Արևային էներգետիկայի զարգացման արդիականությունն ու պետության անելիքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը, գտնվելով բարենպաստ աշխարհագրական դիրքում, որն ապահովում է տարեկան մոտ 270–300 արևային օր, ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, որը վերջին տարիներին որոշակիորեն իրացվել է, սակայն ներկայում կանգնած է նոր մարտահրավերների առջև։

Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում ոչ միայն դարձել է վերականգնվող կամ մաքուր էներգետիկայի իրական այլընտրանք, այլ նաև ինչ-որ առումով տնտեսական զարգացման խթանիչ։ Ըստ պաշտոնական տվյալների, այս ոլորտը ապահովում է շուրջ 3000 աշխատատեղ, տարեկան մոտ 4 միլիարդ դրամ հարկային մուտքեր և հատկապես ամառային ժամանակահատվածում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85 տոկոսի ապահովում։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացել է արևի պոտենցիալը մասնակիորեն վերածել կենսունակ էներգետիկ ռեսուրսի՝ չնայած մի շարք համակարգային խոչընդոտներին։

Արևային էներգետիկայի զարգացման կարևորագույն դրական արդյունքներից մեկն այն է, որ այն մեծապես նպաստում է երկրի էներգետիկ ինքնաբավության մակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող գազից ու այլ ածխաջրածնային վառելիքներից։ Հարկավոր է հաշվի առնել, որ արևային կայանների կիրառումը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլև երկրի ազգային անվտանգության շահերին՝ հատկապես աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում, երբ ներմուծման շղթաները կարող են խաթարվել, իսկ էներգակիրների գները՝ մեծ տատանումներ ունենալ։ Ավելին, արևային էներգետիկան այն սակավաթիվ լուծումներից է, որը մեծ բացասական ազդեցություն չունի շրջակա միջավայրի վրա՝ ի տարբերություն նավթի, գազի կամ ածուխի սպառման, որոնց այրումը մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառներից է։

Բայց արևային ոլորտի վերելքն այսօր խնդիրների առաջ է կանգնած։ Լուրջ մտահոգություններ կան պետական մակարդակով սուբսիդավորման դադարեցման հետ կապված այնպիսի ծրագրերի շուրջ, որոնք վերջին տարիներին շեշտակիորեն ակտիվացրել էին արևային համակարգերի ներդրումը։ Կառավարության կողմից մինչ այս իրականացված սուբսիդավորման մոդելը, որի համաձայն, քաղաքացիները կարող էին արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ արևային կայաններ ձեռք բերելու և տեղադրելու համար, էականորեն խթանել էր ոչ միայն ոլորտի ընդլայնումը, այլև քաղաքացիական տնտեսությունների ինքնուրույն էներգետիկ վարքագծի ձևավորումը։ Հատկապես մարզերում նման համակարգերի ներդրումը ոչ միայն լուծում էր էներգետիկ խնդիրներ, այլև որոշակիորեն սոցիալ-տնտեսական բեռի նվազեցման գործոն էր։ Այսուհանդերձ, եթե սուբսիդավորումն այլևս չգործի, ապա ոլորտի թափը կկոտրվի հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ սեփական ներդրումը առանց պետական աջակցման գրեթե անհնար է։

Մյուս էական հարցը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոնք, ըստ ոլորտի մասնագետների, կարող են խոչընդոտել արևային էներգետիկայի բնականոն զարգացումը։ Մասնավորապես, այն նոր կարգավորումները, որոնք վերաբերում են արտադրվող և սպառվող էլեկտրաէներգիայի միջև հաշվառման մեխանիզմներին և սակագնային սահմանումներին, մեծապես վնասում են արևային կայանների տնտեսական կենսունակությանը։ Դրանց էությունն այն է, որ քաղաքացիները, ովքեր ձեռք են բերել արևային կայաններ և ներդրումներ են արել երկարաժամկետ հեռանկարով, հայտնվում են ոչ շահավետ դիրքում, քանի որ իրենց արտադրած էներգիան ցածր գնով է վաճառվում բաշխիչ ընկերությանը, իսկ նույն այդ ընկերությունը նույն էներգիան մի քանի անգամ բարձր գնով է վերավաճառում արդեն սպառողներին։ Սա ոչ միայն տնտեսապես անարդար դաշտ է ստեղծում, այլ նաև խթանում է ապօրինի կամ ստվերային մեխանիզմների զարգացումը, ինչն ի վերջո խաթարում է արևային էներգետիկայի ոլորտի ու ընդհանրապես ամբողջ էներգետիկ համակարգի կայունությունը։ Արևային էներգետիկայի զարգացման հեռանկարը մեծապես կապված է նաև կուտակիչների ներդրման խնդրի հետ։ Հայաստանը, լինելով արևառատ երկիր, հատկապես արդյունավետ կարող է օգտագործել ցերեկային ժամերին արտադրվող էներգիան՝ կուտակման միջոցով ապահովելով նաև գիշերային կամ ոչ արևառատ օրերին սպառման կայուն ռեժիմ։ Այսօր, սակայն, կուտակիչների ներդրումը թանկ արժեցող և գրեթե չսուբսիդավորվող գործընթաց է։ Կուտակիչների զանգվածային ներդրումը ոչ միայն կվերացնի բաշխիչ ցանցերի անարդյունավետությունը և ահռելի կորուստները, այլ նաև հնարավորություն կտա Հայաստանի էներգետիկ համակարգին աշխատել առավել ինքնավար ռեժիմում՝ կրճատելով պիկային ժամերի ճնշումները և կայունացնելով ընդհանուր մատակարարման ցանցը։

Արևային էներգետիկան հարկավոր է այն աստիճան զարգացնել, որ այն մեծապես նպաստի ոչ միայն տնային տնտեսությունների, այլև խոշոր արդյունաբերական համալիրների գործունեությանը։ Ընդ որում, Հայաստանում նախատեսվող խոշոր տվյալների կենտրոնների, արհեստական բանականության ենթակառուցվածքների կամ մայնինգի իրականացման տեխնոպարկերի կառուցումը կարող է դառնալ արևային համակարգերի խոշոր սպառման հիմք։ Օրինակ՝ մեր երկրում նախատեսվող 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագծման համատեքստում անհրաժեշտ է դիտարկել արևային էներգետիկայի ուղղակի ինտեգրումը ստեղծվող համակարգերին՝ հաշվի առնելով ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական գործոնները։

Վերականգնվող էներգետիկայի դաշտում գործող ընկերությունները անցած տարիներին առավելագույն ջանքեր են ներդրել, որ այս ոլորտը զարգանա, ու այն, ինչ ունենք այսօր, հենց նրանց աշխատանքի արդյունքն է, սակայն շատ բան կախված է ոչ միայն մասնավորից, այլև պետությունից, որը մեծ անելիքներ ունի: Այս ոլորտի զարգացումը կնշանակի, որ արևային համակարգերը կդառնան ոչ միայն դոտացիոն մեխանիզմով սնվող, այլև ներդրումների ներգրավման գրավիչ միջավայր, որտեղ վերականգնվող էներգետիկայի հասանելիությունը նոր հնարավորություններ է բացում։ Ավելին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել ոչ միայն այս ոլորտին առնչվող տեխնոլոգիական լուծումների և արտադրանքի ստեղծմանը կամ թողարկմանը, այլև դրանց արտահանմանը։

Մյուս կողմից էլ, խոսելով էներգետիկայի ապագայի մասին, պետք է հաշվի առնել նաև էլեկտրամոբիլների շահագործման խթանումը։ Աշխարհը շարժվում է դեպի արտանետումներից զերծ տեխնոլոգիաներ, և այս համատեքստում արևային էներգետիկան կարող է ապահովել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների մասշտաբային գործարկման հնարավորություն։ Սրան զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ լիցքավորման կայաններ, «խելացի» ցանցեր, բեռնաթափման-կուտակման կայուն համակարգեր։ Սա ենթադրում է պետական ծրագրերի ներդրում, մասնավոր հատվածի խրախուսում և օրենսդրական միջավայրի բարելավում։

Արևային էներգետիկան ներկայում Հայաստանի համար միայն «ընտրություն» չէ, այլ կենսական անհրաժեշտություն։ Հատկապես աշխարհաքաղաքական անկայունության, էներգակիրների շուկայում տատանումների և բնապահպանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ հետ կանգնել այս ռազմավարական ուղղությունից։ Եվ եթե պետությունը չվերանայի իր մոտեցումները՝ սուբսիդավորման, օրենսդրության, ֆինանսավորման և ենթակառուցվածքային զարգացման մասով, ապա, որքան էլ մասնավորը հետևողականորեն առաջ շարժվի, ոլորտում խնդիրներն անխուսափելի կլինեն՝ իրենց տնտեսական և բնապահպանական բացասական հետևանքների հետ մեկտեղ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»
Ամենաընթերցվածները