Սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակն ու գնաճի բացվող երախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական պայմանների ու սոցիալական կյանքի ամենազգայուն ցուցիչներից մեկը գնաճն է, որը հստակորեն ազդում է բոլորիս վրա՝ անկախ եկամտի մակարդակից, զբաղվածությունից կամ նույնիսկ... քաղաքական հայացքներից։

Հայաստանում ապրիլի տվյալները ցցուն կերպով ցույց են տալիս, որ երկիրը մտել է նոր գնաճային փուլ, որի հետևանքները խորանում են հասարակության լայն շերտերի համար։ Նկատի ունենանք, որ գնաճը շատ ավելի վտանգավոր երևույթ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այն սոցիալական անհավասարության խորացման գործոն է, որն իր մեջ պարունակում է ներքին շուկայի դինամիկայի խախտման, արտագաղթի ալիքների խթանման, առողջության և կրթության հասանելիության նվազեցման վտանգ։

Սննդամթերքի ավելի քան 5 տոկոսանոց թանկացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անշուշտ, վերադառնում է հասարակական ուշադրության կենտրոն՝ դառնալով նաև միջազգային կազմակերպությունների մտահոգության առարկա։ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցները վկայում են, որ Հայաստանը, լինելով փոքր և արտաքին շուկաներից խիստ կախված տնտեսություն, կանգնած է միաժամանակ մի քանի տնտեսական մարտահրավերի առաջ, որոնցից առաջինը գնաճն է՝ հատկապես սննդամթերքի ոլորտում։

Եթե դիտարկենք ապրանքային հատվածները, ապա պարզ կդառնա, որ թանկացումները հիմնականում վերաբերում են կենսական անհրաժեշտության ապրանքներին՝ կարտոֆիլ, ձուկ, ձեթ, սուրճ, կարագ, շոկոլադ և միրգ։ Այս ապրանքները կազմում են միջին ընտանիքի ամենօրյա սպառման մեծ մասը, ուստի դրանց թանկացումն անմիջականորեն ազդում է բնակչության սպառողական վարքագծի և կենսամակարդակի վրա։

Ամենաուշագրավ և, միևնույն ժամանակ, ամենահարվածող տվյալներից է կարտոֆիլի գնի աճը շուրջ 50 տոկոսով։ Նման չափով թանկացումը բնակչության համար ոչ միայն լուրջ խնդիր է ստեղծում, այլև բացահայտում է ներմուծումների, տեղական արտադրության և պարենային քաղաքականության խոցելի կետերը։ Կարտոֆիլագործությունը գյուղատնտեսության այն ճյուղն է, որն ունի տեղական արտադրության բարձր ներուժ, դրա համար ո՛չ տեխնիկայի, ո՛չ էլ հողերի պակաս չկա, սակայն թանկացման նման տեմպերը վկայում են ներմուծումից կախվածության և ներքին շուկայում մատակարարման ցածր արդյունավետության մասին։ Մի ժամանակ Փաշինյանը հեգնում էր, թե կարտոֆիլի գները «թռել են», մարդիկ թող սոխ ուտեն, խառը կանաչի ուտեն, որոնց գները ցածր են։ Իսկ հիմա կոնկրետ իրեն հարցնելու պահն է, թե ինչո՞ւ կառավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում պարենային անվտանգության մասով, որ նման իրավիճակների առաջ ենք կանգնում։

Պատահական չէ նաև, որ սննդամթերքի գնաճի այս ալիքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրում տնտեսական աճը դանդաղում է։ Հայաստանի տնտեսական ակտիվության աճը այս տարվա հունվարապրիլին շարունակում է մնալ ցածր մակարդակում՝ կազմելով շուրջ 4,4 %, ինչը նախորդ տարիների համեմատ համեստ է, չի բավարարում գնաճի և սոցիալական խնդիրների լուծման պահանջներին։ Ու չնայած տնտեսության ցուցիչները ժամանակի ընթացքում որոշակի աճ են արձանագրում, բայց այդ աճը բավարար չափով սոցիալական կյանքի վրա չի տարածվում։ Ավելին, թանկացումները հաճախ մի քանի անգամ գերազանցում են տնտեսական աճի ցուցանիշները։ Ու դա է պատճառը, որ տնտեսական աճը վերածվում է ընդամենը լոկ թվերի, քանի որ մարդիկ դրա փոխարեն միայն գնաճն են զգում։

Արտաքին առևտրի պասիվացումն էլ ազդում է արտահանման ու ներմուծման հարաբերակցության վրա՝ սահմանափակելով տնտեսության «շնչառությունը»։ Հայաստանը մեծապես կախված է արտաքին շուկաներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից, և միջազգային շուկայում ցնցումներն անմիջապես արտացոլվում են ներսի ինֆլ յացիոն տրամաբանության վրա։ Ռուսական ռուբլու անկայունությունը, լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային գնաճային ճնշումները՝ հատկապես պարենային ապրանքների ու էներգակիրների շուկայում, արտահայտվում են Հայաստանի ներքին գնաճային ալիքներում։ Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ մեր տնտեսությունն ավելի ու ավելի շատ է հենվում ներմուծման վրա։

Սակայն միայն արտաքին գործոնները չեն այս իրավիճակի պատճառը։ Հայաստանի կառավարության վարած տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ առկա են լրջագույն բացեր՝ մասնավորապես գնաճին դիմագրավելու արդյունավետ մեխանիզմների բացակայության տեսանկյունից։ Կառավարությունն այդպես էլ ի վիճակի չի լինում կարգավորող քայլեր ձեռնարկել շուկայում, որպեսզի գնաճը սկսի նահանջել։ Դրա փոխարեն իշխանությունները մի շարք ուղղություններով յուղ են լցնում գնաճի սարսափազդու կրակի վրա՝ կտրուկ բարձրացնելով հարկերը։ Մյուս կողմից էլ՝ քայլեր չեն ձեռնարկվում գոնե քաղաքացիների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Թոշակներն ու աշխատավարձերը գրեթե «անհիշելի ժամանակներից» չեն բարձրացել։ Իսկ կառավարության կողմից ձեռնարկվող ծրագրերն էլ շատ հաճախ կենտրոնացած են կարճաժամկետ ազդեցության վրա, մինչդեռ անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխությունների քաղաքականություն, որը կներառի տեղական արտադրության խթանում, մատակարարման շղթաների օպտիմալացում, շուկաների դիվերսիֆիկացում և գնային վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդում։

Այս ֆոնին Հայաստանի աշխատաշուկայում առկա իրավիճակն արտացոլող տվյալները շարունակում են մնալ մտահոգիչ։ Ու այդ միտումները գալիս են անգամ անցյալ տարվանից։ Ըստ Համաշխարհային բանկի, գործազրկության մակարդակը 2024 թվականին հասել է 13,9 տոկոսի՝ 2023 թվականի 12,4 տոկոսի դիմաց։ Սա վկայում է ոչ միայն աշխատաշուկայի պահանջարկի թուլացման, այլև այն մասին, որ տնտեսության աճը բավարար չէ նոր աշխատատեղեր ստեղծելու կամ գոյություն ունեցողները պահպանելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները