Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտն արդեն տասնամյակներ շարունակ աշխարհի ամենալարված ու ռազմավարական հակասություններից է, որ ցանկացած պահի կարող է վերաճել լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով երկու երկրների միջուկային զենքի առկայությունը, պատմական թշնամանքը և շարունակական վեճը Քաշմիրի հարցում։

Վերջին շրջանում էլ նոր լարվածության պատճառ դարձավ Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունը, որից հետո հնդկական կողմը մեղադրեց պակիստանյան կողմին, որ ահաբեկչության թելերը տանում են դեպի այդ երկիր։ Դրան հետևեց Հնդկաստանի կողմից «Սինդուր» օպերացիան, որի նպատակն էր կանխել Պակիստանի կողմից ֆինանսավորվող ու խրախուսվող զինյալ խմբավորումների ակտիվությունը Հնդկաստանի սուվերեն տարածքում։ Գործողության շրջանակներում հնդկական կողմը հարվածներ հասցրեց «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Իսլամաբադի կողմից կառավարվող Քաշմիրում։ Չնայած Նյու Դելիի կողմից այս գործողությունը ներկայացվում է որպես անհրաժեշտ պաշտպանական քայլ, Պակիստանը դա մեկնաբանում է որպես ագրեսիվ հարձակում, ինչի հետևանքով էլ լարվածությունը վերածվեց երկու երկրների միջև ռազմական բախման։ Առկա լարված միջավայրում նկատելի էր նաև Հարավային Ասիայից դուրս՝ արտատարածաշրջանային դերակատարների ակտիվությունը։ Մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը միանգամից սկսեցին բացահայտ աջակցություն հայտնել Պակիստանին՝ թե՛ ռազմական համագործակցության մակարդակում, թե՛ դիվանագիտական դաշտում։ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները, որտեղ նա դատապարտում է Հնդկաստանի գործողությունները Քաշմիրում և ընդգծում Պակիստանի՝ իբր «արդարացի պայքարը», նպատակ ունեն ոչ միայն իսլամական համերաշխության ցուցադրում լինել, այլև տարածաշրջանային ազդեցության խորացման նպատակով ավելացնել Անկարայի դերակատարությունը Հարավային Ասիայում։ Ադրբեջանը, որը Պակիստանի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնում է, այդ թվում՝ սպառազինություններ ձեռք բերելով այդ երկրից, նույնպես շտապեց իր աջակցությունը հայտնել Իսլամաբադին։ Ադրբեջանում անգամ ցույցեր իրականացվեցին՝ ի աջակցություն Պակիստանի։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, որը սպառազինություններ է ներկրում Պակիստանից, Թուրքիան կոնկրետ թուրքական արտադրության սպառազինություններ է մատակարարում պակիստանյան կողմին, որոնց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ռազմական անօդաչուները։ Եվ անգամ Պակիստան-Հնդկաստան բախման ֆոնին լուրեր էին տարածվում, որ Թուրքիան սպառազինությունների բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Պակիստան։

Հնդկաստանի արձագանքը Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, բնականաբար, չուշացավ։ Նյու Դելիում սկսեցին ակտիվ քայլեր ձեռնարկել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան տանդեմին հակազդելու ուղղությամբ։ Նախ՝ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից եկող ապրանքների ներկրման վրա։ Ապա Հնդկաստանի ներսում սկսեցին թուրքական և ադրբեջանական ապրանքների բոյկոտի ենթարկելու կոչեր հնչել։ Սոցցանցերում տարածվող տեսահոլովակներում երևում էր, թե ինչպես են հնդիկ վաճառողները կրպակներից դուրս հանում «Made in Turkiye» պիտակով խնձորները և խաչ քաշում պիտակների վրա: Հնդկական մի շարք տուրիստական գործակալություններ էլ հայտարարեցին դեպի Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին։ Անգամ կասեցվեց համագործակցությունը թուրքական ավիաուղիների հետ։ Սա տնտեսական հարված է Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ հազարավոր հնդիկների այցելությունը կարևոր տեղ է զբաղեցնում այդ երկրների տուրիստական ոլորտի համար։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին և Թուրքիային անհանգստացնում է Հնդկաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Միայն 2022-2023 թվականներին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր։

Բաքվից պնդում են՝ Հնդկաստանի կողմից ՀՀ-ին զենքի մատակարարումները խնդիր են ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար։ Այդ շրջանակներում էլ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևը հայտարարում է, թե Հնդկաստանը պետք է զգույշ լինի հայ- ադրբեջանական հարաբերություններում։ Բայց բնական է, որ ի աջակցություն Պակիստանի Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունները ավելի են բարձրացնելու Հնդկաստանի պատրաստակամությունը Հայաստանի համար նոր մատակարարումներ իրականացնելու հարցում։

Քանի որ հնդկական սպառազինությունները իրական ռազմական գործողությունների ընթացքում բավական լավ են իրենց դրսևորել՝ «Սինդուր» օպերացիայի շրջանակներում Պակիստանի ներսում տարբեր թիրախներ խոցելու և ահաբեկչական օբյեկտներ ոչնչացնելու տեսանկյունից, ապա դրանք զսպիչ դերակատարություն կարող են ունենալ նաև Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում։ Ու Հայաստանի միջոցով Հնդկաստանը հնարավորություն է ստանում զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի աճող հավակնությունները։ Այս համատեքստում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության խորացումը դառնում է Հնդկաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում ինչ-որ առումով ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմանը զուգահեռ ուժեղացել են Թուրքիայի դիրքերը։ Պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ սպառազինություններ, որոնք Հնդկաստանը մատակարարում է Հայաստանին, ռուս-հնդկական համատեղ նախաձեռնությունների արդյունք են, ու դրա համար անհրաժեշտ է նաև ռուսական կողմի համաձայնությունը։ Սակայն խնդիրն այն է, որ հայ-հնդկական հարաբերությունների դինամիկան չպետք է սահմանափակվի զուտ ռազմական մատակարարումներով։ Ակնհայտ է, որ Նյու Դելիի տեսլականում Հայաստանը կարող է դառնալ այն կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, որի միջոցով հնարավոր կլինի խորացնել Հնդկաստանի տնտեսական ներկայությունն այդ տարածաշրջանում՝ հատկապես Արաբական ծովից դեպի Սև ծով և եվրոպական շուկաներ մուտք գործելու տեսանկյունից։

Հնդկաստանը Հյուսիս-Հարավ տնտեսական միջանցքի կարևոր ջատագովներից է, իսկ այս տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև հնդկական ներդրումները և ենթակառուցվածքները։ Հարկավոր է հաշվի առնել, որ Հնդկաստանը ներկայում աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է, որի բնակչությունն անցել է 1,4 միլիարդը, ինչպես նաև հինգերորդ խոշոր տնտեսությունն է աշխարհում՝ գերազանցելով նույնիսկ Մեծ Բրիտանիային։ Այս երկիրը համարվում է տեխնոլոգիական, դեղագործական, տեքստիլի, տեղեկատվական տեխնոլոգիաների հսկա, և նրա տնտեսական աճի տեմպերը գերազանցում են անգամ Չինաստանին։

Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից Հնդկաստանի հետ հարաբերությունների հսկայական ներուժը լիովին օգտագործված չէ։ Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները շարունակում են սևեռված մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կասկածելի «խաղաղության օրակարգի» վրա, որի արդյունքում հայկական կողմն անընդհատ զիջումների է գնում։ Այնինչ, Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը կարող է լրացուցիչ առավելություն տալ հայկական կողմին։ Համագործակցությունը կարող է ներառել մի շարք ուղղություններ՝ սկսած Հնդկաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավումից հայկական շուկայում, վերջացրած դեղագործության ոլորտում համատեղ արտադրության կազմակերպումով՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը աշխարհի դեղարտադրության կենտրոններից է։ Կարելի է դիտարկել կրթական համագործակցությունը, մշակութային փոխանակումները, զբոսաշրջության զարգացման ուղղությունները՝ հատկապես հնդիկ այցելուների ներգրավման տեսանկյունից, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների խթանումը՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը բավական ակտիվ ներդրումային քաղաքականություն ունի հատկապես Գլոբալ հարավում։ Ու չնայած մեծ թվով Հնդկաստանի քաղաքացիներ գալիս են Հայաստան աշխատելու կամ սովորելու նպատակով, բայց դա համագործակցության համար եղած պոտենցիալի միայն չնչին տոկոսն է։

Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ համագործակցությունը դիտարկել ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլև կոնկրետ ռազմավարական նախագծերի շրջանակում։ Մինչ օրս չի արձանագրվել որևէ խոշոր նախաձեռնություն, որը կարող էր դիրքավորել Հայաստանը որպես Հնդկաստանի վստահելի տնտեսական գործընկեր։ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում բացակայում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը խթանելու երկարաժամկետ ռազմավարությունը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները