Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արտահայտվում է միաժամանակ մի քանի հարթություններում ծավալվող, սակայն փոխկապակցված գործընթացների համադրումով, որոնք Անկարան փորձում է ծառայեցնել իր շահերին։ Մի կողմից՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային տերություն լինելու իր հավակնության շրջանակում, իսկ մյուս կողմից՝ կառուցել նոր դիվանագիտական օրակարգ, որը համաշխարհային մրցակցության խորացման պայմաններում կբարձրացնի իր դերը տնտեսական, անվտանգության և քաղաքական ուղղություններով։

Արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններից մեկն անշուշտ Սիրիայում տեղի ունեցած էպոխալ շրջադարձն էր, որը հնարավորություն ընձեռեց Թուրքիային դառնալ առանցքային դերակատար Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում։ Մյուս կողմից՝ Սիրիայում թուրքական ազդեցության հաստատումը ուղեկցվում է նաև որոշ կողմերից հակազդեցության ուժեղացմամբ՝ հատկապես Իսրայելի մասով, քանի որ այդ երկրում լուրջ մտահոգություն ունեն, որ Թուրքիան կարող է զինել սիրիական խմբավորումներին և ուղղորդել Իսրայելի դեմ։

Այնուամենայնիվ, Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներում ամենակարևոր տեղը շարունակում է զբաղեցնել Եվրոպան։ ԵՄ-ն մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար հատկապես իր տնտեսական աճը խթանելու և ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Ու այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը սպառնում է, որ Եվրոպայի համար անվտանգության հովանոց չի ապահովի, ու հենց եվրոպական երկրները պետք է ապահովեն իրենց անվտանգությունն ու ռազմական ծախսերն ավելացնեն, Թուրքիայի դերակատարությունը, որպես ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր ցամաքային ուժերն ունեցող երկիր, ավելի ու ավելի է մեծանում։ Բայց Թուրքիային անհրաժեշտ է, որ հավաքական Եվրոպան լինի մասնատված ու թույլ, քանի որ իր ռազմավարական ծրագրերի մեջ է մտնում Բալկաններում իր ազդեցության ներթափանցումն՝ ի հաշիվ ԵՄ-ի։ Իսկ ծովային տարածքների մասով Թուրքիան կոնկրետ նկրտումներ ունի Հունաստանի նկատմամբ, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ հարաբերությունները կտրուկ սրվում են։

Արևելյան Միջերկրականի ծովային տարածքների մասով Թուրքիան հակադրության մեջ է նաև Եգիպտոսի հետ։ Ու, ընդհանուր առմամբ, Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները ակնհայտ են նաև Աֆրիկայի ուղղությամբ։ Եթե երկար ժամանակ աֆրիկյան երկրները Թուրքիայի կողմից կարևորվում էին հատկապես իրենց տնտեսական հնարավորությունների և ռեսուրսների համար, ապա ներկայումս Աֆրիկայում Թուրքիայի քաղաքականությունը չի սահմանափակվում բացառապես տնտեսական ներգրավմամբ կամ դիվանագիտական ներկայացուցչություններով։ Անկարան այժմ հանդես է գալիս որպես ռազմական և անվտանգային գործոն։ Թուրքական ռազմական ուժերը ներկայություն են հաստատել Լիբիայում՝ քաղաքացիական պատերազմի շրջանակներում աջակցելով ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը։

Մյուս կողմից էլ՝ թուրքական զինված ուժերի կողմից Սոմալիում ծովային անվտանգության ապահովման նախաձեռնությունը, Աբեշեում ռազմական բազայի վերահսկման հնարավորության ձեռքբերումը, ինչպես նաև Սուդանում միջնորդական դեր ստանձնելու ձգտումը վկայում են Թուրքիայի նոր մտահղացման մասին՝ Աֆրիկան Անկարայի շահերի տեսանկյունից դիտարկել որպես «ռազմավարական խորություն»։

Հասկանալի է, որ թուրքական ակտիվության մյուս ուղղությունը Հարավային Կովկասն է, որտեղ Արցախյան պատերազմից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում էականորեն մեծացել է, սակայն ողջ տարածաշրջանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո, եթե պանթուրքական նախաձեռնությունները հաջողություն արձանագրեն։ Իսկ այդ նախաձեռնություններից վճռորոշն այս պահին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Ու պատահական չէ, որ այս թեման դուրս չի գալիս Թուրքիայի օրակարգից։ Դրա համար էլ վերջերս Էրդողանը նորից դիմեց Իրանին, որ համաձայնի այս նախագծի իրականացմանը։ Իսկ Թուրքիայի ազդեցության ընդլայնումը սպառնում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին ու Իրանին, բայց արևելյան ուղղությամբ Անկարայի հավակնությունները ամենաշատը վտանգավոր են Հայաստանի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմաններից մեկն էլ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձին»։ Պարզ է, որ նման պահանջները Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխելու հեռուն գնացող նպատակներ են հետապնդում, որն, ի վերջո, կարող է ճանապարհ բացել հայկական պետականության վերացման համար։

Ուստի, պետք է մեծապես հաշվի առնել այս հանգամանքը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելիս, իսկ մյուս կողմից էլ՝ նկատի ունենալ, որ Անկարան տարբեր ուղղություններով իր ունեցած ռեսուրսների համեմատությամբ չափազանց մեծ աշխարհաքաղաքական բեռ է վերցրել իր ուսերին։ Եվ եթե որևէ ուղղությամբ Անկարան լուրջ անհաջողության բախվեց, ապա դա իր ազդեցությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում թուրքական ակտիվության վրա։ Բացառված չէ նաև այնպիսի զարգացումը, որ ինչ արագությամբ Թուրքիան ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդպիսի արագությամբ էլ հեռանա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Եվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանը Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասին Ռուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին Մարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ն չի կարողանա նրան գազ մատակարարել նախկին գներով․ Ցիվիլև Եվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար ԱՄՆ ֆիննախը ցանկանում է Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել․ WP Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք. Զախարովա Ափսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ նա անհավանական տաղանդ ունի․ Ժունիոր Եթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը կհարստանա, թող ապահովի. Լավրով
Ամենաընթերցվածները