Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությունը շտապեց արձագանքել վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում իր կողմնակիցների հրահրած անկարգություններին, հրկիզումներին ու բռնարարքներին: Բայց ինչպե՞ս արձագանքեց:

Օրինակ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը մի այլ կարգի «քլնգել» է Վրաստանի գործող իշխանություններին, մեղադրել «այլախոհության դեմ լայնածավալ բռնաճնշումների... անկախ մամուլի դեմ ամիսներ տևած գործողությունների, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների, ընդդիմադիրների և ակտիվիստների ազատազրկման, ի նպաստ իշխող կուսակցության՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների» և այլ մեծուփոքր մեղքերի մեջ: Բնականաբար, ԵՄ ներկայացուցիչը բացարձակապես ոչինչ չի ասել «եվրոպամետ» ցուցարարների կողմից պետական հաստատությունները բռնի ուժով գրոհելու (նախագահական նստավայրը, օրինակ), անհատների սեփականությունը վնասելու, օրինակ՝ սրճարաններ հրկիզելու, ոստիկանների վրա հարձակվելու, կանխամտածված կերպով անկարգություններ հրահրելու և բռնություններ գործադրելու մասին:

Ի՞նչ է կատարվել հարևան Վրաստանում: Անցած շաբաթ օրը Վրաստանում նշանակված էին ՏԻՄ ընտրություններ: Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններում տապալվել էին Վրաստանում յուրօրինակ «հեղաշրջում» իրականացնելու Արևմուտքի փորձերը: Ավելի ճիշտ՝ Վրաստանի ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը նորից տվել էր Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանքին»: Բայց հարցն այստեղ ինչ-որ կուսակցությանը կամ որևէ գործչին նախապատվություն տալը չէ: Բանն այն է, որ «Վրացական երազանքի» առանցքային մոտեցումը նպատակաուղղված է երկրի ինքնիշխանությունը պահպանելուն, այն Եվրոպայի կամ Արևմուտքի կեղտոտ խաղերի մանրադրամ չդարձնելուն և արկածախնդրություններից, ցնցումներից Վրաստանը հնարավորինս զերծ պահելուն: Իսկ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «ժողովրդավարանա», օրինակ՝ ճակատ ճակատի դուրս գա Ռուսաստանի դեմ, հրաժարվի ազգային ու ավանդական արժեքներից, մի խոսքով՝ վերածվի Բրյուսելի սպասավորի: Այդ դավադիր «ստրատեգիան» տապալվեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ անգամ ծայր առած՝ ակնհայտորեն դրսից հրահրվող հետընտրական անկարգությունների պայմաններում:

Եվ ահա, օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, որոնք վրացական «արևմտամետների» կողմից հռչակվել էին որպես «հեղափոխության օր», վերստին վստահ հաղթանակ տարավ Վրաստանի գործող իշխանությունը ներկայացնող «Վրացական երազանքը»: Կարելի է հստակ ասել, որ Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները իրենց երկիրն Արևմուտքի զոհ դարձնելու ճանապարհով չգնացին: Վրաց ժողովուրդն ու իր իշխանությունները այդ կերպ ևս մեկ անգամ ու պարզորոշ հասկացրին բոլորին, որ իրենց երկրի շահերը ամեն ինչից վեր են, ու թույլ չեն տա իրենց այլոց արյունոտ խաղերի մանրադրամ դարձնել: Ու Վրաստանի դեպքում դա առավել ևս հասկանալի է, քանի որ մեր հարևանները «արևմտամետ» արկածախնդրության հետևանքներն իրենց մաշկի վրա են զգացել ու... ոչ այնքան վաղուց: Պարզից էլ պարզ է, որ Եվրամիությունը, Արևմուտքը չէր կարող դա ներել, և Թբիլիսիի կենտրոնը ևս մեկ անգամ փորձեցին համատարած խարույկի վերածել:

Հատկանշական է և այն, որ Վրաստանի վրա Արևմուտքի հերթական հարձակումը համակողմանի էր ծրագրված: Ոչ մի դեպքում չի կարելի պատահական համարել այն, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ԵԽԽՎ-ում քննարկման դրվեց «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» վերնագրված զեկույցը, որը, դատելով լրահոսից, ընդամենը պատրվակ դարձավ հարևան երկրի իշխանությունների վրա քաղաքական ու հոգեբանական լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար:

Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ դա հստակ ազդանշան էր Վրաստանի ագրեսիվ «արևմտամետներին», որ վերջիններս կարող են ցանկացած իրավախախտման դիմել և դրա համար վայելում են Ստրասբուրգի ու նաև Բրյուսելի լիակատար աջակցությունը:

Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքիր այս ամենի համատեքստում: Բառացիորեն օրերս Մոլդովայում ևս տեղի ունեցան ընտրություններ: Խորհրդարանական: Դատելով բազմաթիվ վկայություններից ու էլ ավելի բազմաթիվ փաստարկված հրապարակումներից, այդ ընտրություններն անցան խայտառակագույն խախտումներով, այլախոհների, ընդդիմադիրների, լրատվամիջոցների դեմ տոտալ բռնատիրական հարձակումներով ու ճնշումներով, ձերբակալություններով, ընտրողների համար անհավասար պայմաններով և այլևայլ այլանդակություններով: Բայց, քանի որ այդ ամենը Բրյուսելին հաճո Սանդուի իշխանության օգտին էր, Եվրամիությունն ու Արևմուտքն ասացին՝ ամեն ինչ հրաշալի է, աշխարհը ավելի դեմոկրատական ընտրություններ մինչ այդ չէր էլ տեսել, ամեն ինչ արդար է, ազնիվ, օրինական, ոչ մի ճնշում-մնշում, ոչ մի բռնություն-մռնություն չի եղել:

Դե, ով՝ ով, բայց մենք չէ, որ պիտի Եվրամիության ու Արևմուտքի այդ երկերեսանիությունից զարմանանք: Մի՞թե այդ նույն Եվրամիությունն ու Արևմուտքը կրծքով չպաշտպանեցին, չոգևորեցին ու չարդարացրին փաշինյանական իշխանության կողմից խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումներն ու բեկորային նռնակներով շուրջ հարյուր հոգու կանխամտածված վիրավորելը: Այդ նույն «քաղաքակիրթ» Եվրոպան ու Արևմուտքը մի՞թե որևէ ծպտուն են հանել Հայաստանում ծայր առած բռնատիրական, ռեպրեսիվ դրսևորումների, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, ընդդիմադիրների, պարզապես ակտիվիստների տասնյակներով կամայականորեն ու մտացածին մեղադրանքներով կալանավորելու, խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին բացարձակ անհիմն բանտարկելու, ՀԷՑ-ը խլելու և օրնիբուն տեղի ունեցող այլևայլ հոռի դրսևորումների հետ կապված: Ոչ: Նրանք միայն ողջունում են փաշինյանական իշխանության հակաժողովրդական, հակաժողովրդավարական գործելակերպը:

Այսինքն, Եվրամիության, Արևմուտքի համար կան «լավ» և «վատ» ցուցարարներ, կան «լավ» և «վատ» իշխանություններ: Ներողություն, պարզապես կան «յուրային» և «օտար» ցուցարարներ ու իշխանություններ: Իշխանությունները, որոնք պատրաստ են սպասարկել Արևմուտքի շահերը, բնականաբար, «յուրային» են, ուստի նրանց թույլատրված է ցանկացած ապօրինություն և այլանդակություն: Իսկ այ, եթե մեկնումեկը փորձում է իր երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանել, ինչպես դա անում են Վրաստանում, Արևմուտքի համար անմիջապես վերածվում են «օտարների», դառնում հարձակումների, պիտակավորման ու մեղադրանքների թիրախ:

Սա, գիտեք, ավելին է, քան պարզապես «երկակի ստանդարտների» կիրառումը, սա ավելին է, քան երկերեսանիությունն ու փարիսեցիությունը: Բայց նույնիսկ դա չէ հարցը, այլ այն, որ այդ կերպ Եվրոպան ու Արևմուտքը հիմքից կտրում են, կործանում են այն արժեքները, որոնց հետ կապված անընդհատ թմբկահարել են՝ ժողովրդավարություն, խոսքի, մտքի ազատություն, բազմակարծություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել 40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարը Ծառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքում Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ելենա Վարդանյանը նշել է ծննդյան 42-ամյակը Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը Իրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. Թրամփ Իսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. Նեթանյահու Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտ
Ամենաընթերցվածները