«Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց իշխանության վերարտադրմանը և անձնական անվտանգությանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումները, կարծես, նվազել են, իսկ Նիկոլ Փաշինյանը նույն ջերմեռանդությամբ և օրը մի քանի անգամ չի հիշեցնում բոլորիս, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, թեման շարունակում է մնալ «ջրի երեսին»: Դրա մասին պարբերաբար հիշեցնում է նաև Ադրբեջանը, սպառնալիք կա այդ երկրից հնչող հայտարարությունների մեջ, թե «փոխեք Սահմանադրությունը, կատարեք մնացյալ պահանջները, որ ստորագրենք պայմանագիրը, նման հնարավորություն հետագայում կարող է չլինել»: Միջազգային հանրությունը ևս ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացները: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնությունը՝ կապված «Խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի հետ, այն է՝ համաձայնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված տարբերակին, հենց իշխանության ներկայացուցիչների խոսքերից կարող ենք հասկանալ, որ, իրենց կարծիքով, իրականացվել է որպես դիվանագիտական «հմուտ հնարք»: «Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ այս իշխանության գաղափարական հայրը (որքան էլ փորձեն դա ժխտել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ՏերՊետրոսյանի թիմակիցները, փաստը մնում է փաստ, որ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի գաղափարական հայրն է), տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում սրա մասին խոսում էր: Անդրադառնալով Կազանյան բանակցային գործընթացին, Կազանյան բանակցային փաթեթին՝ ասում էր, որ հայկական կողմը պետք է գնար և ստորագրեր պայմանագիրը, և դրանից հետո արդեն միջազգային հանրության ճնշումը կլիներ հենց Ադրբեջանի վրա՝ անկախ նրանից, թե ինչ էր գրված փաստաթղթում, ու դրանով մենք, իբր թե, ցույց կտայինք, որ կոնստրուկտիվ ենք: Փաշինյանը դա արել է: Եթե նկատեցիք, մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, առանձին վերցրած անհատներ ողջունեցին այս գործընթացը, ըստ օդում կախված լուրերի, այդ ողջույնների ծանրակշիռ մասը, եթե չասենք մոտ 100 տոկոսը, պայմանավորված էր հայկական դիվանագիտության աշխատանքով: ԱԳՆ-ն դեսպանների առջև հստակ խնդիր էր դրել՝ ինչ գնով էլ լինի, հայտարարություններ կորզեք՝ որպես ողջույնի խոսք՝ կապված «Խաղաղության պայմանագրի» հետ:

Դա տեղի ունեցավ: Բայց սայլը տեղից չի շարժվում: Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել: Այս պրիմիտիվ, նույնիսկ մանկական խաղը, թե՝ եկեք ամեն ինչին համաձայնենք, թող Ադրբեջանին ճնշեն, գուցե հեքիաթներում աշխատում է, բայց ռեալ պոլիտիկում դա չի աշխատում: Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի վերաբերյալ իրենց ունեցած պահանջների փաթեթներից մեկն է: Երբ մեկ փաթեթը համաձայնեցնում ես Ադրբեջանի հետ, այսինքն՝ իրենց բոլոր պահանջները կյանքի ես կոչում, Ադրբեջանն անցնում է հաջորդ փաթեթի վերաբերյալ գործընթացներին, բանակցություններին, քո վրա ճնշումներին: Պատահական չէ, որ դրանից հետո անմիջապես սկսեցին ավելի բարձր խոսել Մինսկի խմբի լուծարման, սահմանադրական փոփոխությունների մասին, այսպես կոչված, «փախստականների վերադարձի» մասին: Համաձայնություն տալով «Խաղաղության պայմանագրի» կետերին՝ հնարավորություն տվեցինք ուժեղացնել մեզ վրա ճնշումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Հայաստանի իշխանությունների զիջումները չեն դադարում, Ադրբեջանի պահանջները՝ նույնպես: Իսկ որո՞նք են կողմերի կարմիր գծերը: «Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց ներկայիս կարգավիճակը պահպանելուն, այսինքն՝ իշխանության վերարտադրմանը, և երկրորդ՝ անձնական անվտանգությանը: Եթե իրենց ընկալմամբ այս երկու կարմիր գծերը չհատելու համար անհրաժեշտ է մի շարք զիջումների գնալ, օրինակ՝ Մինսկի խմբի լուծարում, «փախստականների վերադարձ» և այլն, դա կանեն, միայն թե, իրենց ընկալմամբ, դա չհատի իրենց կարմիր գծերը: Թվում է՝ հայկական պետության համար անընդունելի է ադրբեջանցիների պահանջի կյանքի կոչումը՝ կապված «փախստականների վերադարձի» հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ 300 հազար ադրբեջանցի գա Հայաստան: Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա իրականում շատ մեծ գործողությունների հնարավորության պատուհան է բացում: Կհայտարարի՝ քանի որ Հայաստանում արդեն կա այսպիսի մեծ փոքրամասնություն, որը բնակչության մոտ 10 տոկոսն է կազմում, եթե ոչ պակաս, ապա արդեն ոչ միայն հայերի, այլ նաև Հայաստանում ապրող ադրբեջանցիների վարչապետն եմ և պետք է այս ու այս զիջումները անեմ: Օրինակ՝ հայկական մուլտիպլեքսում ադրբեջաներեն ալիք լինի կամ դպրոցներում ադրբեջաներեն դասավանդվի: Իր ընկալմամբ, դրանով նաև որոշակի երկաթբետոնյա երաշխիքներ կլինեն նաև ընտրությունների տեսանկյունից: Իր ընկալմամբ, 300 հազար ընտրող ինքը և ՔՊ-ն միշտ կունենան: Դրա համար պետք է նաև այստեղ հստակություն մտցնենք՝ կարմիր գծեր պետությա՞ն, թե՞ առանձին վերցրած անհատների համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կարմիր գծերին, ապա պետք է արձանագրենք հետևյալը: Բոլորս էլ հասկանում ենք, որ նույն կարմիր գծերն էլ ունի Ալիևը՝ անձնական անվտանգություն, կապիտալի պահպանում, սեփական իշխանության վերարտադրություն, բայց այստեղ հարցն այն է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում արել ենք ամեն ինչ, որ Ադրբեջանի ղեկավարության կարմիր գծերի հատման հնարավորությունը գրեթե անհնարին դառնա»,-նշում է մեր զրուցակիցը:

Տեսակետ կա, որ «Խաղաղության պայմանագիրը» Փաշինյանի վարչակազմի համար ներքին սպառման փաստաթուղթ է՝ իր առանց այն էլ փոքր ընտրազանգվածին ինչոր բան ցույց տալու համար: Մյուս կողմից՝ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանն ու իր թիմը կարող են խնդիրներ ունենալ վերընտրվելու համար՝ արդար ընտրությունների պարագայում: ««Խաղաղության փաստաթուղթն» առաջին հերթին ներքին սպառման փաստաթուղթ է լինելու Փաշինյանի համար: 2021 թ.ին, երբ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, Փաշինյանը մարդկանց հետ հանդիպումների ժամանակ երկու թեզ էր ներկայացնում՝ «թալանը հետ ենք բերելու» և Արցախի հարցն էլ կարգավորելու ենք ու խաղաղություն բերենք: Ճիշտ է, Արցախի հարցը կարգավորում էր Շուշին և Հադրութը դեօկուպացնելով, բայց դա նույնպես քաղաքական որոշակի մանիպուլյացիա էր, ընդդիմությունն էլ, ցավոք, այդ մանիպուլ յացիային տրվեց և քարոզարշավը չկազմակերպեց այնպես, ինչպես պետք է կազմակերպեր, թեզերն էլ այնպիսին չէին, ինչպիսին պետք է լինեին: Փաստորեն, Արցախի, խաղաղության հաստատման, «թալանը հետ բերելու» հարցերով նա տապալվում է: Չեմ զարմանա, եթե այս փաստաթուղթը, նույնիսկ առանց ստորագրելու, դարձնեն իրենց քարոզարշավի մեխը: Ասեն՝ դեռ չենք ստորագրել, բայց բանակցությունները վարել ենք և հասել ենք հետևյալին (մի բան, որը չեն արել ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը). ունենք Ադրբեջանի հետ լրիվ համաձայնեցված փաստաթուղթ, այս հինգ տարվա մեջ չստացվեց ստորագրել, մեզ հնարավորություն տվեք, կփորձենք առաջիկա հինգ տարվա ընթացքում ստորագրել: Վարկածներից մեկն եմ ասում: Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի համար նախընտրելի կլիներ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին վերջին համապետական ազատ ընտրությունները Հայաստանում: Երկու տարբերակով կարող են լինել վերջինը: Առաջին՝ երբ պարզապես չլինի այն սուբյեկտը, որտեղ ընտրություններ կարող են իրականացվել, և երկրորդ՝ չեղարկի ընտրությունները: Դրա պրակտիկան արդեն կա: Տեսեք, թե Ուկրաինայում, Ռումինիայում, Ֆրանսիայում ինչ է կատարվում: Սկզբից չեղարկում են ընտրությունները, հետո իրենց համար անցանկալի թեկնածուներին հեռացնում: Հիմա նույնը Փաշինյանի պարագայում կարող է լինել: Իր համար նախընտրելի կլինի, եթե ընտրությունները այս կամ այն պատրվակով չեղարկվեն կամ տեղի չունենան, հետևաբար՝ այս տարբերակն էլ պետք է դիտարկենք: Բայց եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նա ստիպված լինի գնալ ընտրությունների, նաև տեսնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները և այլն, կարծում եմ, որ շատ մեծ գումարներ են ծախսելու համաձայնեցված «Խաղաղության պայմանագիրը» հայ հասարակության վրա «ծախելու» համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ
Ամենաընթերցվածները