Համակարգային ճգնաժամի հրեշավոր «երախը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին ամիսների զարգացումներն առավել հստակ ի ցույց են դնում Հայաստանի տնտեսական համակարգի խոցելիությունն ու կառավարման համակարգային խնդիրները։ Թեև կառավարությունում անընդհատ հայտարարում են կայուն աճի, պետական պարտքի վերահսկելիության և բյուջետային քաղաքականության արդյունավետության մասին, վերջին տվյալներն ու միջազգային զեկույցները փաստում են բոլորովին այլ իրականության մասին։ Տնտեսության դանդաղումը, պետական պարտքի ռեկորդային աճը, շռայլ ու անթափանցիկ բյուջետային ծախսերը, ինչպես նաև կառավարման անարդյունավետությունը խոսում են ավելի խորքային ճգնաժամի մասին, որը ժամանակի ընթացքում սկսել է ձևավորել տնտեսական արգելակման նոր փուլ։

Համաշխարհային բանկն ապրիլին հրապարակել է զեկույց, որում արձանագրվում է Հայաստանում տնտեսական աճի զգալի դանդաղումը։ Տնտեսական աճի կառուցվածքում հիմնական շեշտը դրվում է շինարարության և ծառայությունների աճի վրա, այնինչ արդյունաբերության ոլորտը հայտնվել է լրջագույն անկման մեջ։ Մասնավորապես, փետրվարին արձանագրվել է 27 տոկոս անկում արդյունաբերական արտադրության ծավալում, ինչը մտահոգիչ է ոչ միայն ներկայի, այլև միջնաժամկետ հեռանկարի առումով։ Այդ ֆոնին արտաքին առևտրի ցուցանիշները նույնպես վատթարացել են՝ արտահանումը փետրվարին կրճատվել է մոտ 68 տոկոսով՝ արձանագրելով վերջին տարիների ամենախոր անկումներից մեկը։

Տնտեսական անարդյունավետությունն ուղեկցվում է նաև սոցիալական խնդիրների խորացմամբ։ Աշխատաշուկայում գործազրկության մակարդակը շարունակում է բարձրանալ նույնիսկ այն պայմաններում, երբ անցյալ տարի, ըստ համաշխարհային Բանկի տվյալների, այս ցուցանիշն արդեն հասել էր 13,9 տոկոսի։ Ու սա այն պարագայում, երբ հնգամյա ծրագրով կառավարությունը նպատակ է սահմանել գործազրկությունը 10 տոկոսից նվազեցնել: Գործազրկության նմանատիպ ծավալը ոչ միայն սոցիալ-տնտեսական լարվածության ցուցիչ է, այլև ազդանշան, որ եթե որոշակի տնտեսական աճ էլ ունենում ենք, ապա այն բաշխվում է անհավասարաչափ ու պայմաններ չի ապահովում բավարար թվով աշխատատեղերի ստեղծման համար։

Միևնույն ժամանակ, մտահոգիչ է այն իրավիճակը, որ գնաճը՝ հատկապես սննդամթերքի շուկայում, շարունակում է նոր ռեկորդներ արձանագրել։ Պատահական չէ, որ մարտին արձանագրվել է վերջին մեկ տարվա բարձրագույն գնաճը, ինչը հատկապես ծանր իրավիճակ է ստեղծել ցածր եկամուտ ունեցող խավերի համար։

Տնտեսության մեջ դիտարկվող այսպիսի միտումներին գումարվում է նաև պետական պարտքի խնդիրը։ Արդեն իսկ մարտ ամսվա դրությամբ պետական պարտքն աճել է և հասել 13 միլիարդ 581 միլիոն դոլարի, ինչն, ըստ էության, ռեկորդային է անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Փաշինյանի կառավարման 7 տարվա ընթացքում պետական պարտքը ծավալային առումով գրեթե կրկնապատկվել է։ Այս գումարի զգալի մասը սպասարկվում է բարձր տոկոսադրույքով։ Օրինակ՝ նոր թողարկված եվրապարտատոմսերը՝ 750 միլիոն դոլարի չափով, ունեն 7,1 տոկոս տոկոսադրույք։ Սա աննախադեպ բարձր թիվ է՝ հատկապես այն պարագայում, երբ 2021 թվականին այդ տոկոսադրույքը կազմել էր ընդամենը 3,87 տոկոս։ Միայն պարտքի սպասարկումն էական բեռ է դառնում պետության ուսերին։ Մյուս կողմից էլ՝ նշված ցուցանիշները խոսում են Հայաստանի նկատմամբ միջազգային շուկայի վստահության նվազման մասին՝ անկախ պաշտոնական հայտարարություններից։

Ճիշտ է՝ ֆինանսների նախարարության կողմից հնչող հավաստիացումներում փորձ է կատարվում ավելի մեղմ ներկայացնել առկա պատկերը՝ մատնանշելով միջազգային շուկայի անբարենպաստ պայմանները և ընդհանուր գլոբալ տնտեսական փոփոխությունները, բայց դրանք ընդամենը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու հուսահատ ճիգեր են։ Եթե պետական պարտքը աճում է նման տեմպերով, իսկ տնտեսությունը՝ դանդաղում, դա արդեն տեղիք է տալիս խորքային մտահոգությունների։ Պարտքի ներգրավման արդյունավետությունն էլ ակնհայտ հարցականի տակ է՝ այն իրականում օգտագործվում է հիմնականում ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, այլ ոչ թե տնտեսական արդյունավետ ներդրումների ուղղությամբ։

Ավելին, խիստ մտահոգիչ է այն, որ բյուջետային ծախսերն իրականացվում են ոչ թափանցիկ պայմաններում։ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունը՝ GRECO-ն, դեռևս 2024 թվականին պահանջել էր հրապարակել բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, նախագահի և Ազգային ժողովի նախագահի ծախսերը՝ հատկապես արարողակարգային, տրանսպորտային ու կեցության ոլորտներում։ Սակայն այս պահանջը մինչ օրս չի կատարվել, իսկ հանրությունը փաստացի զրկված է իմանալու, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։ Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային բնույթի ծախսերը շարունակում են գաղտնի մնալ՝ հղում անելով «Գնումների մասին» 2016 թվականին փոփոխված օրենքին, որը թույլ է տալիս չհրապարակել այդ տվյալները։

Բացի այդ, բյուջետային ծախսերում նկատվում է շռայլության տարր։ Ավելացել են պետական մարմինների ծախսերը, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումներ, դիվանագիտական ներկայացուցիչների և պատվիրակությունների գործուղումներ, ինչպես նաև տասնյակ միլիոնավոր դրամների ծախս պահանջող հասարակական միջոցառումների կազմակերպում։

Նմանատիպ իրավիճակը վկայում է կառավարման համակարգային ճգնաժամի մասին։ Պետական ռեսուրսների բաշխումն ու օգտագործումը չի ենթարկվում հաշվետվողականության սկզբունքներին, իսկ տնտեսական քաղաքականությունը չի կարողանում ապահովել երկրի կայուն զարգացումը և սոցիալական պաշտպանությունը։

Որպես հետևանք՝ ներդրումային միջավայրը մնում է անկայուն, իսկ տնտեսական աճի բոլոր հնարավորությունները՝ սահմանափակված։ Հայաստանի տնտեսությունը մուտք է գործել անկայունության նոր փուլ, որտեղ արտաքին պարտքի աճը զուգակցվում է տնտեսական դանդաղման, անարդյունավետ կառավարման և հասարակության նկատմամբ հաշվետվողականության պակասի հետ։ Տնտեսական արգելակումը հաղթահարելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ կտրուկ վերանայելու ֆինանսական քաղաքականության ողջ ճարտարապետությունը, ապահովելու վերահսկողություն և թափանցիկություն ու վերադառնալու ռազմավարական մտածողության դաշտ՝ հեռանալով ներկա վարչական «մեկօրյա լուծումների» տրամաբանությունից։ Բայց դժվար է ակնկալել, որ ներկայիս իշխանությունները ի զորու կլինեն այս առումով վերափոխվել, քանի որ հենց նրանք են, որ պետությունը դարձրել են իրենց «կթու կովը», որին չեն «կերակրում», սակայն ցանկանում են օգուտներ ստանալ։ Անձնական օգուտներ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները