Մի կուսակցության հայտարարությունը չի կարող համարվել խորհրդարանի հայտարարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ընդունվեց ԱԺ հայտարարություն, բավականին ճոռոմ վերնագրով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ»՝ նվիրված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի ու Ալիևի նախաստորագրած «հռչակագրին» ու Սյունիքի մարզով Հայաստանի թշնամիներին ազատ անցուդարձի ճանապարհ տրամադրելուն: Սակայն այս քաղաքական փաստաթղթի հետ կապված խնդրահարույց են ոչ միայն անվանումը, բովանդակությունը, այլև ընդունման եղանակը, միջավայրը, մի խոսքով՝ այն ոտքից գլուխ խնդրահարույց է ու իրողությունների խեղաթյուրման խորքային տպավորություն է թողնում:

Սկսենք նրանից, որ հայտարարության նախաձեռնողը Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է: Եվ ԱԺ-ում էլ այդ թղթի օգտին քվեարկել է բացառապես ՔՊ խմբակցությունը՝ 64 «կողմ», 2 «ձեռնպահ», 0 «դեմ»: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել այդ ֆարսին, իսկ իրենց դիրքորոշումը ներկայացրել են առանձին հայտարարություններով, որոնց դեռ կանդրադառնանք: Այսինքն, տվյալ պարագայում ամբողջ խնդիրն այն է, որ ներկայացված փաստաթուղթը չի կարելի համարել «ԱԺ հայտարարություն»: Սա միմիայն Փաշինյանի ՔՊ-ի կուսակցական հայտարարություն է: Ավելի ազնիվ կլիներ, օրինակ՝ նման մի հայտարարություն հրապարակել ՔՊ-ի՝ վերջերս տեղի ունեցած համագումարի արդյունքներով, և պետության օրենսդիր մարմինը ևս մեկ անգամ չանվանարկել ու չարժեզրկել:

Չէ, հասկանալի է, որ ՔՊ-ն խորհրդարանում մեծամասնություն է, և ինչ որոշում ուզենան՝ կընդունեն: Ուզենան, օրինակ՝ քվեարկությամբ կընդունեն, որ մածունը սև է, իսկ կաթը՝ կապտադարչնագույն: Ի դեպ, փաշինյանական հոգատար կառավարության ջանքերի շնորհիվ երեկվանից կաթնամթերքը էլի մի 10 տոկոսով թանկացավ: ՔՊ-ն, ասում են, հայտարարության նախագիծ է մտմտում, ըստ որի՝ ժողովուրդը ցնծությամբ ու մեծ ոգևորությամբ է ընդունել այդ թանկացումը: Բայց չշեղվենք:

Որքան էլ ՔՊ-ն մեծամասնություն լինի, նման հայտարարությունները չի կարելի նույնացնել որևէ օրինագծի ընդունման հետ: Եթե դա ԱԺ հայտարարություն է, ապա այն իր քաղաքական պարունակությամբ առնվազն ենթադրում է որոշակի քաղաքական կոնսենսուս: Այլ կերպ ասած՝ դա միայն իշխող ուժի ցանկությունն ու տրամադրությունը չպիտի արտահայտի: Իսկ նման բան այս դեպքում ընդհանրապես չկա. բացառապես ՔՊ-ի տրամադրություններն են, ակնհայտ նախընտրական շահարկումները: Այսինքն, Փաշինյանի դրդմամբ սարքված հիշյալ «հայտարարությամբ ՔՊ-ն ընդամենն իր կուսակցական շեֆին հաճոյանալու, փառաբանելու ակտ իրականացրեց, ասաց՝ «վա՜յ, այսինչ լավ բան ես արել»: Մեծ հաշվով, զարմանալի էլ չէ. եթե Փաշինյանն ասում է, թե ինքն է կառավարությունը, հիմա էլ կարող է ասել՝ «ես Ազգային ժողովն եմ»: Փաշինյանի ու ՔՊ-ի պարագայում նման մոտեցումները լիովին սպասելի են:

Ի դեպ, բուն փաստաթղթի վերնագիրն անգամ մոլորեցնելու նպատակ է հետապնդում. «...խաղաղության հաստատման վերաբերյալ»: Կրկնենք. խոսքն ընդամենը նախաստորագրված ինչ-որ հռչակագրի մասին է: Նույնիսկ Թրամփն այդպես էլ չի կարողանում հիշել, թե ում է ում հետ «բարիշացրել»: Ամեն դեպքում, ԱԺ հայտարարությունն այնպես է վերնագրված, որ կարծես խաղաղություն արդեն հաստատված-վերջացած է:

Ի դեպ, ՔՊ-ին կարելի է առաջարկել, որ մի հպարտ հայտարարություն էլ ընդունեն Արցախում «խաղաղության» հաստատման մասին: Չէ՞ որ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումից, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության բնաջնջումից, 5000 հայորդիներին մահվան մատնելուց, 150 հազարին գաղթական դարձնելուց հետո հիմա Արցախում այնքան խաղաղ է. ո՛չ կրակոցներ են հնչում, ո՛չ պայթյուններ են լսվում, ո՛չ էլ հայեր կան: Խաղաղ ու խաղաղ է:

Ի դեպ, եթե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև» խաղաղություն հաստատված է, ապա ինչո՞ւ են ադրբեջանական զավթիչները տակավին ՀՀ տարածքում, ինչո՞ւ են Բաքվում պահվում պատանդառված հայերը...

ՔՊ-ի հայտարարության մեջ, նկատենք, կա ձևակերպում, որով Նիկոլ Փաշինյանը (գործնականում)... «կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»: Հասկացա՞ք, թե ինչի մասին է խոսքը: Փաստացի կոչ են անում «ֆորմատ անել» մեր ժողովրդի հիշողությունը, ջնջել այն, մոռացության մատնել Արցախը, Արցախի ազատամարտը, մեր հերոսներին, զոհվածներին, նրանց շիրիմները, «Եռաբլուրը», մոռանալ ամեն ինչ, քանի որ դրանք «խորհրդանշում են կոնֆլիկտը»: Ու մոռանալ հանուն... Հարավային Կովկասի բարգավաճման:

Թան էլ չէ՝ բրդած մածուն:

Կարծում ենք՝ այս խայտառակ փաստաթուղթը բոյկոտելու ընդդիմության գործելակերպը քաղաքականապես միանգամայն արդարացված էր: «Հայաստան» խմբակցությունը մասնավորապես ընդգծեց, որ այդ «հայտարարությունը» Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է. «Հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։ Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին»:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ հայտարարեց, որ նշված նախագիծը «աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:

Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները