Ի հեճուկս բոլոր դժվարությունների, չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։

Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում, որպես Հայաստան–Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ–ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն՝ սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը, և ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը, թե երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է։

Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում, իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։

Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի, անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է։

Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Խորհրդային Հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։

Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ Կառավարությունը պարտավոր է Խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։

Չնայած, փորձագետները 2025 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։

Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում Համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5–րդ հոդվածի 3–րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Սա նշանակում է, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, Խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ․ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե Խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը։

Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների Կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու Խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։

Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։

Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ, կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։

Այս համատեքստում, հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։

Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։

Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- գրել է նա։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները