«Հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ գինն են վճարել». ընթերցողի սեղանին է «Նժդեհի հետնորդները» գիրքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Նժդեհի հետնորդները» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմում անմահացած 38 զինծառայողի: Նրանց բոլորի ծառայությունն անցել է Սյունիքի մարզում, նրանք, ավաղ, սեփական կյանքի գնով անառիկ են պահել Հայաստանի սահմաններն Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ռազմական գործողությունների ժամանակ: Գրքի ստեղծման գաղափարը ծագել է ծնողների մոտ: Երկար ճանապարհ է անցել խմբագրակազմը տղաների պատմությունները վավերագրելու համար, երկար ու բարդ, բայց շատ արժեքավոր: Գիրքը ձեզ կպատմի տղաների, նրանց կիսատ մնացած կյանքի մասին: Այնտեղ չկան անտեղի պաթոս ու բարձրագոչ բառեր: Մեկտեղվել են կարոտի ու սպասման տողերը: Այդպիսին էր նաև գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառումը: Ասմունքի, երաժշտության հնչյունների ներքո էկրանին հայտնվում էին տղաների լուսանկարները՝ միայնակ, հայրերի ու մայրերի, քույրերի ու եղբայրների հետ: Նրանք այդ օրը համերգասրահում էին: Ես կրկին հասկացա, թե ինչպես է լինում, որ հպարտությունն ու ցավը մեկտեղվում են: Բարդ էր արցունքները զսպելը, բարդ էր ափսոսանքի, բայց նաև մեղավորներին ուղղված խոսքեր չասելը, բայց մտքում կամ ցածրաձայն, որովհետև անթույլատրելի էր խախտել այդ սուրբ լռությունն ու համակ ուշադրությունը, որ տիրում էր դահլիճում:

Ոչ մեկ անգամ ենք առիթ ունեցել պատմելու Սեպտեմբերյան պատերազմի մասին, որը մեր պետության ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ագրեսիա, սահմանային միջադեպ են անվանում: Բայց այն պատերազմ էր, պատերազմ, որի ժամանակ զինվորներն անօգնական մնացին, թիկունքը՝ բաց: Հարուցված քրեական գործերը, որոնք մինչ օրս չեն տվել ծնողների հարցերի պատասխանները, որպես ապացույց այս դիտարկումների:

Եվ հիմա ծնողները, որոնք շարունակում են հարցեր ուղղել, որոնք որդիների զոհվելուց երկուսուկես տարի անց էլ շարունակում են այդ օրվա ողբերգության հետ կապված նոր հանգամանքներ բացահայտել, իրենց որդիներին ապրեցնելու հերթական առաքելությունը՝ «Նժդեհի հետնորդները» գիրքն են կյանքի կոչել:

Անկեղծ պիտի լինենք ընթերցողների հետ, ինչպիսին փորձում ենք լինել մեր բոլոր տղաների մասին պատմող նյութերում: 350-ից ավելի նյութ ենք հրապարակել «Փաստ» թերթում: Ցավի, սպասման, կարոտի, անսահման սիրո մասին են այդ նյութերը: Ու ես, որ իրապես զգում ու հասկանում եմ մեր պետության ու ժողովրդի հետ պատահած ողբերգության ծավալները, գոնե ինձ այդպես է թվում, այդ օրը կարծես այլ զգացողություններ ապրեցի: Հիմա պատմեմ, թե ինչու: Մեծ փորձություն էր այդ օրը մեկ վայրում տեսնել որդեկորույս մայրերի ու հայրերի, եղբայրների ու քույրերի: Սևազգեստ մայրեր, որոնց պարանոցներին որդիների նկարներով կամ անվան առաջին տառերով կախազարդեր էին, հայրեր, որոնց միացրել է ընդհանուր ցավը, տղաների եղբայրներն ու քույրերը, որոնք գուցե այդպես էլ իրար ճանաչելու առիթ չունենային, բայց հանձինս իրար ընկերներ են ձեռք բերել:

Մենք, միևնույնն է, չենք պատկերացնում մեզ բոլորիս համակած ցավի չափը, գույնը գիտենք, որ սևն է, բայց չափի ու ձևի մասին պատկերացում անգամ չունենք: Մինչև այս պատերազմները, երևի թե, կարող էի ասել, որ իմ շրջապատում քիչ եմ տեսել արցունքները չզսպող տղամարդկանց: Այդ օրը հայրերը ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս դահլիճից, նրանք, որ ստանձնել են ընտանիքում ուժեղն ու ամուրը լինելու առաքելությունը, չէին կարողանում հուզմունքը զսպել: Հետևի շարքում նստած տղամարդկանցից մեկն ասաց՝ այս դահլիճում մի քանի տարի առաջ եմ եղել, ինչ-որ համերգ էր, ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո նույն դահլիճում այս առիթով պետք է ներկա գտնվեի:

Հուզմունք, հպարտություն, կարոտ, ամեն ինչ իրար էր խառնվել: Եվ միայն տղաների նորածին եղբայրների ու քույրերի ճիչերն էին փաստում, որ կյանքը շարունակվում է: Որքան էլ այն այլևս երբեք առաջվանը չի լինելու այս ընտանիքների և մեզ բոլորիս համար, որոնք գիտակցում են մարդկային կորստի չափը, բայց հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ՝ կյանքի գինն են վճարել: Հրամայականն է ապրել արժանապատիվ, վայել այն սխրանքին ու զոհողությանը, որ մեր հազարավոր տղաների կյանքն է արժեցել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով
Ամենաընթերցվածները