Հերթական բացասական ազդակը տնտեսության համար. ի՞նչ ենք վճարում մեկ հոգու քմահաճույքների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային վարկանշավորող գործակալությունների և հատկապես Moody’s-ի S&P-ի և Fitch-ի ներկայացրած գնահատականների կարևորությունը համաշխարհային տնտեսության մեջ անհնար է անտեսել, քանի որ դրանք դարձել են ֆինանսական համակարգի ամենազգայուն լծակներից մեկը։ Վարկանիշավորող գործակալությունները կատարում են մի գործառույթ, որը պայմանականորեն կարելի է անվանել վստահության չափում. նրանք հաշվարկում են պետությունների, ընկերությունների, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների վարկունակության մակարդակը՝ գնահատելով, թե որքանով է տվյալ սուբյեկտը ունակ ժամանակին և ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները։ Այդ գնահատականները համաշխարհային շուկայում ներդրողների, վարկատուների և միջազգային կազմակերպությունների համար ծառայում են որպես առաջնային ուղեցույց՝ որոշելու, թե որքան ռիսկային է որևէ ընկերության կամ երկրի պարտքի սպասարկումը, արժեթղթերի ձեռքբերումը կամ ներդրումային ծրագրի իրականացումը։ Բարձր վարկանիշ ունեցող պետությունները կամ կազմակերպությունները վարկ են ստանում ավելի ցածր տոկոսադրույքներով, քանի որ ընկալվում են որպես վստահելի և քիչ ռիսկային, մինչդեռ ցածր վարկանիշը ինքնաբերաբար բարձրացնում է վարկերի արժեքը, կրճատում ներդրումների հոսքը և մեծացնում տնտեսական անկայունության վտանգը։

Այսինքն, գործակալությունների գնահատականները ոչ միայն նկարագրում են իրավիճակը, այլև ինքնին ազդում են դրա վրա՝ դառնալով յուրատեսակ կանխատեսումներ. եթե Moody’s-ը նվազեցնում է երկրի կամ թեկուզ այդ երկրի կազմակերպությունների վարկանիշը, ներդրողները սկսում են խուսափել այդ երկրից, արժույթը թուլանում է, ֆինանսական շուկաները լարվում են, և արդյունքում այդ պետության տնտեսական վիճակը կարող է իրականում վատթարանալ։ Հետևաբար, վարկանիշները հանդես են գալիս որպես ոչ միայն վերլուծական, այլև գործնական քաղաքականություն ձևավորող գործիք։ Վարկանշավորող գործակալությունների գնահատականները կարևոր են նաև այն առումով, որ դրանք ներառվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների որոշումների կայացման գործընթացում։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կամ Համաշխարհային բանկը հաճախ իրենց ծրագրերում հաշվի են առնում Moody’s-ի և մյուս գործակալությունների գնահատականները, իսկ ներդրումային հիմնադրամները սովորաբար սահմանում են ներդրումային կանոններ, որոնք թույլ են տալիս ներդրում կատարել միայն այն պետություններում կամ ընկերություններում, որոնք ունեն որոշակի նվազագույն վարկանիշ։

Այս համատեքստում Moody’s վարկանշային գործակալության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշի իջեցումը և դրան ուղեկցող բացասական կանխատեսումը դարձան ոչ միայն կոնկրետ կառույցի ֆինանսական վիճակի գնահատական, այլ նաև խորքային ազդակ Հայաստանի ներդրումային միջավայրի և ամբողջ տնտեսության համար։ Գործակալության այս քայլը հիմնավորվում է հենց ՀԷՑ-ի «ազգայնացման» ռիսկի, կառավարության սահմանափակումների և կարգավորող մարմինների լիազորությունների ընդլայնման հանգամանքներով։ Ուշագրավ է, որ այս իրադարձությունը համընկնում է մի ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանը ձգտում է միջազգային շուկաներում ամրապնդել իր վարկանիշը, ներգրավել նոր ներդրումներ, ապահովել տնտեսության արդիականացումը և վերականգնել կորցրած վստահությունը համաշխարհային ֆինանսական կենտրոնների, խոշոր ընկերությունների ու կառույցների շրջանակում:

Ըստ Moody’s-ի, նոր օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս կառավարությանը և կարգավորող մարմիններին միջամտել ՀԷՑ-ի կառավարմանը, դադարեցնել լիցենզիան, նշանակել ժամանակավոր կառավարիչներ և նույնիսկ իրականացնել ազգայնացում, ինչն էներգետիկ ոլորտի նման կենսական համակարգերում ստեղծում է աննախադեպ անորոշություն։ Սա ոչ միայն ֆինանսական շուկաների, այլև ներդրողների համար ուղիղ ուղերձ է, որ երկրի ներսում ցանկացած պահի իրենց ներդրումները կարող են հայտնվել քաղաքական որոշումների, օրենսդրական փոփոխությունների կամ իշխանությունների քմահաճույքի թիրախում։ Մյուս կողմից էլ՝ այս իրողությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե որքան խոցելի և անկայուն կարող է դառնալ երկրի ներդրումային դաշտը, երբ պետական քաղաքականությունը դիմում է կամայականությունների, իսկ սեփականության իրավունքը՝ ոտնահարվում։

ՀԷՑ-ի վարկանիշի իջեցումը ունի նաև խորհրդանշական կարևորություն, քանի որ անցյալում հենց Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի անցումը մասնավորի կառավարմանը, արտասահմանյան ներդրողների ներգրավումը և ոլորտի արդյունավետության բարձրացումը կարևոր դեր են խաղացել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման և նոր ներդրումների ներգրավման հարցում։ ՀԷՑ-ն ու մի շարք այլ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ մի շարք բանկեր, իրենց արդյունավետ կառավարմամբ, ֆինանսական թափանցիկությամբ ու ներդրումային ծրագրերով քիչ թե շատ նպաստել են երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը։

Իսկ ՀԷՑ-ի ներկայիս վարկանիշի կտրուկ նվազումը ոչ միայն հարվածում է կոնկրետ ընկերությանը, այլ նաև անմիջականորեն ազդում է Հայաստանի ընդհանուր ֆինանսական շուկայի վրա՝ նվազեցնելով արտաքին վարկերի, ներդրումների, միջազգային ֆինանսավորման հասանելիությունը և բարձրացնելով ռիսկայնության սանդղակը։ Ինչքան էլ Կենտրոնական բանկի նախագահը փորձի հավաստիացնել, թե վարկանիշավորող գործակալության գնահատականը խիստ ժամանակավոր է, միևնույնն է, այն իր ազդեցությունն ունենալու է, քանի որ Moody’s-ը իր բացասական կանխատեսման մեջ ընդգծում է, որ ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ հորիզոնում ՀԷՑ-ի վարկանիշի բարելավումը քիչ հավանական է։

Moody’s-ի բացասական կանխատեսումը նաև ազդակ է այլ միջազգային վարկանշային գործակալությունների, ֆինանսական շուկաների ու դոնոր կազմակերպությունների համար։ Եթե առաջիկա ամիսներին կամ տարիներին Հայաստանը չկարողանա վերականգնել իրավական և կարգավորող համակարգի կայունությունը, ապահովել ներդրողների իրավունքների լիարժեք պաշտպանություն և կանխատեսելիություն, ապա վարկանիշի հետագա իջեցումը կդառնա ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական քմահաճույքների պատճառով շարունակում է տուժել երկիրը, երկրի տնտեսությունը։ Եվ վերջնարդյունքում հասնելու ենք նաև այն հանգրվանին, որ պետությունը, բացի ներդրումային գրավչության ու հեղինակության կորստից, նաև կոնկրետ ֆինանսական վնասներ է կրելու՝ ստիպված լինելով փոխհատուցել հասցված վնասը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները