Հավատացողները, քարոզչության տակ մնացածները քչանում են, բայց... դեռ կան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա այդպիսի արտահայտություն, որը լսել են գրեթե բոլորը՝ «գեբելսյան քարոզչություն»: Այն տարբեր փորձագետներ, մեկնաբաններ ժամանակ առ ժամանակ գործածում են, որպեսզի բնորոշեն փաշինյանական քարոզչության էությունը: Հիմնականը. «գեբելսյան քարոզչության» ամբողջ էությունը բացարձակ սուտը իրականության տեղ հրամցնելն ու ներարկելն է, սուտը կամ ցանկալին այնպես փաթեթավորելը, որ ոչ թե հազարավորները, այլ ժողովրդական լայն զանգվածները միարժեքորեն դա ընդունեն որպես իրականություն: Ահավասիկ, «գեբելսյան քարոզչության» մի քանի հնարք. «որքան մեծ է սուտը, այնքան հեշտ կարող են դրան հավատալ», «սուտը պետք է կրկնել այնքան հաճախ, որ ընկալվի որպես իրականություն», «զանգվածները ավելի արագ են սուտն ընկալում որպես իրողություն, եթե այն որոշ չափով խառնված է ճշմարտության հետ» (ծանոթ մեթոդաբանություն է, այնպես չէ՞):

Իհարկե, նեղ մասնագետները, ի տարբերություն զանգվածների, տեղյակ են, որ ֆաշիստական Գերմանիայի թիվ 1 քարոզիչը որոշակի իմաստով Էդվարդ Բերնեյսի հեռակա աշակերտն է ու նրա մեթոդներից է օգտվել, բայց դա արդեն իսկապես էլ զուտ մասնագիտական հարց է: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրողը առկա իրականությունն է:

Իսկ առկա իրականությունն այն է, որ դեռևս կարելի է հանդիպել միանգամայն իրական մարդկանց (ոչ ֆեյսբուքյան ֆեյքերի), որ մնացել են փաշինյանական ագրեսիվ քարոզչության տակ: Օրինակ՝ կարելի է հանդիպել մարդկանց, որ շարունակում են կրկնել որևէ քննադատության ու քննական ընկալման չդիմացող քարոզչակաղապարները, թե՝ «30 տարի բանակ չենք ունեցել..., 30 տարի բանակը չեն զինել..., Ղարաբաղը Նիկոլը չի տվել..., առաջ շատ վատ էր ժողովուրդն ապրում, հիմա շատ լավ է...» ու նման բաներ:

Հարցը, տվյալ պարագայում, զուտ այդ կաղապարները չեն, որոնց մենք, մեր գործընկերները բազմիցս անդրադարձել ենք ու անդրադառնում ենք՝ մերկացնելով ստերը, մատնանշելով իրական տվյալներն ու բուն իրականությունը: Բուն հարցն այս պարագայում այն է, որ տակավին կան փաշինյանական ագրեսիվ քարոզչության ու քարոզչական հնարքների տակ մնացած հայրենակիցներ:

Ճիշտ հասկանանք խնդիրը. ոչ ոք հակված չէ իդեալականացնել անցյալը, ասել, թե՝ անսխալ է եղել ամեն ինչ ու նման բաներ: Քավ լիցի: Եթե անցած տասնամյակներում ամեն ինչ «վարդագույն» լիներ, Նիկոլ Փաշինյանի նման երևույթ ի հայտ չէր գա, ավելին՝ այս խումբը ոչ մի կերպ չէր կարող գալ իշխանության, էլ ավելին՝ ութ տարի անել այն ամենը, ինչի համար հասան իշխանության: Ինչևէ:

Ողջ հարցն այն է, որ երբեք չի կարելի «թուլանալ» ու կարծել, թե մարդիկ (բոլորը կամ մեծ մասը) առանց այն էլ ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են ու հասկացել են:

Հարկավ, մանավանդ վերջին մի շարք ցնցումային զարգացումներից հետո, իսկապես էլ, շատ-շատերի աչքերը բացվեցին ու շարունակվում են բացվել: Ու վերջին սոցհարցումները, լինեն դրանք «բաց», «փակ», «ներքին օգտագործման» ու թեկուզ՝ իշխանամետ շրջանակների կողմից անցկացված, միևնույնն է, փաստում են, որ հասարակության մեծ, կարող ենք ասել՝ գերակշիռ մասն իսկապես էլ սթափվել է: Դա են վկայում փաշինյանական իշխանության անկյալ վարկանիշը, այդ իշխանության առանցքային ներկայացուցիչներին ու նրանց հայտարարություններին չվստահելը, սոցցանցային հարթակներում Փաշինյանի, այլ առանցքային քպականների գրառումներին հաջորդող սուր և կոշտ արձագանքները:

Այդ ամենը կա: Բայց... չպետք է մոռանալ, որ փաշինյանական քարոզչության տակ մնացածներ էլ դեռ կան: Հա, ու խոսքը միայն վերջին ութ տարվա քարոզչության մասին չէ, իսկ «փաշինյանական» ասելով՝ նաև նկատի ունենք անցած առնվազն 15-20 տարում որոշակի շրջանակների կողմից իրականացված ինտենսիվ քարոզչությունը: Սա հատկապես չպետք է մոռանան ընդդիմադիր ուժերը, նոր ձևավորվող կամ փորձառու ուժերի ներկայացուցիչները. կա հանրության որոշակի շերտ, որի հետ պետք է շարունակել ինտենսիվ բացատրական աշխատանքները: Երբեք չի կարելի տրվել այն մոլորությանը, թե մարդիկ առանց դրա էլ ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են:

Ի դեպ, մի հին չինական ասույթ կա առ այն, որ ճշմարտությունը պետք է կրկնել այնքան, մինչև դա ընկալելի լինի բոլորին: Արժե այն նկատի ունենալ, որպես գործունեության հավել յալ ուղեցույց:

Իմիջիայլոց, փաշինյանական քարոզչությունը զգալիորեն գերազանցում է «գեբելսյան քարոզչությանը» իր թե՛ ցինիզմով, թե՛ անպատկառությամբ: Օրինակ՝ Գեբելսի մտքով չանցավ, որ կարելի է կապիտուլյացիան ներկայացնել որպես... հաղթանակ, որպես «իրական Գերմանիայի» ստեղծում, այս, այն: Փաշինյանը այդ առումով «լոքերով» է առաջ անցել նրանից. զիջումներն ու կորուստները հռչակում է որպես ձեռքբերում, Արցախի կորուստը ներկայացնում է որպես... Հայաստանի պահպանում, թշնամական օրակարգերի սպասարկումը որպես «ինքնիշխանություն» և այդպես շարունակ: Ու նման բացահայտ անհեթեթությունները հալած յուղի տեղ ընդունողներ դեռևս կան: Քչանում են, բայց... կան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները