զգա ոչ իր համար «կարված կոստյումով», այլև ժամանակ առ ժամանակ ուզուրպացնի պետական իշխանությունը, օրինակ՝ խորհրդարանի վրա գրոհ նախաձեռնելով (2018 թ. հոկտեմբեր), դատարանների վրա հարձակվելով (2019 թ. մայիս), ոտնահարելով Սահմանադրության բազմաթիվ պահանջներ, այդ թվում՝ պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխան տարածքի փոփոխության հետ կապված (այսպես կոչված՝ «սահմանազատում»): Բայց հիմա բուն հարցն այլ է:

Իսկ հարցն այդ այն է, որ երբ Փաշինյանն օրերս հանրայնացրեց տարբեր տարիների իր վիճելի ֆեյսբուքյան «փիլիսոփայական» գրառումներից հյուսված աջաբսանդալը՝ «գաղափարախոսական ուղերձը», շատ փորձագետներ միաբերան ու անվարան ընդգծեցին, որ նա պարզապես կատարում է ՀՀ գործող Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի պահանջը: Մեր մեջ ասած, դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավելյալ հիմնավորումների կարիք չունի:

Բայց Փաշինյանի «կռուտիտային» քարոզիչները շրջանառության մեջ դրեցին մի զգլխիչ «թեզ», թե Փաշինյանը դեռ շատ ավելի վաղ, օրինակ՝ 2019 թվականին էր խոսում Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին, անգամ փոփոխություններ նախապատրաստելու հանձնաժողով էին ձևավորում, հետո անգամ հանրաքվեի պատրաստություն էին տեսնում (նույնիսկ բուկլետներ էին տպել), բայց «կովիդի» համաճարակն ու 2020-ի աղետաբեր պատերազմը խանգարեցին այդ մտահղացումների իրականացմանը: Ուստի, հիմա են վերադարձել 5-6 տարի առաջվա մտքերին: Ասել կուզի՝ դա իրենց վաղեմի վարդագույն երազանքն էր, ու իրենք Ալիևի հրամանները չեն կատարում:

Սակայն այս զուտ քարոզչական թեզը պարզապես չի դիմանում քննադատության. այն պարզունակ մանիպուլ յացիա է: Եվ ահա թե որտեղ է թաղված «շան գլուխը»:

Այո, նախկինում, նախքան պատերազմը, Փաշինյանն ու ՔՊ-ն իսկապես խոսում էին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին ու, այո, դրան ուղղված պատրաստություններ էլ էին տեսնում: Բայց: Կրկնում ենք՝ խոսքը բացառապես որոշակի փոփոխությունների մասին է: Հիմա թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ՔՊ-ն խոսում են լրիվ նոր Սահմանադրություն գրելու և ընդունելու մասին: Իսկ դա էապես այլ բան է, քան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը: Այսինքն, Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են չեղարկել, «ջրել», ոչնչացնել գործող Սահմանադրությունը և ընդունել բոլորովին այլ կամ լրիվ նոր, իսկ այդ «նախաձեռնության» ուղղորդողի պարագան նկատի ունենալով՝ «թափ-թազա» Սահմանադրություն:

Սա՛ է խնդիրը: Ավելին, այստեղ կա նաև ուրիշ շատ կարևոր նրբություն, թե ինչու չի կարող աշխատել փոփոխությունների տարբերակը, և ինչու է նոր Սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջ: Բանն այն է, որ գործող Սահմանադրության նախաբանը հղում է անում Հայաստանի Հանրապետության ձևավորման հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին, որն արտացոլում է և՛ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և՛ ՀՀ-ի՝ զինված ուժեր ունենալու սուվերեն իրավունքը:

Իսկ Սահմանադրության նախաբանը, հղումով հանդերձ, անփոփոխելի է: Նմանապես անփոփոխելի են Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և այդ իմպերատիվը սահմանող 203-րդ հոդվածները: Այսինքն, զուտ փոփոխություններով նշյալ թեզերը հանել հնարավոր չէր:

Ուրեմն, ինչպե՞ս անել, որ և՛ իրենց «կիրթ ու կառուցողական» Ալիևի պահանջը կատարեն, և՛ շրջանցեն այդ անշրջանցելի թվացող իմպերատիվ նորմերը: Շատ պարզ, եթե ոչ՝ պարզունակ. վերցնել և ընդհանրապես հեչ անել գործող Սահմանադրությունը ու տեղն ընդունել լրիվ նորը: Հենց դա անելու ցրցամն էլ տալիս էր Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, չկա հին Սահմանադրությունը, չկա և իր նախաբանը՝ Անկախության հռչակագրին հղումով ու անփոփոխելի հոդվածներով: Ընդսմին. Սահմանադրության մեջ փոփոխություններ անելը մեկ բան է, իսկ զրոյից լրիվ նոր Սահմանադրություն գրելն ու ընդունելը՝ բոլորովին այլ բան:

Իսկ «նոր Սահմանադրության» մասին Փաշինյանն ու նրա ՔՊ-ն սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ Ալիևը նման պահանջ առաջ քաշեց: Այնպես որ, մնացյալը սովորական «մուտիտներ» ու մանիպուլ յացիաներ են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները