«Խորքում, չերևացող հարթության մեջ բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում». «Փաստ»

- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նույն աշխուժությամբ ու ամենօրյա ռեժիմով Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն հայտարարում, որ պատրաստ են ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Թերևս տեսնում են, որ չկա նույն ցանկությունն Ադրբեջանի կողմից, մյուս պարագայում՝ Ադրբեջանն առաջադրել է հերթական պահանջները, որոնք ընդունելուց հետո հնարավոր կլինի փաստաթղթի ստորագրումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ խորքային իմաստով իրավիճակը չի փոխվել: «Հայ-ադրբեջանական գործընթացի ներքո Ադրբեջանը պահանջողի դիրքերում է, Հայաստանն՝ այդ պահանջները հերթով հետևողականորեն բավարարողի դիրքերում: Երբ երկուսն էլ հայտարարեցին, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են, դրանից հետո սկսվեց նախապայմանների շարքը: Այս պահին երկուսն են, բայց հասկանում ենք, որ դա շարունակական է լինելու, հերթում կանգնած նախապայմաններ էլ կան, որոնց մասին պարբերաբար Բաքվից հիշեցնում են: Գործընթացը, թերևս, այս տրամաբանության շրջանակներում է հիմա: Բանակցային պրոցեսի առնչությամբ գուցե տպավորություն լինի, որ որոշակի դադար կա: Համաձայն եմ, որ գուցե նման տպավորություն ստեղծվի՝ հաշվի առնելով հայտարարությունները, պրոցեսը: Որոշ ժամանակ առաջ, երբ համաձայնեցվեց փաստաթուղթը, այդ ընթացքում պրոցեսը շատ ակտիվ էր: Սա էլ է միգուցե ստեղծում ֆոն, որ հիմա առավել դադարի վիճակում է: Իսկ իրականում, ըստ իմ գնահատականների, խորքում՝ չերևացող հարթության մեջ բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
Հիշեցնում է՝ հայտարարությունների ֆոնին, որ փաստաթուղթը համաձայնեցված է, Ադրբեջանը սկսեց սահմանային լարվածության շղթան: «Կարելի է ասել, որ այն մինչև հիմա շարունակվում է: Հայտարարությունների ինտենսիվությանը զուգահեռ խորանում էր նաև դրանց բովանդակությունը: Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, որ սա նոր ռազմական գործողությունների նախապատրաստում է դասական իմաստով, այսինքն՝ քարոզչական, տեղեկատվական ֆոնն են նախապատրաստում և «տաք» պահում: Զուգահեռ այն իրականությանը, որ փորձում են հայ ժողովրդին, աշխարհին համոզել, որ գնում են խաղաղության, շատ տեսանելի ընթանում է ռազմական գործողությունների նախապատրաստման գործընթաց Ադրբեջանի կողմից: Բայց Ադրբեջանն անգամ այսքանով չի սահմանափակվում: Եթե հետևենք, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարվում Բաքվի կողմից վերջին ամիսներին, ապա այստեղ բավականին ինտենսիվ վիճակ ունենք Չինաստանի, Իսրայելի հետ կապված, այսինքն՝ փորձերը որևէ ճամբարում տեղավորվելու, նոր դաշնակիցներ ձեռք բերելու: Թուրքիայում տեղի ունեցած լարվածությունը Բաքուն իր վրա զգում է, այսինքն՝ իրավիճակ, որ Թուրքիան կարող է գոնե ժամանակավորապես, բայց հետքայլ անել արտաքին օրակարգից, Ադրբեջանի համար աղետալի կարող է լինել, և իրենք հստակ փորձում են նոր ուղղություններում էլ ամրապնդվել: Իրականում լավ օրից չէ, որ Ադրբեջանն այսքան ակտիվ աշխատում է»,-նշում է մեր զրուցակիցը:
Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում Հայաստանի իշխանությունները, կարծես, մնացել են առանց հուսալի գործընկերների: Մի իրավիճակում, երբ նրանք կարծում են, թե «լուծել» են Արցախի հիմնախնդիրը, հիմա էլ անցել են Հայոց ցեղասպանության հարցին: Վերջին շրջանում հատկապես ահագնացել են այս հարցի շուրջ շահարկումները, ինչն ուղղակի անհավանական մի բան կթվար տարիներ առաջ: Այստեղ կարո՞ղ են խորքային կապեր լինել աշխարհաքաղաքական գործընթացների հետ: «Կարելի է և՛ իրադարձային, և՛ խորքային պատճառներ առանձնացնել: Խորքային պատճառը 2018 թվականից սկսած այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության և դրա արդյունքում ստեղծված իրավիճակն է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի իշխանությունների, հայտնվել է մի իրավիճակում, որ որևէ միջազգային գործընկերոջ համար վստահելի դաշնակից, անգամ վստահելի գործընկեր չէ: Կորցրել են վստահելիությունը ԱՄՆ-ում, միացյալ Արևմուտքում, Մոսկվայի հետ հարաբերություններում, այն է՝ Ռուսաստանի աչքերում, և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ, ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունների համար գործընկերային, դաշնակցային լավագույն կենտրոնը մնացել է Թուրքիան: Մի կողմից՝ դա միջազգայիններից մնացած իրենց գործընկերն է, որպես այդպիսին, որը կարող է իրենց կողքին կանգնել: Մյուս կողմից՝ երկիր է, որը կարող է իր ազդեցությունն ունենալ Բաքվի վրա, այսինքն՝ «Խաղաղության պայմանագիր», խաղաղություն ստիպելու, պարտադրելու, կոչ անելու համատեքստում: Գնում են ամեն գնով խաղաղության Ադրբեջանի հետ, խոսում են, որ հայ-թուրքական հարաբերություններն անպայմանորեն պիտի կարգավորվեն, սահմանը պետք է բացվի, անցյալը պետք է դրվի մի կողմ և այլն: Այս ամբողջ խոսույթը, որը գեներացվում է իշխանությունների կողմից, ծառայում է մեկ նպատակի, իսկ դրա մեսիջները գալիս են մեկ կենտրոնից: Հույս ունենա՞լ, որ այսօրվա իշխանությունները Թուրքիայի առաջ դնում են ինչոր պահանջներ, պայմաններ կամ իրենց կարմիր գծերն են փորձում տանել: Իհարկե, այդ ամենը չկա, միամիտ պետք է լինել նման մտքեր ունենալու համար, հետևաբար, եթե Անկարայից գալիս են ինչ-որ մեսիջներ, դրանք հետևողականորեն պիտի բավարարվեն, պիտի իրականացվեն: Մյուս կողմն էլ կա: Պարտադիր չէ, որ Անկարայից գան մեսիջներ Հայոց ցեղասպանության հարցով, այստեղ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Մշտապես հիմնական նախապայմանն է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը։ Ըստ այդմ, այդ քաղաքականությունն էլ պետք է հետևողական տարվի Հայաստանի այս իշխանությունների կողմից»,-նշում է կենտրոնի տնօրենը: Ընդգծում է՝ իրադարձային իմաստով առիթն ապրիլի 24-ն էր: «110-րդ տարելիցն էր: Դա իրադարձային առիթ էր, որն ամբողջ աշխարհին նորից հնարավորություն էր տալիս խոսելու դրա մասին: Հիշենք 100-րդ տարելիցի միջոցառումները, Հայաստանի Հանրապետության կեցվածքը, արված միջոցառումների ցանկը, հնչած թեզերը, բովանդակությունը: Դա, իրոք, իրադարձություն էր, որը ծառայեց իր ամբողջ բովանդակության գեներացմանը, միջազգային հանրության հետ աշխատանքին և այլն: Դրա նման հնարավորություն ունեինք, բայց իշխանությունների կողմից նպատակ կար դա ճիշտ հակառակ ուղղությամբ օգտագործել, ամեն ինչ անել, որ Սփյուռքի, կյանքի նշույլներ ցույց տվող ինստիտուտների ու մարմինների, (որոնք պետք է այս ուղղությամբ աշխատեին) գործունեությունը ստվերվեր իրենց կողմից ներկայացված թեզերի և օրակարգերի ներքո: Ցավալի է, երբ, օրինակ՝ Հանրայինից հնչում են հայտարարություններ, այդ օրերին քննարկման են դրվում հարցեր, որոնք մի քանի տարի առաջ ուղղակի աբսուրդային կարող էին հնչել: Դա հետևողական քաղաքականություն է` ուղղված մեկ նպատակի՝ չզայրացնել Թուրքիային, հասնել նրան, որ Թուրքիան բարի աչքով նայի, միջնորդի, օժանդակի: Բանալին շատ հստակ է՝ այն «խաղաղությունը», որ ուզում կամ առաջարկում են բերել այսօրվա իշխանությունները, անհնար է առանց Ադրբեջանի բարի կամքի: Իսկ դրա ստեղծման համար էլ շատ կարևոր է Թուրքիայի գործոնը, հետևաբար` երկուսի մասնակցությունն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման հարցում, եթե այդպիսին կա, բավական մեծ է»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում