«Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցը պարբերաբար հայտնվում է քննարկումների փուլում։ Ադրբեջանը չի դադարում պահանջներ ներկայացնել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվում ենք, թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս առումով։ Նշում է՝ երբ այս տարվա մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանը և Բաքուն համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» վերջին 2 կետի վերաբերյալ, պաշտոնական Բաքուն գրեթե անմիջապես հայտարարություն արեց, որից հասկացանք՝ իրենք ունեն նախապայման՝ փաստաթուղթը ստորագրելու հետ կապված։ «Նախապայմանը բաղկացած էր երկու մասից՝ Մինսկի խմբի լուծարում և սահմանադրական փոփոխություններ։ Դա տրամաբանորեն նշանակում էր, որ «Խաղաղության պայմանագիրն» ընդամենը մի փաստաթուղթ է, որը Ադրբեջանի պահանջների փաթեթներից մեկն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա պահանջներից մեկն է, կան նաև այլ պահանջներ։ Այդ պահանջներից ևս մեկն Ալիևը բարձրաձայնեց։ Խոսքն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», «Արևմտյան Ադրբեջան փախստականների վերադարձի» մասին է։ Պետք է հասկանանք մի բան։ Նախ՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իրավունք չունի թույլ տալու այն նույն սխալները, որոնք Հայաստանը թույլ տվեց 1991-ին, 1994-ին։ 1991 թվականին էլ կարող էինք ճանաչել Արցախի անկախությունը, դա չարեցինք, 1994 թվականին, երբ պարտադրվեց զինադադար, այդ ժամանակ էլ կարող էինք պարտադրել Ադրբեջանին ճանաչել Արցախը։ Մենք դա չարեցինք։ Հիմա Ադրբեջանը, իր իսկ օրինակից ելնելով, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին վերականգնվելու պատմական հնարավորություններ չտա։ Դրանով են պայմանավորված ի հայտ եկող այս նորանոր պայմանները, նախապայմանները։ Բայց պետք է հասկանանք նաև մի բան՝ Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային։ Իրենք էլ են շահագրգռված, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Հայաստանում, և եթե նույնիսկ Փաշինյանին չտան «Խաղաղության պայմանագիր», կարող են մեկ այլ փաստաթուղթ տալ։ Ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։ Շատերն, իհարկե, մոռացել են, բայց այս տարի նոյեմբերի 9-ին լրանում է 2020 թ. նոյեմբերի հայտարարության 5-րդ տարին։ Հիմա կա, մեղմ ասած, հիմնավոր կասկած, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին կարող են ինչ-որ մի փաստաթուղթ առաջարկել, որն, այսպես ձևակերպենք, կլինի մտադրությունների մասին ինչ-որ փաստաթուղթ, որտեղ կողմերը կարձանագրեն, որ նպատակ ունեն հասնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և այլն։ Բայց այդ փաստաթղթի հիմնական նպատակը լինելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական, ինստիտուցիոնալ ոչնչացումը։ Ամենամեծ խնդիրներից մեկը դա է, որովհետև եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչնչանում է, ինստիտուցիոնալ առումով ոչնչացնում ես հիմքերը, որոնցով Ռուսաստանի Դաշնությունը կարող է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, ավելի մեծ հնարավորություններ ես տալիս Ադրբեջանին և Թուրքիային՝ միասին վերջնականապես «լուծել Հայաստանի հարցը»։ Այ սա ֆունդամենտալ խնդիրներից մեկն է, որի հետ բախվելու ենք շատ մոտ ժամանակահատվածում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մաթևոսյանը։

Երբ հարցնում եմ վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ալբանիա կատարած այցի և քաղաքագետի ստացած տպավորությունների մասին, նա արձագանքում է. «Իմ տպավորությամբ, Ալբանիայում հիմնական քննարկված թեմաներից մեկը եղել է այն, ինչի մասին նշեցի քիչ առաջ. արդյոք Թուրքիան և Ադրբեջանը պատրա՞ստ են Փաշինյանին ինչ-որ մի փաստաթուղթ «տալ», որը նա կարող է սպասվելիք ընտրությունների ժամանակ օգտագործել։ Նա կասի՝ տեսեք, խոսք էի տալիս խաղաղություն, ճիշտ է, «Խաղաղության պայմանագիր» չեմ բերել, բայց բերել եմ պայմանագիր «Խաղաղության պայմանագրի» մասին, սա՝ օրինակի համար։

Քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դա է։ Փաշինյանն ինքն իրեն դրել է մի իրավիճակի մեջ, երբ իր իշխանության լեգիտիմությունը, նույնիսկ իր ընկալմամբ, պայմանավորված է նրանով, թե ինչ փաստաթուղթ կտա Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետևաբար, հիմնական քննարկման հարցը տրամաբանորեն հենց դա է։ Եվս մեկ կարևոր հարց է քննարկվել Ալբանիայում։ Հայաստանի Հանրապետությունը մտադրություն ունի գալիք տարի Եվրոպական ընտանիքի գագաթաժողովը հյուրընկալել մեր երկրում (երեկ այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարվեց-խմբ.), ինչի վերաբերյալ իր տեսակետները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ ռուսական պատվիրակությունը հայտնել է հայկական կողմին։ Տեսնենք, թե վերջնական որոշումը ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանությունների կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի մասին։ Այնպիսի մի փուլում ենք ապրում, որ օտարերկրյա ցանկացած պաշտոնյայի այցի պարագայում տողատակեր ենք փնտրում, անգամ թաքնված մեսիջներ։ Որո՞նք էին Լավրովի այցի հիմնական մեսիջները։ «Սերգեյ Լավրովի այցից կարելի է երկու բան առանձնացնել։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տարբեր ֆորմատներով հանդիպումների, զրույցների, հայտարարությունների ժամանակ Սերգեյ Լավրովը արձանագրեց այն, ինչը պետք էր երևի արձանագրել հենց Հայաստանում, այն է, որ Արցախի հարցի «լուծման» ներկայիս փաթեթը հայ հասարակությանը, հայ ժողովրդին պարտադրել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ են ասում իշխանությունները։ Եղան Ջերմուկի դեպքերը, դրա համար ստիպված էինք դա անել և այլն։ Կամ էլ ասում էին, որ օգոստոսին Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանը առաջարկ արեց, բայց Ադրբեջանը չընդունեց կարգավիճակի վերաբերյալ հարցը հետագային թողնելու առաջարկը, դրանից էլ ծնվեց Պրահայի հայտարարությունը։ Կարևոր շեշտադրումներ արվեցին Լավրովի կողմից։ Կար ջենթլմենական համաձայնություն, որ այդ հարցը թողնվելու է ապագային։ Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմն իր աղետաբերությամբ շատ ավելի ցավոտ էր մեզ համար, քան այն, ինչ տեղի ունեցավ Ջերմուկում, բայց 44-օրյայի ժամանակ հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը, դեռ մի բան էլ Արցախի կարգավիճակը թողնել ապագային, իսկ Նիկոլ Փաշինյանն օգտագործեց Ջերմուկի դեպքերը, որպեսզի «ձեռքերը լվանա» Արցախից։ Այսինքն, կար հնարավորություն այլ «լուծում» տալ այս իրավիճակին, բայց Հայաստանի իշխանություններն ընտրեցին տարբերակ, որով բավարարեցին Ադրբեջանի պահանջները։ Եվս մի կարևոր շեշտադրում, որը կարմիր թելով անցնում էր Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում։ Ուզո՞ւմ է Հայաստանը ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, ռուսները պատրաստ են այդ հարցում աջակցել, ուզո՞ւմ է Եվրամիության դիտորդական առաքելություն, լավ, Ռուսաստանը դրա հետ խնդիր չունի, ուզո՞ւմ են ռուս սահմանապահների ներկայությունը հայ-թուրքական սահմանին, ռուսները պատրաստ են դրանում աջակցել, չեն ուզում, չի լինի։ Ռուսական կողմն անդադար օգտագործում է այն ձևակերպումը, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինքնիշխան որոշումներ կարող է կայացնել։ Հիմա ինքնիշխանությունը կարող է նաև նեգատիվ բնույթ ունենալ։ Նեգատիվ բնույթն այն է, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ Ռուսական կողմի անդադար շեշտադրումները, որ դա ինքնիշխան որոշում է, դուք ինքնիշխան եք, որոշակի ուղերձ է նաև հանրությանը՝ հարգելի հայ ժողովուրդ, ճիշտ է, քեզ բարեկամ ենք համարում, բայց ունես իշխանություն, որն այս տեսակ մոտեցումներ ունի։ Եթե ուզում եք վերանայել իրողությունները, պատրաստ ենք այդ վերանայված իրողությունների հետ էլ հաշվի նստել, եթե ուզում եք վերադառնալ դաշնակցային հարաբերություններին, դրան էլ ենք պատրաստ։ Գնդակը հայ հասարակության քաղաքական դաշտի վերնախավի կիսադաշտում է։ Պետք է ինքներս հետևություններ անենք այս ամենից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար
Ամենաընթերցվածները