Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առավել մանրակրկիտ դիտարկման կարիք ունեն՝ հասկանալու համար ինչպես ֆինանսա-տնտեսական քաղաքականության արդյունավետության սահմանները, այնպես էլ պետական կառավարման կառուցվածքային բացթողումներն ու քաղաքական անհավասարակշռությունները։

Ընդհանուր տնտեսական միջավայրի համեմատաբար կայունության ֆոնին, երբ առկա էին տնտեսական աճի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, Հայաստանի տնտեսությունն անցած տարվանից սկսած գրանցում է աճի տեմպերի ակնհայտ դանդաղում՝ պայմանավորված մի շարք իրողություններով, որոնցից առանցքայինը նախորդ տարիներին սկսված խթանիչ գործոնների մարումն է։ Այս իրավիճակում գրանցվել է 5,9 % տնտեսական աճ, ինչը մակրոտնտեսական առումով, անշուշտ, դրական ցուցանիշ է, սակայն պետք է դիտարկվեն ոչ միայն թվաբանական, այլև աճի նման տեմպերի որակական ցուցանիշները՝ հաշվի առնելով դրա կառուցվածքը և ազդեցությունը ընդհանուր տնտեսական հիմքերի վրա։

«Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը վկայում է, որ այդ աճը հիմնականում ձևավորվել է ծառայությունների և առևտրի ոլորտների շնորհիվ, որոնց ազդեցությունն ավելացված արժեքի ստեղծման հարցում գրեթե էականորեն սահմանափակ է։ Այս առումով կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսական աճի մասնաբաժնում մեծ տեղ է զբաղեցրել տարեսկզբին ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների կտրուկ աճը, սակայն այս գործընթացի ազդեցությունն աստիճանաբար չեզոքացվեց։ Բայց քանի որ տնտեսական ցուցանիշները հաշվարկվում են հենց այսպիսի անցողիկ ներգործություններով, ապա իրական տնտեսական էֆեկտը վերածվում է ընդամենը մակերեսային երևույթի, որը երկարաժամկետ զարգացման առումով ունի խիստ թույլ արդյունավետություն։

Տնտեսական աճի մասով, նույնիսկ եթե այն թվով արտահայտվում է 5,9 %-ով, պետք է հարցադրում արվի՝ արդյոք այն ձևավորվե՞լ է տնտեսության այն հատվածներում, որոնք կարող են ապահովել կայուն զարգացում և սոցիալական բարելավում։ Հակառակ պարագայում, բյուջեի կատարողականն առավելապես մնալու է թվաբանական վարժություն, որի իրական արժեքը չափվում է ընդամենը հաշվետվությունների մակարդակում, այլ ոչ թե հասարակության առօրյայի բարելավման հիման վրա։

Պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումներից շեղումները նույնպես, որոնք արձանագրվել են թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի մակարդակում, խոսում են մի կողմից՝ տնտեսության փխրունության ու թույլ իմունիտետի, իսկ մյուս կողմից էլ՝ կառավարական կանխատեսումների ու դրանց շուրջ ձևավորվող գործընթացների ոչ ճշգրիտ բնույթի մասին։ Նկատի ունենանք, որ անցած տարի տնտեսական աճը կազմել է կառավարության կանխատեսած 7 %-ից 1,1 %-ով քիչ, ինչն ինքնին կարող էր համարվել համեստ շեղում, եթե դա չուղեկցվեր մյուս հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների անկմամբ։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 %՝ նախանշված 24,9 %-ի փոխարեն, իսկ միջին գնաճը կազմել է ընդամենը 0,3 %՝ կանխատեսված 3,2 %-ի դիմաց։ Այս ամենի հետևանքով հարկային եկամուտների հավաքագրումը հետ է մնացել պլանավորվածից՝ 222,7 մլրդ դրամի չափով։

Սա, ըստ էության, բյուջեի ծրագրավորման համակարգի խոցելիության խորհրդանիշ է, երբ տնտեսության իրական տեմպերը և գնաճային միջավայրը չեն համապատասխանում նախանշված ֆիսկալ հիմքերին։ Իսկ նման ոչ ճշգրիտ կանխատեսումները և շեղումները ոչ միայն բարդացնում են պետական ծրագրերի իրագործումը, այլև նվազեցնում են հանրային վստահությունը բյուջետային գործընթացի նկատմամբ։

Սակայն իրադրությունը մտահոգիչ է նաև ծախսերի կատարման մակարդակում արձանագրված խնդիրների խորության տեսանկյունից։ Ընդհանուր ծախսերի կատարողականը կազմել է 93,9 %՝ նախորդ տարվա 97,1 %-ի համեմատ։ Փաստացի, արդեն տարիներ շարունակ կապիտալ ծախսերի թերակատարումը Հայաստանի համար դարձել է սովորական երևույթ։ Այնինչ, կապիտալ ծախսերը համարվում են տնտեսության զարգացման շարժիչ գործոններից մեկը, որոնք ունեն երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություն։ Երբ այդ հատվածում առկա է թերակատարում՝ հատկապես հանրային ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական համակարգերի ոլորտներում, ապա դա նշանակում է ոչ միայն կոնկրետ ծրագրերի ձախողում, այլև երկրի մրցունակության համակարգային թուլացում։

Նշված հատվածում առավել տագնապալի է հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման և բարելավման ծրագրի կատարման մակարդակը՝ ընդամենը 35,3 %, ինչը փաստացի նշանակում է, որ երեխաների կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող պետական ջանքերը անարդյունավետ են եղել։

Ծախսերի կատարման խնդիրը միայն ընդհանուր կատարողականի մակարդակով սահմանափակվող երևույթ չէ։ Ծրագրային մակարդակում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մի շարք կարևոր ոլորտներում ևս կան լրջագույն թերակատարումներ՝ որոշ դեպքերում նույնիսկ չգերազանցելով 50 %-ը։ Սա վկայում է ոչ միայն բյուջետային պլանավորման սխալների, այլ նաև բյուջետային կառավարման ցածր ինստիտուցիոնալ կարողությունների մասին։ Մինչ որոշ ծրագրեր չեն իրագործվում, պետական ռեսուրսները վերաուղղվում են այլ նախագծերի, ընդ որում՝ առանց ռազմավարական հիմնավորումների, ինչը պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում և տպավորություն թողնում բյուջետային ռեսուրսների տեղաշարժի կառավարման կամայականության մասին։ Մյուս կողմից էլ՝ միջին գնաճի զգալիորեն ցածր մակարդակը՝ 0,3 %, թեև մակրոտնտեսական մակերեսից կարող է թվալ դրական միտում, իրականում դարձյալ ունի երկակի ազդեցություն։

Մի կողմից՝ դա հուշում է, որ սպառողական գների ճնշումը մեղմ է եղել, սակայն մյուս կողմից էլ՝ ցուցիչ է ընդհանուր պահանջարկի նվազման մասին, որը կարող է կապված լինել բնակչության գնողունակության անկման հետ։ Հատկապես, երբ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակներից է ներքին պահանջարկի խթանումը՝ ներդրումային ծրագրերի և սոցիալ-տնտեսական աջակցության միջոցով, այսպիսի ցածր գնաճը կարող է մատնանշել տնտեսական ակտիվության կառուցվածքային խնդիրներ, այդ թվում՝ կապիտալ ներդրումների սառեցման պատճառով։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանի ունեցած կարողությունների օգտագործման և ինստիտուցիոնալ արդյունավետության խնդիրները սուր բնույթ են կրում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները