Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերությունների ժամանակակից զարգացումները աներևակայելի արագությամբ խաչվում են տեխնոլոգիական առաջընթացի առանցքային ուղղությունների հետ, իսկ այդ գործընթացում առավել սրընթաց և ազդեցիկ դերն այժմ վերապահվում է արհեստական բանականությանը՝ որպես աշխարհաքաղաքական բալանսի վերաիմաստավորման գործիք։

Արհեստական բանականության ոլորտի զարգացումները, որոնք նախկինում դիտարկվում էին որպես տեխնոլոգիական նորարարության մի հատված, այժմ վերածվել են միջազգային ուժերի փոխազդեցության կառուցվածքային այնպիսի հենասյունի, որն ազդում է մրցակցության, համագործակցության, անվտանգության, միջազգային իրավունքի և տնտեսական զարգացման օրակարգերի վրա։ Հենց այս բազմաշերտ ազդեցությունն է, որ արհեստական բանականությունը վերածում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև աշխարհաքաղաքական, քաղաքական և դիվանագիտական երևույթի, որի վերաբերյալ միջազգային հարաբերությունների վերլուծությունը պահանջում է համապարփակ դիտարկում։

Նախ՝ արհեստական բանականությունը վերափոխում է ուժի և գերակայության դասական հասկացությունները։ Եթե նախկինում պետության հզորությունը հիմնականում չափվում էր ռազմական ներուժով, տնտեսական ծավալով կամ ռազմավարական դիրքով, ապա ներկայում ուժի բաշխման տրամաբանության մեջ ներառվել է արհեստական բանականության տեխնոլոգիական հագեցածությունն՝ ինչպես մշակումների, այնպես էլ կիրառման ու տարածման տեսանկյունից։ Այս համատեքստում ԱՄՆ-ի և Չինաստանի, ինչպես նաև ոլորտում առաջընթաց արձանագրած մյուս երկրների միջև ընթացող մրցակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական կամ ռազմավարական պայքար, այլև որպես արհեստական բանականության ոլորտում ազդեցության ձևավորման համար մղվող գլոբալ մրցակցություն։

Միևնույն ժամանակ, արհեստական բանականության զարգացումը դառնում է պետական ինստիտուտների, պաշտպանության ոլորտի, հետախուզական ծառայությունների և նույնիսկ արտաքին քաղաքական դիվանագիտական կառույցների արդիականացման առանցքային գործոններից մեկը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում և այլ երկրներում արդեն իսկ գործում են ռազմավարական մակարդակի մեխանիզմներ, որոնք հիմնված են արհեստական բանականության օգնությամբ ստեղծված ռազմաքաղաքական մոդելների վրա՝ հակառակորդի քայլերը կանխատեսելու, բանակցությունների ընթացքում տվյալների վերլուծության և որոշումների օպտիմալացման համար։

Մեկ այլ կարևոր շերտ է արհեստական բանականության կիրառումը գլոբալ կառավարման համատեքստում և միջազգային կազմակերպությունների ներսում։ ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում ակտիվորեն օգտագործվում են արհեստական բանականության վրա հիմնված վերլուծական հարթակներ՝ կոնֆլիկտների կանխարգելման, բնակչության տեղաշարժերի կանխատեսման, կլիմայական ճգնաժամերի ազդեցության գնահատման և տնտեսական քաղաքականության վերլուծության նպատակով։

Այս ամենը հանգեցնում է նրան, որ արհեստական բանականությունը սկսում է ծառայել որպես գլոբալ կարգավորման ոչ միայն օժանդակ գործիք, այլ նաև քաղաքական օրակարգերի կառուցման դինամիկ շարժիչ։ Բայց միաժամանակ այստեղ առաջանում է վտանգ՝ այս տեխնոլոգիայի վրա հիմնված որոշումների ընդունումը կարող է նվազեցնել թափանցիկությունն ու ժողովրդավարական վերահսկողությունը, քանի որ որոշումները հաճախ կայացվում են՝ ելնելով բարդ մոդելների արդյունքներից, որոնց տրամաբանությունը հասանելի չէ լայն հանրությանը կամ նույնիսկ որոշում կայացնողներին։

Արհեստական բանականության ազդեցության կարևորությունը դրսևորվում է նաև տեղեկատվական պատերազմի դաշտում։ Քաղաքական ապատեղեկատվության, հանրային կարծիքի մանիպուլ յացիայի և քարոզչական ռազմավարությունների ոլորտում արհեստական բանականությունը վերածվել է հզոր զենքի։ Տարբեր տարածաշրջաններում հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական պատերազմները ցույց են տալիս, որ արհեստական բանականության գործիքներն օգտագործվում են թիրախային քարոզչության, կեղծ վերլուծությունների ստեղծման, սոցցանցային դաշտում ալգորիթմական «հարձակման» նպատակներով։ Այս հանգամանքը նոր տիպի հիբրիդային պատերազմների համատեքստում ուժեղացնում է տեղեկատվության ռազմավարական գործառույթը՝ միաժամանակ սրում անվտանգության միջազգային ռիսկերն ու անվստահության մակարդակը։ Ավելին, արհեստական բանականության վրա հիմնված «deepfake» տեխնոլոգիաների տարածումն ու դժվար վերահսկելիությունն էլ լայն ճանապարհ է բացում տեղեկատվական մանիպուլ յացիայի և ապատեղեկատվության տարածման համար։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային իրավունքի հարթությանը, ապա այստեղ արհեստական բանականության կիրառումը բերում է բարդ բարոյա-իրավական և իրավաքաղաքական խնդիրների առաջացման։ Ո՞վ է պատասխանատու, եթե արհեստական բանականությունը ռազմական գործողության ընթացքում ինքնավար կերպով սխալ որոշում է կայացնում, կամ եթե արհեստական բանականության տրամադրած ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկության վրա հիմնված որոշումներ են ընդունվում։ Նման դեպքերում բացակայում է հստակ իրավական պատասխանատվության համակարգը՝ ստեղծելով անորոշության և անպատասխանատվության դաշտ։ Ավելին, միջազգային հարաբերություններում ոչ բոլոր պետություններն ունեն բավարար տեխնոլոգիական հզորություն՝ արհեստական բանականության հնարավորություններն իրացնելու համար, ինչն էլ ավելի է խորացնում զարգացած և զարգացող երկրների միջև ռազմավարական անհավասարության պատնեշը։ Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Չինաստանը, փորձում են գերազանցության հասնել այս ոլորտում՝ հետ թողնելով մյուս բոլոր երկրներին, և շահագրգռված չեն ոլորտի կարգավորմամբ։

Այս ամենով հանդերձ, տեխնոլոգիայի ներուժը չպետք է դիտարկել միայն որպես ռիսկեր ստեղծող գործոն։ Այն նաև կարող է դառնալ խաղաղությունը ու համագործակցությունը խթանող հզոր միջոց, եթե ձևավորվեն համընդհանուր չափանիշներ, վերահսկողության մեխանիզմներ և միջպետական վստահության շրջանակներ։ Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է նպաստել սահմանի կառավարման, հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահ առաքելությունների օպտիմալացման, մարդասիրական օգնության ժամանակին տրամադրման գործընթացներում։ Ուստի, այսօր անհրաժեշտ է համարվում բազմակողմ դիվանագիտական համաձայնությունների շրջանակում միջազգային համաձայնագրեր մշակելը՝ արհեստական բանականության կիրառման սահմանների, ստանդարտների և վերահսկողության ձևերի մասին, որոնք կփորձեն կանխել դրա՝ վատ նպատակներով օգտագործման կամ չարաշահման հնարավորությունները։ Այս համատեքստում միջազգային կազմակերպությունները պարտավոր են հանդես գալ որպես կարգավորող դերակատարներ՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով, որ արհեստական բանականությունը չդառնա աշխարհաքաղաքական գերկենտրոնացման գործիք, այլ նպաստի իրավահավասարության և գլոբալ բալանսի վերականգնմանը։

Հատուկ կարևորություն ունի այն, որ արհեստական բանականությունը չծառայի միայն հզոր պետությունների ռազմավարական հեգեմոնիային, այլ դառնա նաև փոքր պետությունների զարգացման ու անկախության ամրապնդման գործիք։ Այս հարցում Հայաստանի նման երկրների համար բացվում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ։ Փոքր երկրների պետական կառույցները նույնպես կարող են արհեստական բանականության օգնությամբ ավելի ճկուն և կանխատեսելի դարձնել իրենց արտաքին քաղաքականությունը, միաժամանակ պաշտպանվել տեղեկատվական ազդեցություններից և ապահովել արդյունավետություն իրենց տնտեսական, անվտանգային ու ռազմավարական որոշումների մեջ։ Սակայն փոքր երկրների համար հրամայական է նաև սեփական արհեստական բանականության մոդելներն ունենալու հարցը, որպեսզի նրանք կախված չլինեն այլ երկրների տեխնոլոգիական հնարավորություններից։ Այս ոլորտը ստիպում է վերաիմաստավորել նաև ինքնիշխանության, մարդկային արժեքների, քաղաքական պատասխանատվության և էթիկայի հասկացությունները։

Կարևոր է նաև արհեստական բանականության տիրույթի հետ կապված հանրային գրագիտության ապահովումը, որին բախվում են տարբեր երկրների հասարակությունները։ Մյուս կողմից էլ՝ առանցքային է այս ոլորտում իրական առաջընթացի ապահովումը։ Ու այս համատեքստում Հայաստանի խնդիրն այն է, որ ավելի շատ տարբեր մակարդակներով դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են արվում այս տեխնոլոգիաների մասին, քան իրական քայլեր են ձեռնարկվում սեփական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ
Ամենաընթերցվածները