Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ է արծարծվում այն, թե ինչ նոր պահանջներ է դնում (կամ դնելու) Ադրբեջանը Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ու հայության առաջ: Այդ պահանջաշարը, որի վերջը, բնականաբար, չի երևում ու չի երևալու, պարունակում է, օրինակ՝ այսպիսի կետեր. Սահմանադրության փոփոխություն, Հայաստանի ապառազմականացում, պարզ ասած՝ զինաթափում և բանակի, ընդհանրապես, զինված ուժերի լուծարում: Էլ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Փաշինյանից ու ՔՊ-ից: Պահանջում է, որ վերջ տրվի Արցախի ազատամարտի մասնակիցների հերոսացմանը, որ ազատամարտի մասնակիցները ձերբակալվեն ու փոխանցվեն Բաքվին՝ դատաստանի ենթարկվելու համար: Ըստ առնվազն ադրբեջանական լրատվամիջոցների պարզ «մոնիթորինգի», պահանջում է (կամ պահանջելու է), որ մերժվեն ազգային կառույցները, առհասարակ՝ Հայաստանի, հայության պատմությանը, մշակույթին, հայության հավատին ու ինքնությանը առնչվող հաստատությունները, ինստիտուտները:

Կրկնենք՝ շարքը չափազանց երկար է ու շարունակական, քանի դեռ իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որոնք ադրբեջանաթուրքական տանդեմի համար երկնքից գլխներին թափված «մանանա» են:

Մի տեսակ արդեն ավելորդ էլ է թվում ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պատրաստ են անշեղորեն կատարել թշնամիների պահանջները: «Համարձակ զիջումներ» անում են ու հպարտանում, չէ՞: Երեկ էլ Նիկոլը նույնիսկ հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Մի տեսակ միակողմանի ստորագրման պատրաստակամության է նման, այնպես չէ՞: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այստեղ ավելի հետաքրքիր շերտեր կան:

Իսկ ի՞նչ է, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու ՔՊ-ն ուրիշ բա՞ն էին անում, ուրիշ բանո՞վ էին զբաղված: Իհարկե, ոչ: Անում էին այն ամենը, ինչ փաստացի պահանջում է նշյալ տանդեմը:

Օրինակ՝ թշնամին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչին Փաշինյանը բացարձակ համաձայնել է: Բայց խնդիրը Սահմանադրությունը չէ, դա չի հետաքրքրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային: Պարզ ու բացահայտ է, որ նրանց խնդիրը բացառապես վերաբերում է Սահմանադրության նախաբանին, որպեսզի այնտեղ հղում չլինի ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծված են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Էլ ավելի պարզ ասած՝ թշնամու պահանջն է հրաժարվել Արցախից, հրապարակավ ուրանալ Արցախը, մոռանալ Արցախի մասին, ուրանալ Հայոց ցեղասպանության զոհերին, չհիշել Հայոց ցեղասպանությունը, ճանաչման պահանջ-մահանջ չդնել և այդպես շարունակ:

Իսկ մի՞թե դրանք չի արել և անում Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, և իր ամբողջ կառավարությունը, իր բոլոր քպականներն ընդունել են, որ Արցախը ադրբեջանական է, որ ոչ մի Արցախ էլ չկա ու երբեք էլ չի եղել, դեռ մի բան էլ ավելին՝ Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողականորեն ատելություն ու թշնամանք են սերմանում Արցախի հայության դեմ: Այսինքն՝ գերակատարում են թշնամու պահանջները:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն, ապա Փաշինյանը հրապարակավ դրա ցրցամը տվել է. հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ու իր իշխանության համար ոչ մի առաջնահերթություն էլ չէ, այլ այնպես՝ անկարևոր ու ստից մի բան: Ուրանալը էլ ո՞նց է լինում: Այսինքն, այն, ինչի համար պահանջվում է փոխել Սահմանադրությունը, գործնականում արդեն Փաշինյանն ու ՔՊ-ն արել ու անում են:

Ամենից կարևորը, որ հատուկ ուզում ենք ընդգծել. նրանք դա անում են հետևողականորեն, քայլ առ քայլ՝ 2018-ից սկսած, իշխանության գալուց անմիջապես հետո: Հայաստանի ապառազմականացո՞ւմ, բանակի կազմաքանդում ու թուլացո՞ւմ:

Իսկ ի՞նչ է, 2018-ից ի վեր դա չի՞ կատարվել Փաշինյանի ու նրա իշխանության կողմից: Բանակի հիմքերի թուլացում, բանակի, զինվորականների, սպաների դեմ բացահայտ արշավ, այդ թվում՝ «իրավական» գործիքակազմով, անպիտան զենքերի գնում, բանակի վարկաբեկում: Այս ամենն ինչի՞ մասին էր խոսում...

Պատերազմի, ազատամարտի հերոսների ժխտում: Իսկ ի՞նչ է, 2018-ից սկսած Փաշինյանի իշխանությունը դա չի՞ արել: Այն էլ ինչպես է արել. զինվորական ու պետական գործիչների հետապնդում, կալանավորումներ, դատեր, այդ թվում՝ Արցախի ազատամարտի հերոսների նպատակային թիրախավորում ու վարկաբեկում, հետապնդումներ ու հալածանքներ: Առանց որևէ Բաքվի կամ Ալիևի հնչեցված պահանջի: Փաշինյա՛նն ու ՔՊ-ն են արել: Ո՞վ, եթե ոչ Փաշինյանի նվիրյալ Սասուն Միքայել յանն է հայտարարել, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրական պայքարը, առհասարակ՝ Արցախը: Պատահակա՞ն էր, իհարկե՝ ոչ:

Դենացիֆիկացիան...

Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողական պայքարել, կարելի է ասել՝ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, արգելել ու հանրակրթական դպրոցներից դուրս են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Փաշինյանն ու ՔՊ-ն աղավաղել ու խեղաթյուրանքի են վերածել «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերն ու դրանց բովանդակությունը: Քարոզել են ու ֆինանսավորել են ապազգային արժեքներ: Պայքարել են, ընդհանրապես, ամեն ազգայինի դեմ, ամենօրյա ռեժիմով: Էլի գերակատարել են՝ մի խոսքով:

Դեռ չենք խոսում պետական կառավարման համակարգի կազմաքանդման մասին: Ու այս ամենը, նկատենք, արվել է կամավոր, առանց պահանջների: Ներողություն, սխալվեցինք, առանց հրապարակային պահանջների...

Հա, ամենակարևոր պահերից մեկը: Սփյո՛ւռքը: Թշնամին պահանջում է, որ կտրվեն Սփյուռքի ու Հայաստանի կապերը: Դե, ադրբեջանաթուրքական տանդեմը միշտ է բողոքել Սփյուռքից: Իսկ մի՞թե Փաշինյանը 2018-ից ի վեր այլ բան է արել: Ոչ, հենց դրանով էլ զբաղված են եղել:

Չէ, այս ամենը նույնիսկ զարմանալի չէ, այլ ուղղակի, ի վերջո, հետևություններ անելու փաստեր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները