Պարարտ հող՝ հանրակրթության դեգրադացման ու արժեհամակարգերի խաթարման համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հանրակրթության ոլորտը վերջին տարիներին հայտնվել է համակարգային ճգնաժամի և արժեքային առումով խորքային անկայունության փուլում, ինչը բացահայտվում է ոչ միայն մակերեսային վիճակագրությամբ, այլ նաև կառավարման տրամաբանության, ֆինանսական քաղաքականության, ուսուցչական կազմի մոտիվացիայի, կրթական բովանդակության ու ազգային ինքնության հանդեպ ձևավորված վերաբերմունքի դրսևորումներում։ Տարիներ շարունակ իշխանությունների կողմից հնչեցվող խոստումները՝ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, կրթության որակի բարելավման, ժամանակակից մեթոդաբանության ներդրման մասին, իրականում մնացել են հիմնականում հայտարարությունների և փիառի մակարդակում, իսկ ոլորտում իրականացվող քայլերը հաճախ ավելի շատ ձևական ու ցուցադրական են, քան բովանդակային, իսկ երբեմն էլ ուղղակի հակասում են հռչակված նպատակներին։

Վերջին չորս տարում ներդրված կամավոր ատեստավորման համակարգը ներկայացվում է իբրև ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման արդյունավետ միջոց, որի արդյունքում 2024 թվականի վերջի դրությամբ բարձրացված դրույքաչափով աշխատավարձ է ստացել ընդամենը 6 հազար 321 ուսուցիչ, ինչը հանրակրթական ուսուցիչների ընդհանուր թվի մոտ 20 տոկոսն է։ Այս ցուցանիշը, որն առաջին հայացքից կարող է թվալ որոշակի առաջընթաց, իրականում վկայում է համակարգի արդյունավետության լուրջ բացերի մասին։ Եթե հանրակրթական դպրոցներում աշխատում է շուրջ 30 հազար ուսուցիչ, ապա ատեստավորման միջոցով ուսուցիչների մեծամասնությունը փաստացի զրկված է աշխատավարձի բարձրացումից՝ անկախ իրենց իրական որակներից, բազմամյա փորձից կամ դպրոցին ու համայնքին մատուցած ծառայություններից։ Ատեստավորման համակարգը, որը պետք է ծառայեր կրթության որակի բարելավմանը, վերածվել է աշխատավարձի բարձրացման նպատակով առաջ քաշված խոչընդոտի՝ ստեղծելով բյուրոկրատական նոր շերտ, որը հիմնականում չափում է ուսուցիչների թեստային կարողությունները, այլ ոչ թե նրանց մանկավարժական հմտությունները, աշակերտների մոտիվացման, գիտելիքի փոխանցման ու կրթական արդյունքի ապահովման ունակությունը։ Նախ՝ պետք է նշել, որ ատեստավորման մեխանիզմը բացարձակապես չի արտացոլում ուսուցչի դասավանդման իրական որակը։ Թեստերի հաջող լրացումը, նույնիսկ առարկայական բարձր գիտելիքների առկայությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ ուսուցիչն ունակ է ժամանակակից դասարանային պայմաններում աշակերտներին մատուցել նյութն այնպես, որ այն դառնա հասկանալի, հետաքրքիր և մոտիվացնող։ Մանկավարժությունը միայն գիտելիքի փոխանցում չէ, այլ նաև հոգեբանական գործընթաց, անհատական մոտեցման ունակություն, աշակերտների ներգրավվածության բարձրացում ու կրթական արդյունքի ապահովում։ Ատեստավորման համակարգը, սակայն, ուսուցիչներին դնում է ստանդարտացված թեստավորման դաշտ, որտեղ հաճախ հաղթում են ոչ թե լավագույն մանկավարժները, այլ նրանք, ովքեր կարողանում են հարմարվել ձևական պահանջներին կամ պարզապես նախապատրաստվել թեստերին՝ հաճախ կրկնուսույցների օգնությամբ։

Սրա հետևանքով շեշտադրումը տեղափոխվում է ոչ թե մանկավարժական աշխատանքի որակի ու աշակերտների շրջանում արտացոլվող արդյունքների, այլ թեստային հմտությունների վրա, ինչը սպառնում է կրթության բովանդակության արժեզրկմամբ։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ ուսուցիչներից շատերը, որոնք ցանկանում են մասնակցել ատեստավորմանը և բարձրացնել իրենց աշխատավարձը, ստիպված են լրացուցիչ գումարներ ծախսել՝ հաճախ կրկնուսույցների մոտ պարապելով, որպեսզի կարողանան հաղթահարել պահանջվող շեմը։ Սա ոչ միայն հավել յալ անիմաստ ֆինանսական բեռ է ուսուցիչների համար, այլև նոր սոցիալական շերտավորում, քանի որ քիչ վարձատրվող ուսուցչական կազմի զգալի մասը պարզապես չի կարող իրեն թույլ տալ նման ծախս, ինչի հետևանքով դուրս է մնում աշխատավարձի բարձրացում ստանալու հնարավորությունից։ Ավելին, չկա որևէ համակարգ ուսուցիչներին խրախուսելու համար, նրանք զրկված են նույնիսկ նվազագույն պարգևավճարներից։ Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի, պարգևավճարների ու գործուղումների ոլորտում սահմանափակումներ չկան, ինչը խորհրդանշում է պետական քաղաքականության ակնհայտ երկակիությունը, որտեղ կրթության համակարգի իրական կրողները՝ ուսուցիչները, հայտնվել են լարված աշխատանքի, ցածր վարձատրության, բյուրոկրատական ճնշումների և սոցիալական անապահովության փակ շրջապտույտում, մինչդեռ պետական բյուրոկրատիան առավելագույն արտոնությունների պայմաններում է։

Հանրակրթության կառավարման ոլորտում իրավիճակը ևս լրջագույն մտահոգության տեղիք է տալիս։ Այսօր հանրապետության շուրջ 303 դպրոցում տնօրենի հաստիքը թափուր է, և այդ դպրոցները ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ (կամ պարտականությունը կատարողներ)։ Սա ոչ միայն կառավարման, այլև կրթության որակի լուրջ ռիսկ է, քանի որ տնօրենն է դպրոցում ինստիտուցիոնալ միջավայրի, ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական կոլեկտիվի մոտիվացիայի ու գործունեության գլխավոր պատասխանատուն։ Տնօրենի թափուր մնացած հաստիքները վկայում են, որ համակարգը գրավիչ չէ կառավարման տեսանկյունից, իսկ մրցույթների և նշանակումների գործընթացները հաճախ բախվում են քաղաքական միջամտությունների, ձևականության ու ոչ թափանցիկության հետ։ Արդյունքում, բազմաթիվ դպրոցներ գործում են առանց կայուն, գործուն և նախաձեռնող ղեկավարության, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների ու ծնողների վրա։

Կրթության բովանդակային կողմը ևս կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Վերջին տարիներին մի շարք հանրակրթական առարկաներից դասագրքեր չկան, կամ էլ ուսուցիչները ստիպված են անցկացնել դասերը առանց դասագրքերի՝ առաջնորդվելով QRներով, էլեկտրոնային նյութերով ու ինտերնետային հղումներով։ Չնայած ժամանակակից կրթության մեջ տեխնոլոգիաների դերը կարևոր է, սակայն Հայաստանում այս գործընթացը իրականացվում է առանց համակարգային մոտեցման, առանց անհրաժեշտ նյութական ու տեխնիկական ապահովման և առանց հաշվի առնելու ուսուցիչների ու աշակերտների թվային պատրաստվածության մակարդակը։ Արդյունքում կրթական գործընթացը դառնում է անկայուն, բովանդակային տեսանկյունից՝ անկանխատեսելի, իսկ աշակերտների համար՝ հաճախ անհասկանալի ու ոչ մոտիվացնող։ Տպավորություն է, որ խնդիր է դրված մատաղ սերնդին կտրել ավանդական կրթական միջոցներից՝ գրքերից, գրականությունից, դասագրքային համակարգից, ինչը հանգեցնում է գիտելիքի արժեզրկմանը, քննադատական մտածողության թուլացմանը և ազգային ինքնության հիմքերի քայքայմանը։ Անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ հատկապես ազգային ինքնությանն ու արժեհամակարգին վերաբերող գիտելիքների՝ պատմության, գրականության, մշակույթի դասավանդման ոլորտում իրականացվում է նպատակային արժեզրկում։

Դասագրքերի բացակայությունը, բովանդակային վերանայումներն ու տարբեր առարկաների առցանց նյութերի գերակայությունը, ինչպես նաև սոցցանցերի ու հեռախոսների ազդեցության խրախուսումը նպաստում են, որ երեխաները կորցնեն կապը ազգային հիշողության, պատմական գիտակցության և մշակութային ժառանգության հետ։ Այսօր շատ հաճախ բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք միտված են սերնդի ինքնության հիմքերը խարխլելուն, օրինակ՝ «ինչո՞ւ են չորաթանցի երեխաները նկարում Մասիսը, այլ ոչ թե իրենց շրջակա լեռներն ու անտառները»։ Սա ոչ թե կրթության բազմազանության խրախուսում է, այլ ազգային արժեհամակարգի և միասնականության թուլացում՝ հիբրիդային ազդեցությունների ու տեղայնացման քաղաքականության ֆոնին։

Այնինչ, հանրակրթության ոլորտի վերականգնումը պահանջում է համակարգային, հաշվետու և արժանապատիվ մոտեցում, որտեղ ուսուցիչները կլինեն սոցիալապես պաշտպանված, մոտիվացված և մասնագիտական զարգացման իրական հնարավորություններով զինված, դպրոցները կունենան կայուն ղեկավարություն, արդիական նյութատեխնիկական բազա և կրթական բովանդակություն, իսկ աշակերտները՝ գիտելիքի, ինքնության և քաղաքացիական արժեքների լիարժեք փոխանցման միջավայր։ Առանց այս փոփոխությունների կրթության ոլորտը շարունակելու է մնալ խնդրահարույց, հուսահատեցնող և ապագայի տեսլականից զուրկ՝ խաթարելով ոչ միայն կրթության, այլև մեր հանրության և պետականության կայուն զարգացման հեռանկարները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար ԵԱՀԿ «վերակենդանացումը» քիչ հավանական է, քանի որ այն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. Լավրով ԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը
Ամենաընթերցվածները