Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական և հասարակական օրակարգում վերջին շրջանի առավել արտահայտիչ դարձած երևույթներից մեկը դարձավ Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարձակումների, ճնշումների և քրեական հետապնդումների աննախադեպ ալիքը, որի խորքային պատճառներն ու հետևանքները դուրս են զուտ իրավական կամ անձնական հարցերի շրջանակից և շոշափում են ազգային ինքնության, պետականության, հանրային համախմբման և արժեքային համակարգի հիմնարար հիմքերը։ Այս գործընթացի բուն շարժառիթներն ու մեխանիզմները հասկանալու համար անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծել թե՛ իշխանությունների վարքագծի տրամաբանությունը, թե՛ Եկեղեցու դիրքն ու դերակատարությունը հայաստանյան իրականության մեջ, ինչպես նաև այն ազդեցության դինամիկան, որ այս հակամարտությունը կարող է ունենալ հասարակական կառուցվածքի, պատմական հիշողության և ազգային դիմադրողականության վրա։

Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնության, մշակույթի, պատմության և պետականության առանցքային ինստիտուտը։ Տարբեր ժամանակաշրջաններում՝ հատկապես պետականության բացակայության պայմաններում, Եկեղեցին ստանձնել է ազգապահպան, կրթական, բարեգործական, մշակութային և նույնիսկ քաղաքական դեր, իսկ անկախության շրջանում այն վերածվել է ազգային ինքնության պահպանման և հանրային համախմբման կարևորագույն գործոնի։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին տարիներին իշխանությունների կողմից Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ դրսևորվող բացահայտ թշնամական քաղաքականությունը՝ սկսած քարոզչական արշավներից, հանրային հեղինակազրկման փորձերից, մինչև իրավական հետապնդումներ, քրեական գործեր և հոգևորականների կալանավորումներ։

Նախ՝ պետք է փաստել, որ Եկեղեցու դեմ հարձակումները զուտ մեկ կամ մի քանի հոգևորականների անձնական վարքագծի, ենթադրյալ իրավախախտումների կամ քաղաքական ակտիվության հետևանք չեն, այլ պետական քաղաքականության գիտակցված ու համակարգային մաս են։ Այս գործընթացի հիմքում ընկած է իշխանությունների կողմից ազգային ինստիտուտների վարկաբեկման, հանրային ինքնության հենասյուները թուլացնելու, արժեքային համակարգի վերափոխման և հասարակության համախմբման ավանդական մեխանիզմները չեզոքացնելու ռազմավարությունը, որը քողարկվում է տարաբնույթ կեղծ «գաղափարներով» ու նարատիվներով։

Իշխանությունների համար Եկեղեցին ոչ միայն մրցակից գաղափարական կենտրոն է, այլև հանրային ու քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող ինստիտուտ, որի հետագա թուլացումը կամ մեկուսացումը դիտվում է որպես սեփական իշխանության ամրապնդման ուղի՝ հատկապես արտաքին ուժերի համար զիջումներ կատարելու համատեքստում։ Այս տրամաբանության մեջ առանցքային նշանակություն ունի Եկեղեցու նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակը։ Հայաստանի պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հասարակական ճգնաժամերի, պատերազմների, պետականության վտանգման պայմաններում Եկեղեցին հանդես է եկել որպես համախմբող, բարոյական արժեքների կրող և ազգային դիմադրողականության աղբյուր։ Այսօր, երբ քաղաքական ինստիտուտների հեղինակությունը խարխլված է, կուսակցական համակարգը՝ թուլացած, իսկ պետական կառավարման համակարգը՝ ճգնաժամի մեջ, Եկեղեցին մնում է այն եզակի կառույցներից, որի շուրջ հասարակության տարբեր շերտեր կարող են համախմբվել։ Սա իշխանությունների համար ընկալվում է որպես լուրջ վտանգ։

Բացի այդ, Եկեղեցին, լինելով ազգային համախմբման, հայրենասիրության, պատմական հիշողության ու ինքնության կարևորագույն ինստիտուտ, իր դիրքորոշումներով ու հայտարարություններով հաճախ առաջ է քաշում պետական քաղաքականության նկատմամբ քննադատական օրակարգ, բարձրաձայնում է հասարակության մտահոգությունները, պաշտպանում Արցախի և արցախահայության իրավունքներն ու դիմադրություն է ցույց տալիս ազգային արժեքների, պատմության և մշակույթի արժեզրկման փորձերին։ Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների գործելակերպն ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն սահմանափակվում միայն գաղափարական հարձակումներով, այլ անցնում են բացահայտ ճնշումների նրանց լռեցնելու նպատակով, ինչի վկայությունն են վերջին շրջանում բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերը։

Հոգևորականների նկատմամբ հարուցվող գործերի մեծ մասը (եթե ոչ բոլորը) հիմնված է բացառապես քաղաքական մոտիվացիաների վրա, իսկ իրավական գործընթացները իշխանությունների կողմից ուղեկցվում են հանրային հիստերիայով, իշխանական տեղեկատվական հարթակներով կազմակերպվող արշավներով, որոնց նպատակը ոչ միայն տվյալ անձին, այլև ամբողջ հոգևորականությանն ու ընդհանրապես Եկեղեցուն հեղինակազրկելն է։

Ու հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի հարձակվում Եկեղեցու վրա, և Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները Եկեղեցին չեն։ Սա ավելին է, քան ցինիզմը: Նախ՝ նույնիսկ իր այս հերքման ներքո փաստացի Փաշինյանը ինքնախոստովանություն է անում, որ եկեղեցականների նկատմամբ հետապնդումներն իրականացվում են անձամբ իր թելադրանքով։ Այսինքն, ինքը պատերազմում է հոգևորականների դեմ, այլ ոչ թե Եկեղոցու: Բայց ամենազվարճալին այն է, որ Կաթողիկոսին Եկեղեցուց տարանջատում է մի մարդ, որը հայտարարում է, թե կառավարությունն ինքն է։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։

Ճիշտ այնպես, ինչպես աբսուրդային է, որ Փաշինյանի իշխանությունն իրեն նույնացնում է, ընդհանրապես, պետության կամ պետականության հետ։ Դրա համար էլ, երբ քննադատություններ են հնչում կամ քայլեր են ձեռնարկվում կապված իշխանությունների կողմից տարվող ապիկար քաղաքականության դեմ, որի արդյունքում զոհասեղանին են դրվում հայ ժողովրդի անօտարելի իրավունքները և արտաքին ուժերին կատարվում անասելի զիջումներ, ապա իսկույն քպականները, Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են աղմուկ բարձրացնել, թե տարբեր «հակապետական» ուժեր են գործում պետության դեմ։ Այնինչ, Փաշինյանն էլ, իր թիմն էլ ընդամենը ժամանակավոր կառավարիչներ են, որոնք պետականության ու ինքնիշխանության գաղափարների ներքո միայն սեփական աթոռը պահելու հարց են լուծում, նրանց շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կլինի պետության հետ։ Իսկ եթե այլ կերպ մտածած լինեին, ապա շատ վաղուց ինքնակամ հեռացած կլինեին ու դրանով իսկ առնվազն թույլ չէին տա, որ թշնամական ու, ընդհանրապես, արտաքին այլ ուժերը «ղումար խաղային» մեր երկրի ճակատագրի վրա։

Իսկ Եկեղեցին առավել քան կապ ունի պետության և պետականության հետ, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, պետության բացակայության պայմաններում այն իր վրա է վերցրել պետականության գործառույթները և դարերի ընթացքում ստեղծել անհրաժեշտ հիմք պետականության վերականգնման համար։ Ու հիմա էլ Եկեղեցին իր ձայնն է բարձրացնում, երբ տեսնում է պետականությանը և հայ ժողովրդի կենսական շահերին սպառնացող վտանգը։ Իսկ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իրականացվող հարձակումները, կալանավորումները և վարկաբեկման փորձերը լուրջ սպառնալիք են ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի, ազգային ինքնության և պետականության շարունակականության համար։ Այնպես որ, հոգևորականների դեմ փաշինյանական արշավը միանշանակ հարձակում ու պատերազմ է՝ հայտարարված թե՛ Եկեղեցուն, թե՛ պետությանն ու պետականությանն ընդհանրապես։ Ու ոչ միայն այս արշավը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները