Երբ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը բացարձակ պաշտպանված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը մարդկության առջև բացել է աննախադեպ հնարավորություններ՝ հաղորդակցության, ինֆորմացիայի փոխանակման, ինքնադրսևորման ու ստեղծագործական ազատության համար, սակայն այդ նույն ժամանակաշրջանը մարդկությանը կանգնեցրել է մեկ այլ խորքային ու համընդհանուր սպառնալիքի առջև, այն է՝ անձնական կյանքի գաղտնիության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության աննախադեպ խաթարումը։

Յուրաքանչյուր անձի անքակտելի իրավունքն է ունենալ իր անձնական և ընտանեկան կյանքի, տարածքի անձեռնմխելիություն, ինչպես նաև նամակագրության գաղտնիություն։ Այս սկզբունքը, որ ամրագրված է թե՛ համաշխարհային՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ու մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերով, թե՛ ազգային սահմանադրություններով ու օրենսդրությամբ, այսօր ամեն օր դրվում է կասկածի տակ ոչ միայն անհատների անփութությամբ, այլ հատկապես համակարգված, երբեմն էլ միտումնավոր գործողությունների հետևանքով։

Անցած տասնամյակներում անձնական կյանքի գաղտնիության խախտումները հիմնականում դրսևորվում էին բացառիկ դեպքերում՝ օրենքի խախտման, պետական անվտանգության սպառնալիքի կամ դատական որոշման պարագայում, սակայն վերջին տարիներին այդ խախտումները դարձել են ոչ միայն պարբերական, այլև զանգվածային բնույթ են ձեռք բերել։ Այսօր շատերն ամենօրյա ռեժիմով բախվում են այն խնդրին, որ իրենց անձնական տարածքը, ընտանեկան ու մասնավոր հարաբերությունները, նույնիսկ մտքերն ու հույզերը կարող են դառնալ հանրային քննարկման կամ շահարկման առարկա՝ առանց իրենց թույլտվության։

Այս երևույթի առանձնահատկությունը ոչ միայն տվյալների արտահոսքի հաճախականությունն ու ծավալն է, այլև այն, որ անձնական կյանքի խախտումները դարձել են հանրային կյանքի մի մաս, այդ թվում՝ տեղեկատվական հարթակներում, ավելին՝ նույնիսկ քաղաքական պայքարի գործիք։ Առանց թույլտվության մարդկանց կարող են նկարահանել տարբեր վայրերում, ձայնագրել մասնավոր զրույցները, տարածել անձնական նամակագրությունները կամ լուսանկարները՝ հաճախ նպատակային վարկաբեկման կամ ճնշման համար։ Այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական հոսքերի արագության ու ծավալային հատկանիշներով, երբ մի տեղեկություն կարող է վայրկյանների ընթացքում հասնել տասնյակ հազարավոր կամ միլիոնավոր մարդկանց, իսկ դրա վերջնարդյունքը կարող է լինել անձի բարոյական, հոգեբանական, սոցիալական և անգամ մասնագիտական վնասը։

Անձնական կյանքի գաղտնիության խախտումը լուրջ մարտահրավեր է ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև քաղաքական և իրավական հարթությունում։ Երբ անձի կյանքի մանրամասները, ընտանեկան հարաբերություններն ու հաղորդակցությունները դառնում են հանրային սեփականություն՝ առանց իրենց համաձայնության, դա ընդամենը մեկ մարդու իրավունքների խախտում չէ։ Դա հարված է ամբողջ հանրության վստահությանը պետության, իրավական համակարգի և, ընդհանուր առմամբ, հասարակության արժեհամակարգի նկատմամբ։ Եթե մարդը չի կարող վստահ լինել, որ իր մասնավոր կյանքը պաշտպանված է՝ անկախ իր դիրքից, պաշտոնից կամ հանրային ճանաչվածությունից, ապա հասարակությունը դադարում է լինել անվտանգ և ազատ։ Այս իրականությունը ստեղծում է անվստահություն ոչ միայն անհատների, այլև ինստիտուտների միջև, խաթարում է հանրային համերաշխությունն ու իրավական պետության հիմքերը։

Այս խնդիրը հատկապես սրվում է այն ժամանակ, երբ անձնական կյանքի գաղտնիության խախտումները դառնում են քաղաքական գործիք։ Տեղեկատվական հարձակումների, մանիպուլ յացիաների, շանտաժի, վարկաբեկման կամ հանրային ճնշման նպատակով տարբեր խմբեր, այդ թվում՝ քաղաքական ուժեր, հաճախ են օգտագործում անձնական կամ ընտանեկան կյանքի տվյալները։ Սա հատկապես բնորոշ է իշխանություն ներկայացնող ուժերին, որոնք ունեն հասանելիություն հատուկ կառույցների կողմից իրականացված «գործողություններին»: Սրա օրինակները, ցավոք, հաճախակի են դարձել Հայաստանում, երբ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր ձայնագրություններ ու տեսանյութեր, որոնք մեծամասամբ, ամենայն հավանականությամբ, ձեռք են բերվել նույն հատուկ ծառայությունների միջոցով ու, «չգիտես ինչպես», հայտնվել են իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցներում:

Այսպիսի պրակտիկան ոչ միայն անընդունելի է բարոյական և իրավական տեսանկյունից, այլև վտանգավոր է երկրի համար՝ թուլացնում է ազգային անվտանգությունը, հասարակական վստահությունը և պետական ինստիտուտների հեղինակությունը։ Ի վերջո, նմանատիպ միջադեպերը կարող են օգտագործվել նաև արտաքին ուժերի կողմից՝ դիվերսիոն, քարոզչական կամ շանտաժային նպատակներով, ինչը արդեն վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի։ Անձնական տվյալների նման արտահոսքը, մասնավոր կյանքի խախտումները կարող են օգտագործվել թշնամական պետությունների կողմից՝ մեր երկրի և քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմում՝ հասարակության բևեռացման, պետական կառույցների վարկաբեկման կամ անհատների նկատմամբ ճնշում գործադրելու համար։

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ժամանակակից տեխնոլոգիաները էապես փոխել են անձնական կյանքի սահմանները։ Եթե նախկինում մասնավոր կյանքը սահմանափակվում էր հիմնականում ֆիզիկական տարածքով, ապա այսօր վիրտուալ միջավայրի «շնորհիվ» այն դարձել է շատ ավելի լայն ու բարդ։ Սոցիալական ցանցերը, հաղորդակցման հարթակները, էլեկտրոնային փոստը, նույնիսկ թվային սարքավորումները մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն են, իսկ այդ հարթակներում թողնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և տարածման առարկա։

Այս համատեքստում անձնական կյանքի գաղտնիության պաշտպանության խնդիրն արդեն վաղուց դուրս է եկել անհատական դաշտից և դարձել է համազգային և համամարդկային մարտահրավեր։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ամբողջական, համակարգված և բազմամակարդակ մոտեցում։ Նախ՝ պետությունն իր պարտականությունն ունի՝ մշակելու և կիրառելու խիստ, ժամանակակից ու արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ, որոնք ոչ միայն կներկայացնեն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, այլև կերաշխավորեն դրա գործնական պաշտպանությունը։ Անհրաժեշտ է ապահովել դատաիրավական արդյունավետ համակարգ, որը կարձագանքի նման խախտումներին՝ հատուկ սահմանված պատասխանատվության մեխանիզմներով։ Պետք է ունենալ պատասխանատվության կոնկրետ ուղղություններ՝ ինչպես անհատների, այնպես էլ իրավաբանական անձանց համար, որոնք խախտում են անձնական կյանքի գաղտնիության նորմերը՝ լինի դա ապօրինի նկարահանում, ձայնագրություն, տվյալների արտահոսք կամ տեղեկատվության չարտոնված շրջանառություն։ Բայց դժվար է ապահովել նման բարեփոխումներ ու նախաձեռնություններ այն երկրներում, որտեղ իշխանություններն իրենք էլ, մեղմ ասած, դեմ չեն նման «սլիվներին»:

Իսկ ինչ վերաբերում է հասարակության՝ տեղեկատվական «հիգիենային», ապա դա արդեն առանձին խոսակցության նյութ է, որին ոչ մեկ անգամ անդրադարձել ենք և դեռ էլի առիթներ կլինեն անդրադառնալու:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող սպիտակ զանգված Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հшրձակումներին դիմակայելու համար «Փոշի ու երազանքներ». լույս կտեսնի Յուրա Մովսիսյանի մասին գիրքը «Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը «Կամավորների կոալիցիան» ավարտել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին ուղղված աշխատանքը. Մակրոն
Ամենաընթերցվածները