«Պետք է պատասխանատվություն ստանձնենք, այլ ոչ թե հինը կրկնելով՝ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իշխանական ուժի հիմնական խաղաթուղթը լինելու է «խաղաղությունը»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտադրում է՝ խաղաղության մասին թուղթն այլ բան է, խաղաղությունն՝ այլ բան։ Իսկ այդ թղթով կկարողանա՞ն համոզել հանրությանը, որ իրենց ևս մեկ շանս տա։ Եվ այս ամբողջ գործընթացում ի՞նչ պետք է անի ընդդիմադիր թևը հաջողության հասնելու և երկրի ղեկը ստանձնելու համար։ «Առաջինը՝ պետք է խոսեն փաստերի հիման վրա, որոնք պետք է արժեքային դաշտում գնահատվեն։ Հիշենք՝ 2021 թվականի հունիսի և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններից առաջ ի՞նչ էին ասում։ Դրանից հետո են, չէ՞, ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Երբ նայում ես նախընտրական փաստաթղթերին, այնպես էր, որ Արցախն ատամներով պահելու ենք։ 2018 թվականից հետո եղավ պատերազմ, պատերազմից և պարտությունից հետո պետք է լիներ Շուշիի և Հադրութի դեօկուպացիան։ Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ որքա՞ն է թույլ տալու, որ մի բան խոստանան, այլ բան անեն։ Կարելի՞ է հերթական անգամ վստահել փաստաթղթային առաջարկին։ Ահա, այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը, և իրական պատկերների վրա օրինակներ բերվեն։ Բայց դա ընդամենը նախաբանն է։ Դրանից հետո պետք է նաև ներկայացվեն հաջորդ գործողությունները՝ ինչպես ենք վերականգնելու ազգային միասնությունը, ինչպես ենք այս բաժանարարությունը փորձելու դեպի միասնություն տանել, ինչպես ենք փորձելու ամեն ազգայինը վերականգնել։ Նախընտրական գործընթացների ժամանակ պետք է ներկայացնել ինչպես նախկինում ձևավորված իրավիճակը, այդպես էլ ապագա քայլերը, թե ուր ենք գնալու. թվերով և այլ փաստերով, որպեսզի մարդիկ սկսեն վստահել։ Մարդիկ էլ պետք է հասկանան՝ այսօրվա դրությամբ տեղեկատվական կյանքն այնպիսին է դարձել, որ հազարավոր ֆեյք լուրեր, առանց փաստերի հայտարարություններ են լինելու։ Այս իրավիճակում պետք է սեփական փորձի հանդեպ ազնիվ լինել։ Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ այս ընթացքում ինչեր տեսանք և ինչ ենք զգացել, արդյոք հիմա վստահո՞ւմ ենք այս մարդկանց, թե՞ ոչ։ Ոչ թե «Perfect TV»-ների և նմանների հետևից գնալ, դրանց ազդեցության ներքո ընկնել, այլ սեփական մաշկի վրա գնահատել և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։

Շատ մանիպուլ յացիաներ, որոնք նախկինում միգուցե աշխատել են, այսօր պետք է չաշխատեն, որովհետև մարդը պետք է սովորի սեփական փորձի, սխալների և բացթողումների վրա, եթե ցանկանում է։ Բայց եթե չի ցանկանում, չգիտեմ՝ լուծումը որն է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Սա ենթադրում է նաև անկեղծ զրույց մարդկանց հետ։ «Զրույցը միշտ պետք է անկեղծ լինի, եթե այսօր չսկսեն այդ զրույցը, վաղն ավելի ուշ է լինելու։ Բոլորը, ովքեր մասնակցելու են ընտրություններին, մարդիկ են, որոնք այս երկրում ինչ-որ ժամանակահատված ապրել են։ Խոսքը միայն օրենքի պահանջի մասին չէ։ Այստեղ են ծնվել, մեծացել և այլն։ Եթե կան բացթողումներ կամ արդեն իսկ սովորած դասեր, չպետք է ամաչել, պետք է խոսել դրանց մասին, ասել՝ այստեղ սխալ ենք արել, բացթողում ենք արել և այլն։ Անկեղծությունը պետք է սկսվի դրանից։ Դրա հետ մեկտեղ պետք է ասեն, թե ինչպես են գործելու, որ նմանատիպ բացթողումներ այլևս չլինեն։ Բայց ասողին լսող է պետք։ Ավելին, եթե ազնվորեն նայենք, չկա մի բան, որը չի ասվել։ Ամեն ինչ ասվել է և ներկայացվել։ Հարցն այն է, որ հանրությունը կամ անհատը դեռ չի ցանկանում լսել դա։ Ընտրությունը մի կողմից հանրային գործընթաց է, բայց իրականության մեջ մարդը միայնակ հայտնվում է քվեարկության խցիկում, ի վերջո, դա նրա անձնական որոշումն է, բայց քաղաքացին կատարում է պետության հանդեպ իր պարտավորությունը։ Եթե նայում ենք նախկին փորձերը, ապա հարց է ծագում՝ 2021 թվականին չքվեարկած մարդիկ հասկացե՞լ են իրենց գործողությունների հետևանքը։ Եթե հասկացել են, ապա պետք է հիմա առնվազն մի բան գիտակցեն՝ այս անգամ պետք է գնալ ընտրության։ Շատ է լինում այնպես, որ ընտրության ժամանակ չկա առաջարկ, որը կբավարարի քո ցանկությունը։ Խոսում են էլիտաների մասին, այդ մարդիկ լուսնից չեն իջնելու։ Բոլոր առաջնորդությունները կամ բոլոր էլիտային երևույթները ծնվում են ժողովրդից։ Ուրեմն, էլիտաներ չենք ստեղծել, բայց հիմա պետք է ընտրենք, պետք է պատասխանատվություն ստանձնենք, գնանք առաջ, այլ ոչ թե հինը կրկնելով՝ միշտ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ»,նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին է խոսում։ «Հաճախ ասում են՝ ժամանակն ո՞ւմ համար է աշխատում։ Աշխատում է նրա համար, ով օգտագործում է։ Հիմա որքան մի կողմն է օգտագործելու, կրկնապատիկ անգամ էլ կարող է մյուս կողմն օգտագործել։ Գործող իշխանությունները միշտ ունեն ստարտային ավելի լավ պայմաններ, չզարմանաք, որ մի քիչ էլ այսպես գնա, ու ավելի թույլ վիճակում հայտնվեն, հնարավոր է՝ ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Կան նաև արտաքին աշխարհի ազդեցությունները։ Չգիտես ինչու՝ Թուրքիան ասում է՝ տարվա առաջին կեսին պետք է ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը»։ Դա նշանակո՞ւմ է, որ սահմանադրական բարեփոխումներն արդեն պետք է տեղի ունենան։ Դա ինչպե՞ս են անելու։ Մեր օրենսդրական գործընթացներն այդպես չեն աշխատում։ Նշանակում է, որ կարող են ինչ-որ արտառոց կամ արտահերթ երևույթներ տեղի ունենալ։ Դրա հետ միասին ասում են՝ պետք է ապրիլին այցեր լինեն Հայաստան, յուրահատուկ միջոցառումներ։ Այդ մարդիկ այցելելու են պայմանագիրը չստորագրա՞ծ, թե՞ ստորագրած երկիր և այլն։ Այս տեսակի գաղափարներով միշտ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Եվ ամենագլխավորը՝ գործողների համար ավելի հարմար է գնալ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների։ Բերենք Թուրքիայի օրինակը։ Այնտեղ վերջին բոլոր ընտրությունները եղել են արտահերթ։ Հաշվի առնելով, որ գործող իշխանություններն ամենաշատն իրականացնում են թուրք-ադրբեջանական մոտեցումները, ապա ումի՞ց պետք է սովորեն։ Ե՛վ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում ընտրական վերջին բոլոր գործընթացները եղել են արտահերթ»,հավելում է նա։

Գործող իշխանության ներկայացուցիչները հանրությանն անընդհատ ինչ-որ թեմաներ են հրամցնում՝ չորրորդ իշխանություն, Եկեղեցու դեմ պայքար, բանակի բարեփոխմանն ուղղված առաջարկներ։ Կարծես չթողնեն, որ մարդիկ մտածելու, քննարկելու այլ թեմաներ ունենան։ «Նա ուղղակի օրակարգ է ձևավորում։ Ով լցնում է դատարկ տեղը, առաջնորդության հայտ է ներկայացնում։ Զբաղեցնում է մարդկանց, որովհետև գիտի՝ մյուս կողմը ստիպված է լինելու պատասխանել, իսկ պատասխանելը քեզ միշտ ավելի հետ է գցում, քան թե առաջ տանում։ Տեխնոլոգիական մանիպուլ յացիաներն են գործի դնում։ Որ օրը գործողներն ասում են՝ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, իմացեք, որ իրենք հենց այդ հիբրիդային պատերազմ իրականացնողներն են, մեկը՝ ներքին, մյուսն՝ արտաքին աշխարհում։ Ապրելով արդի ժամանակներում՝ գտնվում ենք մշտական տեղեկատվական պատերազմի գործընթացի մեջ, և՛ թշնամիների, և՛, ցավոք, տևական ժամանակ է, ինչ գործող իշխանական օղակների կողմից»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները