Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները վերջին տարիներին նոր որակ և դինամիկա են ստանում՝ պայմանավորված ինչպես գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ երկու պետությունների ռազմավարական շահերի ավելի հստակ համընկնումով։

Հնդկաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ երկար տարիներ պահպանողական մոտեցումներ էր ներառում՝ պայմանավորված հիմնականում իր ներքին ու տարածաշրջանային առաջնահերթություններով։ Սակայն վերջին տասնամյակում, հատկապես Չինաստանի ազդեցության գլոբալ ընդլայնման, Պակիստանի՝ Թուրքիայի հետ ամրապնդվող կապերի ու Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների խորացման ֆոնին, Հնդկաստանը սկսել է վերանայել իր դիրքավորումը։ Ու եթե նախկինում հայ-հնդկական կապերը հիմնականում սահմանափակվում էին մշակութային ու խորհրդանշական հարաբերությունների շրջանակում, ապա ներկայում նկատվում է մի նոր շրջան, երբ այդ հարաբերությունները կարող են վերաճել ռազմավարական գործընկերության՝ ընդգրկելով քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքակրթական մակարդակները։ Այս զարգացումը հատկապես ակտուալ է դառնում այն համատեքստում, երբ Հնդկաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ շարունակաբար լարվում են՝ կապված Պակիստանին աջակցելու և Անկարա-Բաքու-Իսլամաբադ համագործակցության առանցք ստեղծելու նախաձեռնությունների հետ։

Այս պարագայում նշյալ եռակողմ գործընկերությանը հակակշռելու տեսանկյունից Հայաստանը Նյու Դելիի համար կարող է դիտարկվել որպես կարևոր հենարան, որի հետ համագործակցությունը կարող է ունենալ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես քաղաքակրթական մոտիվներ։

Նկատենք, որ պատմականորեն Հնդկաստանն ու Հայաստանն ունեն հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային կապեր։ Հայերը Հնդկաստանում ներկայություն են ունեցել դեռևս միջնադարում, իսկ Հնդկաստանի հայկական համայնքը դարձել է 17-18-րդ դարերում հայկական Սփյուռքի կրթական, կրոնական ու տնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընդ որում, հնդկահայերը ոչ միայն ակտիվորեն մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին, այլև հասել են բարձր դիրքերի՝ հատկապես կարևոր դեր կատարելով ծովային առևտրի զարգացման գործում։ 18-րդ դարի սկզբին Մադրասի, Կալկաթայի, Բոմբեյի հայ առևտրական տներն ակտիվ կապեր էին հաստատել եվրոպական ու ասիական տարբեր քաղաքների հետ: Նրանք ունեցել են սեփական նավեր, նույնիսկ նավահանգիստ Կալկաթայում։

Իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններն այս պատմամշակութային կապերի ժառանգությանը նոր նշանակություն են տալիս՝ դառնալով ոչ միայն մշակութային կապերի հիմք, այլև դիվանագիտական և ռազմավարական համագործակցության խթան։ Երևան-Նյու Դելի երկկողմ փոխգործակցության որոշակի ինտենսիվացումը, Հայաստանի կողմից՝ հնդկական սպառազինությունների գնումները, Հնդկաստանի կողմից՝ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական համագործակցության ուղիների քննարկումը խոսում են այն մասին, որ կողմերն սկսել են տեղաշարժ ապահովել նաև գործնական հողի վրա։

Սակայն ներկայիս համագործակցության մակարդակը դեռևս հեռու է այն ողջ ներուժի իրացումից, որն առկա է։ Չնայած պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ կատարված որոշ քայլերին՝ Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական հարաբերություններն առայժմ մնում են թույլ զարգացած։ Առևտրաշրջանառության ծավալները գրեթե աննշան են, թեպետ երկու երկրների միջև սերտ տնտեսական հարաբերություններ հաստատելու ահռելի պոտենցիալ կա։ Հնդկաստանն, օրինակ՝ կարող է հանդես գալ որպես բարձր տեխնոլոգիական արտադրանքի, դեղագործական ապրանքների, ծրագրային, ֆինանսական ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի մատակարար, իսկ Հայաստանը՝ որպես ինտելեկտուալ ներուժ ունեցող գործընկեր՝ մասնակցելու այդ ծրագրերին՝ օգտագործելով իր մտավոր ռեսուրսներն ու աշխարհագրական դիրքը։ Բացի այդ, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը, կրթական ռեսուրսները և գիտական ներուժը կարող են ներդրվել Հնդկաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերում՝ հատկապես տարածաշրջանային նորարարական կենտրոններ ստեղծելու համատեքստում։

Այն պայմաններում, երբ հնդկական բիզնեսը սկսել է բոյկոտել թուրքական ու ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները, սա հայկական կողմի համար կարող է բարենպաստ ժամանակ լինել՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու, որ հնդիկ գործարարները ներդրումներ իրականացնեն Հայաստանում և հայկական շուկան դիտարկեն որպես թուրքական և ադրբեջանական շուկաներին այլընտրանք։ Հայաստանը կարող է նաև հանդես գալ որպես Հնդկաստանի համար հարթակ՝ Իրանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկկողմ կամ բազմակողմ տնտեսական կապերի ձևավորման համար։

Հենց այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը, ԵԱՏՄ կազմում լինելու հետ մեկտեղ, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր է կնքել ու եվրոպական համայնքի հետ է զարգացնում իր հարաբերությունները։ Այս երկակի կապը Հայաստանին դարձնում է եզակի օղակ՝ Հնդկաստանի տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչման տեսանկյունից։ Ու Հայաստանը հնարավորություն է ստանում դիրքավորվել որպես հնդկական այնպիսի խոշոր նախաձեռնությունների իրականացման կարևոր հանգուցակետ, ինչպիսին, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն է։

Այստեղ կարևորվում է նաև Հնդկաստանի ներգրավվածությունը Իրանի հետ համագործակցության ծրագրերում, ինչը կարող է օգտագործվել նաև Հայաստանի՝ դեպի հարավ բացվող ճանապարհների (Իրանով դեպի Պարսից ծոց և Արաբական ծով) զարգացման համար։ Եվ եթե կյանքի կոչվի Հնդկաստանի մասնակցությամբ «Հնդկաստան-Իրան-ՀայաստանՎրաստան» տրանսպորտային առանցքի նախաձեռնությունը, ապա դրա արդյունքում կփոխվի ողջ տարածաշրջանային կոմունիկացիոն քարտեզը։ Չօգտագործված ներուժ կա նաև մշակութային և կրթական համագործակցության դաշտում։ Այս տեսանկյունից կարելի է ձևավորել փոխանակման ծրագրեր, իրականացնել համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև Հնդկաստանից դեպի Հայաստան կամ հակառակ ուղղությամբ գիտնականների ներգրավում՝ հատկապես բարձրագույն կրթության և ինովացիոն ոլորտներում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները