Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԷՑ-ի ազգայնացման թեման միայն այն տնօրինող ընկերության հարցը չէ և իր մեջ գլոբալ դրսևորումներ է պարունակում, որոնք կարող են տարածվել ողջ տնտեսական ու քաղաքական համակարգի վրա։ Այս շրջանակում բիզնեսների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու ազգայնացման անվան տակ սեփականության խլումը պետական կառավարման ամենավտանգավոր միտումներից են, ինչն ի սկզբանե հակասում է ոչ միայն իրավական նորմերին, այլև լրջագույն սպառնալիք է քաղաքական կայունության, տնտեսության զարգացման, ներդրումային վստահության և հասարակական համերաշխության համար։

Երբ պետությունն ընտրում է նման ուղի՝ բիզնեսների դեմ քողարկված կամ բացահայտ գործողություններ իրականացնելով, այն ոչ միայն խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ազդանշան է տալիս տնտեսական դերակատարներին, որ օրինականությունը սուբյեկտիվ գնահատման առարկա է, իսկ կայունությունը՝ իշխանության կամայականության արդյունք։

Նախ՝ պետք է հստակ հասկանալ, որ սեփականության իրավունքի խախտումը ոչ միայն իրավական, այլև բարոյաքաղաքական հարց է։ Սեփականությունն այն հիմնասյուներից է, որի վրա հենվում է քաղաքացիների վստահությունը սեփական երկրի նկատմամբ, և որն անհրաժեշտ նախապայման է ցանկացած կայուն տնտեսության համար։ Նորություն չէ, որ գործարարության միջավայրը առաջին հերթին հիմնվում է վստահության և կանխատեսելիության հիման վրա։ Իսկ երբ քաղաքացին կամ գործարարը տեսնում է, որ քաղաքական կոնյուկտուրան կարող է որևէ պահի օգտագործվել իր ներդրումները բռնագրավելու համար, ապա նա կա՛մ կորցնում է տնտեսական ակտիվության ձգտումները, կա՛մ ունենում է հակամետ տրամադրություն՝ կապը խզելու պետության հետ։ Եվ սա վերաբերում է ինչպես մանր ու միջին ձեռնարկատերերին, այնպես էլ խոշոր ընկերություններին ու միջազգային կորպորացիաներին։ Որպես կանոն, երբ բիզնեսները խլելու կամ ճնշելու մի քանի օրինակ հաջողվում է, ապա այն աստիճանաբար տարածվում է ամբողջ գործարար միջավայրի վրա՝ հող նախապատրաստելով անվստահության, վախի ու կապիտալի արտահոսքի համար։

Հիմա շատ տեսակետներ կան, որ ՀԷՑ-ի խլելը լուրջ խնդիրներ է ստեղծելու: Դա ակնհայտ է ու նույնիսկ քննարկման ենթակա չէ: Դա նույնն է, ինչ վիճարկես այն, որ 1+1 հավասար է երկուսի: Սակայն բազմաթիվ տնտեսագետներ, իրավաբաններ, այլ փորձագետներ ու հասարակական ու քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ այստեղ հարցը նույնիսկ ՀԷՑ-ը կամ մեկ այլ կառույց չէ: Հարցն այն է, որ գլոբալ առումով ներդրումների և գործարարության ամենամեծ խոչընդոտը հենց Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն են։ Ընդհանրապես, քպական իշխանությունը:

Այս իշխանությունը, նեղ անձնական, նեղ քաղաքական ու էլեկտորալ շահերից ելնելով, գործի է դնում մի կողմից՝ հարկային խիստ ու անընդհատ խստացվող վարչարարությունը, իսկ մյուս կողմից էլ՝ տնտեսական լծակները, որպեսզի ճնշի կամ խեղդի իրեն ոչ ցանկալի տնտեսվարողներին։

Հաջորդ կարևոր խնդիրը տնտեսական միջավայրի խեղաթյուրումն է։ Երբ սեփականության իրավունքը դառնում է հարաբերական, տնտեսությունն այլևս չի գործում մրցակցային կանոններով։ Փոխարենը սկսում են գործել սուբյեկտիվ, հաճախ էլ՝ քաղաքական մոտեցումներ, որտեղ տնտեսական արդյունավետությունը նահանջում է, իսկ շուկայի տրամաբանությունն այլևս տեղ չունի։ Դա բացասականորեն է անդրադառնում ինչպես հարկահավաքման արդյունավետության վրա, այնպես էլ ֆինանսատնտեսական դինամիկայի մակարդակում՝ սկսած մանր ձեռնարկատիրություններից մինչև բանկային համակարգ։ Նման դեպքերում իրենց իմաստը կորցնում են երկարաժամկետ բիզնես պլանները, որովհետև ներդրողը չգիտի՝ իր ներդրածը արդյոք արդյունք կտա՞, թե՞ որևէ պահի կդառնա «ազգային շահի» անվան տակ հռչակված «պետականացված» ունեցվածք, որն էլ հետո կդառնա որևէ քպականի կամ քպամերձի սեփականություն։

Անկայունությունն ու անորոշությունը այսօր խորանում են մեր տնտեսության մեջ նաև այն տեսանկյունից, որ Փաշինյանը առավոտյան կարող է արթնանալ ու ցանկացած պահի որոշել բիզնես խլել կամ որոշ գործարարների հռչակել հանցագործ։ Իսկ քաղաքական մակարդակում նման քայլերը արտահայտում են պետականության ինստիտուցիոնալ թուլացումը և վերածվում են քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Պետությունը, որը սեփականությունն օգտագործում է որպես ճնշման լծակ, վերածվում է ոչ թե կարգավորող ուժի, այլ սեփական շահը սպասարկող օպերատորի՝ կորցնելով այն կարևոր գործառույթը, որի հիման վրա էլ գոյություն ունի ժողովրդավարական հանրապետությունը։

Դրա հետևանքով հանրային իշխանությունն ընկալվում է ոչ թե որպես հանրային բարիքի պաշտպանի դերը կրող կառույց, այլ որպես ուժ, որից պետք է պաշտպանվել։ Սա խորացնում է իշխանության և հասարակության միջև օտարացումն ու քաղաքական համակարգի լեգիտիմության ճգնաժամը։

Բացի այդ, նման պրակտիկայի դեպքում գործ ունենք նաև ավելի մեծ քաղաքական հետևանքների հետ։ Այդպիսի քայլերը նախ և առաջ խզում են կապերը միջազգային ներդրումային շրջանակների հետ։ Պարզ է, որ որևէ լուրջ միջազգային ընկերություն, բանկ կամ ներդրումային հարթակ չի համագործակցի այն պետության հետ, որն ունի բիզնեսների նկատմամբ ուժային ճնշման ու սեփականության խլման պատմություն։ Այսինքն, խոսքը ոչ միայն մի կոնկրետ գործարարի կամ սեփականատիրոջ ճակատագրի մասին է, այլև ամբողջ երկրին տնտեսապես մեկուսացնելու ռիսկի մասին։ Նման իրավիճակներում ներդրողներն սկսում են ուղղակի խուսափել այդպիսի իշխանություն ունեցող երկրներից՝ նախընտրելով կանխատեսելի, ադեկվատ իշխանություն, կայուն օրենսդրություն, անաչառ իրավական միջավայր և արդարադատության համակարգ ունեցող երկրներ։

Կարևոր է նաև հասկանալ նման քաղաքականության սոցիալական հետևանքները։ Տվյալ դեպքում ստեղծվում է սոցիալական արդարության կեղծ պատրանք, երբ իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, թե իբր բիզնեսների «ազգայնացումը» հանուն հանրային շահի է։ Սակայն իրականում դրա արդյունքը լինում է աշխատատեղերի կրճատումը, գործազրկության աճը, վճարվող հարկերի նվազումը, աշխատաշուկայի դեգրադացումը, պետական կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա բեռի մեծացումը։

Մյուս կողմից էլ՝ այն քաղաքացիները, որոնք դեռ հավատում էին պետության և բիզնեսի փոխգործակցության հնարավորությանը, սկսում են կասկածել իրենց ապագայի համար կայացրած որոշումներում՝ սկսած բնակարան գնելուց մինչև փոքր ձեռնարկություն հիմնելու ցանկություն։ Դա առավել վտանգավոր է էներգետիկ ոլորտի նման զգայուն համակարգերի դեպքում։ Երբ պետությունը ձեռնամուխ է լինում ազգայնացնել ոչ միայն առևտրային, այլ նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ, առանց երկարաժամկետ ռազմավարության և կառավարման փորձի, կարող է խորացնել համակարգային խոցելիությունները։

Հաշվի առնենք, որ ՀԷՑ-ը կառավարող ընկերությունն այս տարիների ընթացքում էներգետիկ ոլորտում մեծ փորձ է ձեռք բերել, իսկ երբ այն ազգայնացվի ու հանձնվի մեկ այլ ընկերության, որը չունի փորձ և ինստիտուցիոնալ կարողություններ համապատասխան ոլորտում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակի մեջ կարող է հայտնվել մեր էներգետիկ համակարգը, ընդհուպ մինչև համակարգային կոլապս։

Վերջապես, սեփականության իրավունքի խախտումը հարված է նաև պետության միջազգային հեղինակությանը։ Դա ազդում է ոչ միայն ներդրումային վարկանիշի, այլև պետական պարտքի սպասարկման արդյունավետության, ֆինանսական համակարգի կայունության, միջազգային պայմանագրերի նկատմամբ վստահության վրա։ Արտաքին գործընկերներն սկսում են վերանայել իրենց հարաբերությունների բնույթը՝ դադարեցնելով ներդրումային ծրագրերը կամ վերաիմաստավորելով համագործակցության մեխանիզմները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները