«Եթե սպանդանոցները չեն դառնալու անվտանգության ապահովման ցիկլի մասնիկ, նշանակում է՝ ընդամենը «թիթիզ» մորթ ենք իրականացնում և ոչ թե լուծում անվտանգության խնդիրներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպանդանոցներում պարտադիր մորթի թեման ի սկզբանե բուռն ընդունվեց: Մարդիկ տարակուսում էին՝ մարզերում սպանդանոցներ չկան, հետո դրանց քանակը քիչ էր, ստիպված են երկար ճանապարհ կտրել՝ մինչև իրենց մարզում առկա սպանդանոցներին հասնելը, իսկ դա ավելորդ բարդությունների է հանգեցնում, այդ թվում՝ կենդանին կարող է քաշ կորցնել: Պետք է անկեղծ լինել. սպանդանոցներում մորթ իրականացնելու պարտադիր պայմանն ընդունելի է առողջապահական տեսանկյունից, սակայն ինչպես բոլոր հարցերում, այս անգամ ևս գործադիրն օրենքը կիրառության մեջ դրեց՝ առանց համապատասխան պայմաններ ապահովելու, ինչն էլ հարուցեց մարդկանց զայրույթը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ պետությունն ինչպես ցանկացած, այնպես էլ այս դեպքում պետք է այնպիսի քաղաքականություն մշակի, որից գոհ լինեն բոլոր կողմերը:

«Պե՞տք է, որ ամբողջ երկրի տարածքով մեկ մորթն իրականացվի սպանդանոցներում և լինի սպանդանոցային ծագման: Անխոս, պետք է: Որևէ մեկը հակառակը չի ասում: Որպես պետություն՝ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու ապահովմանն ուղղված գործընթաց կազմակերպո՞ւմ ենք, թե՞ չենք կազմակերպում: Ոչ, չենք կազմակերպում: Կառավարությունն ասում է՝ տարբեր ծրագրեր ենք իրականացնում, շարժական սպանդանոցների ծրագրեր ենք իրականացնում և այլն: Առաջին հայացքից, եթե ոչ մասնագիտական, փորձագիտական աչքով նայես, կասես, իհարկե, ծրագրերն արեցին: Բայց սպանդանոցների պարագայում էլ գործ ունենք սխալ կառավարման հետ: Ունենք մարզեր, որտեղ արդեն կառուցված են սպանդանոցներ: Երբ այս մարզերում շարունակում ես շարժական սպանդանոցներ ֆինանսավորել, անուղղակի վնասում ես կառուցված սպանդանոցներին: Այն մարզերում, որտեղ սպանդանոց չկա, իրական քայլ չես անում, որովհետև մեկ կամ երկու շարժական սպանդանոցն այդ մարզերը չի ապահովելու: Այն բանից հետո, երբ պետությունը կհասկանար, թե որտեղ ենթակառուցվածք ունի և որտեղ ենթակառուցվածք չունի, շարժական սպանդանոցների ֆինանսավորման, աջակցման հարցը պետք է դիտարկեր այն մարզերում, որտեղ կա խնդիր: Այն մարզերում, որտեղ խնդիր չկա, ֆինանսավորելով, «զոռով» խնդիր է ստեղծելու: Պետք է հասկանանք մեկ բան, թե ինչ խնդրի է բախվում գյուղացին այսօր՝ սկսած տեղափոխումից: Սպանդանոցները ենթակառուցվածքներ են, որոնք տարբեր հիվանդությունների ժամանակ պետք է ունենան սանիտարական մորթի օրեր: Օրինակ՝ երկիրն ունի բրուցելոզի մեծ քանակությամբ դեպքեր, վերջին օրերին մարզերում լաբորատորիաների փակման շուրջ աղմուկ կա: Երբ վերահսկողություն չես իրականացնում ու սպանդանոցին ասում ես՝ սանիտարական մորթ իրականացրու, նա էլ ասում է՝ ինչո՞ւ պետք է անեմ, ձեզ համար հիվանդությունը սպանդանոց «բերեմ», դեռ մի բան էլ կրկնակի ախտահանություն անեմ, ինձ վրա դա ավելի թանկ է արժենալու: Այսինքն՝ պետությունը գործիքակազմեր, աջակցման իրական մեխանիզմներ չունի, որ սպանդանոցին ասի՝ մեկ գառը մորթում էիր պայմանական 1000 կամ 5000 դրամով, սանիտարական մորթի օրը պետությունը քեզ կվճարի ոչ թե 5000, այլ 7000 դրամ, որովհետև հետո պետք է սպանդանոցը լավ ախտահանես, գումարած դրան՝ քանի որ ինտենսիվ մորթի սեզոն չէ, պարապ չես լինի, սպանդանոցդ մի փակի, կապահովենք քո մորթը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀԿ-ի նախագահը:

Ընդգծում է՝ սա մեկ ամբողջ շղթա է, որտեղ մեկն առանց մյուսի չի աշխատում: «Եթե սպանդանոցները չեն դառնալու ենթակառուցվածքի մաս և չեն դառնալու անվտանգության ապահովման ցիկլի մասնիկ, դա նշանակում է, որ ընդամենը «թիթիզ» մորթ ենք իրականացնում և ոչ թե լուծում անվտանգության խնդիրներ։ Որոշումները կայացվում են կաբինետներում և ոչ թե հողի վրա: Գյուղացուն պետք է ասել, օրինակ՝ եթե անհրաժեշտ լինի, պետք է լուծես կենդանու տեղափոխման հարց, մյուս կողմից՝ պետք է տեղափոխման ապահովման մեխանիզմ ունենաս: Եթե պետությունն աջակցման ճիշտ մեխանիզմներ չներդնի, չեն ստեղծվելու այդ ենթակառուցվածքները: Ավելին՝ այն, ինչ ստեղծվում է, և բիզնեսն էլ ներդրում է կատարում, դա էլ է քանդվելու, որովհետև որոշումները մտածված չեն: Մարդիկ, որոնք պետք է դառնան աջակցող օղակ, դառնալու են խոչընդոտող օղակ: Պետք է աջակցման, մեկը մյուսի հետ փոխգործակցությամբ, նաև իներցիայով լուծումներ մշակի պետությունը: Այսինքն՝ ստեղծես այնպիսի համակարգ, որը կհրես, հետո ինքն իրեն կգնա: Իսկ եթե ստեղծում ես այնպիսի համակարգ, որը պետք է անընդհատ հրես, նա, միևնույնն է, առաջ չի գնալու: Գյուղատնտեսության մեջ հավերժ աջակցություն չի լինում։ Երբ ժամանակին ամեն կարկուտից հետո փոխհատուցում էին տալիս, միշտ ասում էինք՝ այդ փոխհատուցումը պետք է տան, որովհետև գործ չեն անում: Պետությունը կարող էր շատ գումար չունենալ, որպեսզի մեկ տարում բոլոր գյուղատնտեսական հողերը պաշտպաներ կարկուտից, «թողներ» կարկտապաշտպան ցանցի տակ, բայց եթե փոխհատուցման գումարների գոնե մի մասն էլ մասհանում աներ այս գործն անելու համար, այդ խնդիրը կլուծեր: Այսինքն՝ աջակցել այնքան, մինչև ստանաս մրցունակ ապրանք: Բայց եթե գիտես, որ շարունակ աջակցում ես, բայց, միևնույնն է, վերջում մրցունակ չի լինելու, նման աջակցություններ հարկավոր չեն: Դա գումարի վատնում է: Երբ մարդը գնում է հետազոտվելու, և նրա մոտ արձանագրում են խնդիր, հետազոտությունից հետո պետք է ստանա բուժում: Եթե բուժում չի ստանում, ևս մեկ տարի հետո փող տալն ու հետազոտվելն անիմաստ բան է, որովհետև հիվանդությունը բուժելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արել, ավելին՝ խնդիրը խորացել է: Այսօր ավելի շատ գումար ենք ծախսում պրոբլեմներն արձանագրելու, քան դրանք լուծելու ուղղությամբ: Հենց գումար ծախսենք պրոբլեմները լուծելու և ոչ թե պարզապես արձանագրելու ուղղությամբ, կունենանք ոչ այսպիսի իրավիճակ: Ինչո՞ւ ենք անում այսպես, որովհետև պետությունը կարողանում է աշխատանքի իմիտացիա ստեղծել, ասում է՝ եթե չաշխատեինք, որտեղի՞ց կիմանայինք, որ նման խնդիրներ ունենք: Իրենց գործը ոչ թե այդ խնդիրներն արձանագրելն է, այլ լուծելը»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»
Ամենաընթերցվածները