Ինքնախաբեություն է կարծել, որ ձեր հետևից չեն գա.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վայրագ ձերբակալությունն ու հաջորդող կալանավորումը, որքան էլ որ մեկ անձի ու նրա ֆեյսբուքյան գրառման հետ կապված իրադարձություն թվան, իրականում ու խորքում վերաբերում են ամբողջ հասարակությանը: Դա, եթե կուզեք, յուրօրինակ շրջադարձային կետերից մեկն է մեր երկրի կյանքում, որ այլևս ընկղմվում է դարչնագույն տոտալիտարիզմի ու հիստերիկ անձնիշխանության թունավոր ճահիճը: Փաշինյանի գլխավորած «ժողբաստիոնային» իշխանությունն անցնում է հանրությանն ահաբեկելու և տոտալ իրավազրկման, վախով կաշկանդելուն նպատակաուղղված գործողությունների:

Ի՞նչ է կատարվել այդ ձերբակալությամբ, և ինչո՞ւ ենք այն որոշակի առումով համարում «շրջադարձային»:

Հրապարակային ակտիվ դրսևորում ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը, խիստ բորբոքված Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ու քահանաների նկատմամբ իշխանության վերջին հալածական դրսևորումներից, սոցցանցային իր օգտահաշվի էջում կոշտ գրառում է արել, տվել սուր բնորոշումներ: Ըստ որում, մասնագիտության բերումով, նա, որպես պաշտպան, ընդգրկված է Բագրատ սրբազանի և մյուսների՝ «18 արդարների» դեմ ներկայացված մեղադրանքներով ընթացող գործում: Այդ գրառումից կարճ ժամանակ անց դիմակավորված ու հատուկ հանդերձավորված «կալանիչ խմբի» միջոցով հենց Շենգավիթի դատարանի մոտ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, փաստաբանի վրա կատարվում է հարձակում, ձերբակալման ուժային գործողություն: Ըստ էության, դա նպատակային ու ցուցադրական «պատժիչ գործողություն» էր, և առնվազն ենթադրելի է, որ փաստաբանին նման կերպ ձերբակալելու հրաման տվողներն այդպիսի նպատակ էին հետապնդում:

Տվյալ պարագայում անհամաչափ ուժի ցուցադրությունը ուղղված էր ոչ թե ձերբակալվող անձի, այլ ամբողջ հասարակության դեմ:

Շրջադարձայինի մասին:

Նախ՝ եթե կատարվածը և փաստաբանին մեղսագրվող արարքը կապված է բացառապես հրապարակայնորեն կոշտ խոսք ասելու հետ, ապա այստեղ մի ամբողջ շարան հարցեր են ծագում: Դրանց թվում՝ ամենից էականը, կարծում ենք, այն հարցն է, թե իրավապահ համակարգի նման խիստ մոտեցման պայմաններում ինչպե՞ս է, որ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել նույն Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների դեմ: Այսինքն, ի՞նչ. իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու սատելիտները ազատորեն կարող են ինչ ասես ասել ընդդիմախոսների, երկրի քաղաքացիների, հայազգի մարդկանց, Ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների, տեղացի և օտարերկրյա իրավապաշտպանների հասցեին, իսկ, այ, ընդդիմադիր հայացնքեր ունեցող քաղաքացիները միանգամից «հանցագործ» են դառնո՞ւմ մի թեթև խոսքից: Եվ ո՞ւր մնացին օրենքը, օրինականությունն ու իրավահավասարությունը: Բայց համարենք սա հռետորական հարց...

Մյուս էական հանգամանքն այն է, որ քաղաքացին ձերբակալվել և կալանավորվել է կարծիք արտահայտելու համար: Ի լրումն ամենի, դա ուղիղ գծով նշանակում է տարփողված «ժողովրդավարության» ավարտը, եթե կուզեք՝ վերջը:

Եթե հենց փաստաբանն է հայտնվում իշխանության ռեպրեսիվ մարմինների հետապնդման թիրախում, ապա դա հստակ ուղերձ է ոչ միայն մնացած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, այլև ամբողջ հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացու: Այդ «ուղերձը» հենց սպառնալիք է: Դրանից ավելի ուղիղ սպառնալն այն կլինի, եթե Փաշինյանը ամենօրյա «սրտիկ» անելուց հետո հայտարարի, որ Հայաստանում այլևս բոլորն անխտիր համարվում են առերևույթ կալանավորված, այնպես որ՝ թող պատրաստ լինեն բանտում հայտնվելուն:

Մանավանդ, սպասվող համապետական ընտրությունների նախաշեմին նման ռեպրեսիվ մոտեցումը էլ ավելի սուր է ընկալվում և ընդգծվում:

Անկասկած, կլինեն հայրենակիցներ, որոնք կմտածեն կամ կասեն, թե՝ լա՜վ, մի փաստաբանի են կալանավորել, դուք էլ՝ «շրջադարձային կե՜տ...», այս, այն: Ավելին, կարող են լինել նաև այնպիսիք, որ կմտածեն մոտավորապես այսպես. «Դե, թող էդպես բաներ չասեր, չբռնեին...»:

Նման «մտածումներից» վերջինի վերաբերյալ պետք է նշել, որ այդպես կարծողները արդեն իսկ ենթարկվել են հոգեբանական տեռորի ու ընկել են բռնաճնշումների տակ: Ինչը, անկեղծ ասած, ցավալի է, որովհետև վաղը, մյուս օրը նրանց նույն կերպ ահաբեկելով կարող են ստիպել ինչ ասես, այդ թվում՝ սեփական հայրենիքից, տնից, հավատից, լեզվից հրաժարվել ը: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե դա անձամբ իրենց չի վերաբերում, մանավանդ, որ իրենք լուռ են, իրենք փաստաբան չեն, եպիսկոպոս չեն, լրագրող չեն, այլ վաճառող են, տաքսիստ, ծեփագործ, օրավարձով «յոլա գնացող» և այլն, ապա նրանք սխալվում են: Նրանք ոչ միայն սխալվում են, այլև զբաղված են խաբեություններից ամենավատով՝ ինքնախաբեությամբ:

Ինքնախաբեություն է կարծել, որ եթե «քաղաքականությամբ չեք զբաղվում», ապա «ձեր ետևից» չեն գալու իշխանական «մտքի ոստիկանության» կալանիչները: Ինքնախաբեություն է կարծել, որ եթե լռեք, եթե ձեզ «խելոք» պահեք, ապա «ձեր հետևից» չեն գալու: Կգան:

Ու, ինչպես մի գերմանացի հոգևորական էր նկատել իր դառը փորձով, երբ հերթը հասնի «ձեր հետևից» կալանիչների գալուն, ապա այլևս չի լինի որևէ մեկը, որ փորձի ձեզ ու ձեր իրավունքները պաշտպանել:

Մի խաբեք ինքներդ ձեզ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթի ժամանակ հպարտ երջանկությամբ չեք ցատկոտել հեռուստացույցի առաջ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթից հետո ոչ թե 3, այլ 2 անգամ եք ասել՝ «կեցցե»: Կգան, որովհետև ավտոբուսի պատուհանից մի քանի վայրկյան համարձակվել եք նայել Արարատին: Կգան, որովհետև... կգան:

Հա, խոսքը վերաբերում է նաև կուրորեն հանձնարարություն կատարողներին ևս: Առավել ևս՝ նրանց: Այլ կատարողներ կգան...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները