Ամեն ինչ հարամելու, ավերելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույնիսկ ամենամղձավանջային երազում դժվար էր պատկերացնել, որ հայկական որևէ եկեղեցու մերձակայքում, էլ չենք ասում՝ նախագավթում կամ նույնիսկ եկեղեցու ներսում կարող է ինչ-որ քաշքշուկ, աղմուկ ու անախորժ խժդժոց լինի թեկուզ կարգալույծ արված հոգևորականի մասնակցությամբ: Հատակից անդին ընկած այդ եզրագիծն էլ հատվեց նախօրեին:

Եկեղեցին ինքնին սրբավայր է՝ դրանից ուղղակիորեն բխող խորհրդով: Առհասարակ, եկեղեցու, սրբավայրի հանդեպ մեր ժողովրդի մեջ ընդունված ու տիրապետող վերաբերմունքը ակնածանքն է, հարգանքը, խոնարհումը, պատկառանքը, անկախ նրանից՝ մարդը քրիստոնյա-հավատացյա՞լ է, թե՞ նույնիսկ, կներեք, աթեիստ: Եկեղեցիները, մանավանդ միջնադարյան տաճարներն ու վանքերը ամենևին էլ պատահական վայրերում չեն կառուցված: Ավելին, այդ բազմադարյա տաճարների, վանքերի մուտքերի մոտ, գավիթներում ամփոփված են նաև անցյալի հոգևոր հայրերի աճյունները՝ դրանից բխող՝ հավատացյալների և այլոց վարքային դրսևորմանն առնչվող հետևությամբ: Մի խոսքով, եկեղեցիներն ու եկեղեցիների մերձակայքը հաստատ այն վայրերը չեն, որտեղ կարելի է աղմկել, գոռգոռալ, խժդժել, էլ չենք ասում՝ հրմշտուք հրահրել:

Բայց ինչի՞ ականատես եղանք նախօրեին Հովհաննավանքի տարածքում, կարգալույծ արված ու արդեն նախկին քահանա, այժմ քաղաքացի Ստեփան Ասատրյանի մասնակցությամբ: Քիչ է ասել, թե դա խայտառակություն էր: Առաջին հարցը, որ ծագեց հիշատակված անձնավորության նյարդային վարքին ու բացականչություններին զուգահեռ, այն էր, թե ինչպե՞ս է նման նկարագրի տեր անձը քահանա ձեռնադրվել ու մի քանի տարի ծառայել այդ եկեղեցում: Ստեփան Ասատրյանն իր պահվածքով նմանվում էր... Դժվար է նույնիսկ լրատվամիջոցի բարեվարքության սահմաններում համեմատություն գտնել: Ձեռքերը օդում թափահարելով, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին վիրավորական ու անվայելուչ արտահայտություններ հնչեցնելով, իր հետ բերված սադրիչ անձանցով շրջապատված՝ նա աչքի ընկավ քահանային, նույնիսկ կարգալույծ արված քահանային անվայել պահվածքով: Ըստ որում, հատկանշական է, որ Մայր Աթոռի Դիվանատան կարգադրությունը բերած հոգևորականը ծանրակշիռ, հավասարակշռված ու զուսպ պահվածքով ուշադրություն գրավեց:

Մյուս կողմից՝ գիտեք, միանգամայն բնական է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրած ու ՔՊ-ի սրտի «քահանան» հենց այդպիսին պիտի լիներ, ինչպիսի աղմկոտ վարքով առանձնացավ Ստեփան Ասատրյանը: Եվ այն, ինչ կատարվեց Հովհաննավանքում նախօրեին, ըստ էության, «նախավարժանքն» էր այն վիճակի ու պատկերի, որ կանխատեսելի է նույն վայրում առաջիկա կիրակի: Այսինքն՝ այն օրը, երբ կարգալույծ արված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը Փաշինյանի և ոստիկանական զորքերի հովանու ներքո պատրաստվում է պատարագ մատուցել, ինչի իրավունքից կամ շնորհից այլևս զրկված է: Այսինքն, եթե Փաշինյանն ու նրան կից քպականները առաջիկա կիրակի իսկապես գան այստեղ, ապա Հովհաննավանքն ու շրջակայքը կանխատեսելիորեն լցված են լինելու ոստիկանական ուժերով, ԱԱԾ-ականներով, տարբեր հիմնարկներից վարչական ռեսուրսով «բերման ենթարկված» անձանցով, մի շարք քպամերձ սադրիչներով, որոնք թերևս խնդիր են ունենալու հարձակվել տարածքում հայտնված իրական հոգևորականների, խաղաղ բնակիչների ու հավատացյալ մարդկանց վրա:

Չէ, իրոք, բնական է, որ Նիկոլ Փաշինյանի «սրտի քահանան» հենց Ստեփան Ասատրյանը պետք է լիներ: Իսկը՝ նմանն զնմանն գտանե... Երևի հենց այդպիսին է ամեն ինչ հարամելու, փչացնելու, ամեն ինչի վրա բիծ գցելու, ամեն ինչ ավերելու «արվեստը»՝ գործողության մեջ:

Մյուս կողմից՝ այս ամենը շատ ավելի ընդգրկուն երևույթներ ու շերտեր է պարունակում: Ընդհանրապես, ցանկացած երկրի ցանկացած նորմալ ղեկավար ձգտում է, որ իր կառավարած երկրում հասարակությունը հանդարտ լինի, հանգիստ հոգեվիճակում, երկրում նորմալ մթնոլորտ ու հասարակական միջավայր տիրի: Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա ամեն ինչ անում է, որ հասարակության ներսում շարունակական առճակատումներ ու բաժանումներ լինեն, բազմապատկվի չարությունն ու անհանդուրժողականությունը, որ սադրանքներ ու քաշքշուկներ լինեն, անգամ՝ բախումներ ու ընդհարումներ: Ու ինքն այդ ամենի արանքում իր անելիքը սղացնի, ձեռքի հետ էլ՝ կառչած մնա իշխանությանը: Աբսուրդ է թվում, որ երկրի ղեկավարը ատելության գեներատոր լինի, խժդժումներ հրահրող, պառակտումներ ու ներքին թշնամանք սերմանող: Այո, բայց մենք արդեն 7 ու ավելի տարի ապրում ենք նման «աբսուրդի» մեջ ու պայմաններում: Գրեթե ամեն օր, առնվազն՝ օրումեջ Նիկոլ Փաշինյանը մի նոր բան է «գտնում» հասարակությանը շոկի ու սթրեսի ենթարկելու համար: Մի անընկալելի հայտարարություն, մի «իրական Հայաստան», մի նոր ուրացում՝ Արարատի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, մի ընդդիմադիր համայնքապետի նոր կալանավորում, մի նոր փաստաբանի հետապնդում: Դա էլ չլինի, որևէ արժանավոր քաղաքացու հանիրավի հետապնդում, Հայ առաքելական եկեղեցու Հովվապետի ու արքեպիսկոպոսների հասցեին զազրախոսություն, ընդդիմադիրների հասցեին մի նոր սպառնալիք կամ հենց հաշվեհարդարի դրսևորում...

Մեծ հաշվով, տեղի է ունենում արժեհամակարգային ջնջում: Այն, ինչ կատարվում է, համապարփակ և համակողմանի պատերազմ է հայ ժողովրդի, մեր պատմական հիշողության, ավանդույթների և արժեքների, ինքնության և Հայ առաքելական ու ազգային եկեղեցու դեմ: Ըստ որում, հատկանշական է, որ Ուկրաինայում էլ Ուղղափառ եկեղեցու վրա հարձակումներ են եղել այնտեղի իշխանության կողմից, ինչը խոսում է առնվազն այն մասին, որ «մեթոդիստն» ու սցենարիստները նույնն են: Բայց չշեղվենք մեր ցավերից ու իրականությունից:

Մյուս դառնագույն պահն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ քպական իշխանության ու Փաշինյանի հրահրած պատերազմը աստիճանաբար վերածվում է աղանդավորական շարժման, քանզի տպավորություն է, որ Փաշինյանը ձգտում է Հայ առաքելական եկեղեցուն հարաթոռ եկեղեցի ստեղծել իր համար: Այո, սա պատերազմ է, և պատերազմ է հենց Ազգային եկեղեցու դեմ: Ու պատճառներն էլ ակնհայտ են՝ ՀԱԵ բազմադարյա ինստիտուցիոնալ անդադար գոյությունը, ազդեցությունը, համայն հայության համար նշանակությունը և ունեցած ազդեցությունը, ազգային ինքնության ու նկարագրի ձևավորման առումով հենասյունային նշանակությունը: Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ կա ազգային այնպիսի հաստատություն, որը բազմապատիկ մեծ ազդեցություն ու հեղինակություն ունի, քան բոլոր քաղաքական ուժերն ու պետական կառույցները միասին վերցրած: Եվ որ այդ կառույցը հետամուտ է մեր ազգային շահերին...

Հենց դրա պատճառով են ՀԱԵ երեք սրբազան հայրեր այսօր ԱԱԾ-ի «Խոր վիրապում» («ԿԳԲ-ի պադվալում»): Հենց դրա համար են սրբազանները գերված ու պատանդառված այս հակաժողովրդավարական, ոստիկանական վարչախմբի կողմից:

Հ.Գ. Շատ խոսուն էր, ի դեպ, որ Հովհաննավանքի մոտ ընդամենը մի քանի ակտիվ լրագրողի ներկայությունը բավարար եղավ, որպեսզի նախնական պայմանավորվածությամբ պսակադրության եկած զույգի ներկայացուցիչները հասկանան, որ կարգալույծ արված նախկին քահանան չկատարի պսակի կարգը, այլ իրապես գործող քահանա դա անի: Ու սա՝ չնայած Ստեփան Ասատրյանի աղմկարարությանը, իրենց ագրեսիվ ու անվայել պահող, նրան «պաշտպանելու» համար բերված սադրիչ անձանց, նաև՝ ոստիկանների ճնշող ներկայությանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող սպիտակ զանգված Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հшրձակումներին դիմակայելու համար «Փոշի ու երազանքներ». լույս կտեսնի Յուրա Մովսիսյանի մասին գիրքը «Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը
Ամենաընթերցվածները