Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ թող ներեն մեզ տարատեսակ ու, սովորաբար, ագրեսիվ լիբերալները, բայց Իոսիֆ Ստալինը, հեռավոր 1935 թվականին ելույթ ունենալով ռազմական ակադեմիաների շրջանավարտների առաջ, հայտարարեց. «Ամենաթանկ կապիտալը մարդիկ են: Կադրերն են վճռում ամեն ինչ»: Իսկ թե ինչ եղավ հետո, հանրահայտ է:

Հիմա էլ թող ներեն մեզ լիբերալներն ու մոլի ստալինականները ու, առհասարակ, մեր հայրենակիցները, բայց նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «7 տարվա մեջ ով վեր է կենում, առավոտից երեկո ասում է՝ էս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում: Հա՛, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»:

Նրա խոսքով, մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 տոկոսում մանկապարտեզ չկա, երբ դպրոցների 70 տոկոսը կիսավեր է, չի կարող չլինել կադրային սով...

Այսինքն, ըստ Փաշինյանի, երկրում կադրային սով է, անգամ՝ ճգնաժամ, պարզ ասած՝ ոչ մի ոլորտում ոչ մի խելքը գլխին, բանիմաց մասնագետ չկա, որ որևէ գործ վստահես կամ հանձնարարություն տաս: Դա, իհարկե, առնվազն իրականությանը չհամապատասխանող և անպատասխանատու հայտարարություն է: Բայց շատ ավելի հետաքրքիր ու կարևոր է այն, թե ինչու է Փաշինյանը հիմա նման բան հայտարարում:

Կա տեսակետ, որ այդօրինակ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը իր առկա ու առաջիկա տապալումների համար նոր մեղավորներ է փնտրում: Իսկ մեղավորը, այո, ժողովուրդն է, «հպարտ» ու «ոչ հպարտ» քաղաքացիները: Էլի՝ բոլորը, իրենից բացի:

Բացի «կադրային ճգնաժամի» թեմայից, նույն շարքից են ու նույն նպատակին են ծառայում նրա ոչ այնքան վաղուցվա հայտարարություններն առ այն, որ աղքատությունը կրթության պակասի հետևանք է, մարդիկ կրթված չեն, չեն ուզում մասնագիտանալ և այդպես շարունակ: Հա, անգամ ավտոմեքենա վարել չգիտեն: Դե, «աղքատությունը ձեր գլխում է» արտահայտությունն էլ չի մոռացվել:

Մի խոսքով, Փաշինյանը հող է նախապատրաստում, որպեսզի նորանոր (նաև նախորդ) տապալումների համար մեղադրի վատ կադրերին, վատ աշխատողներին, անբանիմաց, անգետ, անկիրթ աշխատողներին, մի խոսքով՝ կրկնենք՝ ժողովրդին: Դե, խեղճ Փաշինյանն ի՞նչ անի, ախր ոչ մի ոլորտում ոչ մի նորմալ մասնագետ չկա, բոլորը դիպլոմավորված «փինաչիներ» են կամ նույնիսկ դիպլոմ չունեն, անգամ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիպլոմ... Մի խոսքով՝ կադր չկա... Հարկավ, բարձրակարգ, մասնագիտությանը լիարժեք տիրապետող մասնագետներ միշտ չէ ու հեշտ չէ գտնել ցանկացած երկրում: Բայց իրականում Հայաստանում և՛ կադրեր կան, և՛ համապատասխան մասնագետներ, և՛ բանիմաց ու գիտակ, պարտաճանաչ ու պարկեշտ աշխատողներ:

Այլ հարց է, որ «թավիշից» հետո նույն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն պետական կառավարման համակարգը և առանցքային ոլորտները բառացիորեն լցոնել են յուրայիններով՝ իրենց կուսակցականներով, ազգուտակով, խնամի-մտերիմ-բարեկամ-դասարանցի-զուգահեռդասարանցի-կուրսեցիներով:

Փաշինյանի ու նրա իշխանության կադրային «քաղաքականությունը» հիմնված է բացառապես 1 առանցքային սկզբունքի վրա՝ անձնական նվիրվածություն Փաշինյանին, նրա ու նրա ընտանիքի անդամների պաշտամունք, «մեծն առաջնորդի», «փրկչի» գծից ու անձնական շահից ոչ մի շեղում: Բոլորը՝ մեկի համար, մեկը՝ միայն իր:

Փաշինյանի կադրային «քաղաքականությունը», ի լրումն անձնական նվիրվածության, յուրային լինելու, հիմնվում է նաև այն պահանջների վրա, որ... պահանջներ չկան: Այսինքն, ո՛չ կրթություն ունենալն է կարևոր, ո՛չ մասնագիտացումը, ո՛չ դիպլոմավորված լինելը, ո՛չ աշխատանքային փորձը, ո՛չ մասնագիտական ու մարդկային որակները: Անձը կարող է լինել բացարձակապես ոչ մեկը, նույնիսկ մարդկային հատկանիշներով, բայց նշանակվել առանցքային պաշտոնի: Հա, փաշինյանական իշխանության «կադրերի» համար էական է նաև, որ դա լինի այնպիսի անձնավորություն, որ առանց կարմրելու կարող է ստել, սանձարձակ պահվածք դրսևորել իշխանության հետ կապ չունեցող անձանց նկատմամբ:

Այդպես, նման «կադրերով» կարելի է երկիր ու պետություն կործանել, ինչը և անում են: Պետությունները այդպես էլ կործանվում են, առհասարակ:

Կրթվելու «նորաձևության» մասին լոլոներ կարդացող իշխանությունը երբեք էլ առաջնային չի համարել կրթություն ունենալն ու կիրթ լինելը: Ու դրա ծանր հետևանքը այս 7 տարվա ընթացքում ձևավորված մղձավանջային իրականությունն է:

Մյուս կողմից՝ առնվազն զարմացնում է այն, որ կոնկրետ Փաշինյանի իշխանությունն է կադրային սովի ու ճգնաժամի մեջ: Իսկ ո՞ր նորմալ մասնագետն իր ճակատագիրն ու կենսագրությունը, իր անունն ու բարի համբավը կամովին կկապի փաշինյանական իշխանության հետ: Ո՞վ, ո՞ր նորմալ մարդը, ո՞ր նորմալ հայն ու Հայաստանի քաղաքացին կհամաձայնի Փաշինյանի մոտ կամ նրա կառավարության հետ աշխատել, գործ ունենալ, ըստ այդմ՝ առհավետ ու սերնդեսերունդ արատավորված լինել: Դեռ չենք խոսում անիծվածության մասին, որը հենց Փաշինյանն ինքը հիշատակեց:

Այո, կան մասնագետներ, կան կադրեր: Բայց նրանք կա՛մ իրենք են իրենց «գլխի ճարը» տեսնում, կա՛մ մասնավոր սեկտորում են տեղավորվում, կա՛մ, ցավոք, արտագաղթում են և օտար ափերում բախտ որոնում: Իսկ աշխատել Փաշինյանի մո՞տ, Փաշինյանի կառավարության հե՞տ: Այսինքն, համաձայն լինե՞լ այն ամենի հետ, ինչ արեց Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում Արցախի ու Հայաստանի գլխին: Չհաշված՝ հենց Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու անտանելիությունը: Դե, ասեք, որ մի նորմալ, բանիմաց, ինքն իրեն ու իր ազգությունը հարգող մարդը կկամենա աշխատել նման «խելահեղ» պայմաններում ու, ի լրումն, կրկնում ենք՝ իր անունը, իր նախնյաց հիշատակն ու իր զավակների ապագան առհավետ սևացնելու գնով: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները