«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է ներքին դաշտում, ուղղակիորեն շաղկապված է այն պահանջների հետ, որոնք նա ստանում է Ադրբեջանից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Ունենք նախընտրական իմիտացիա, մուլ յաժ, որը կոչվում է «Խաղաղության նախաստորագրված փաստաթուղթ» կամ «Խաղաղության տեսլական», որը որևէ էական աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային գործնական նշանակություն չունի։ Դա զուտ գործող իշխանությանը՝ Ադրբեջանի և գլոբալ առումով Թուրքիայի հետևում կանգնած Բրիտանիայի կողմից տրված նախընտրական գործիք է, մուլ յաժ, որն իրականում տրվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի իշխանություններին»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որը կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է պատկերացնում։

Ընդգծում է՝ որքան Հայաստանի իշխանությունները շատ են խոսում խաղաղության մասին, որքան շատ են խոսում, որ նախաստորագրված փաստաթուղթն արդեն խաղաղություն է բերել Հայաստանին, որը, ինչպես փոքր մանուկ, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, պետք է գուրգուրել, այնքան Ադրբեջանում, ընդ որում՝ առաջին դեմքերի, շատ դեպքերում հենց Ալիևի մակարդակով, այնպիսի հայտարարություններ են արվում, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում, թե արդյոք կողմերի միջև, ընդհանրապես, գոյություն ունի խաղաղության գործընթաց։ «Ասվածի ապացույցը կամ հիմնավորումը եղավ այն, երբ Ալիևը խոսեց Սևանի, գոյություն ունեցող և չունեցող քարտեզների և այլնի մասին։ Կրկին հայտնեց իր նկրտումները՝ ասելով, որ հայերը չպետք է վախենան, որովհետև իրենք վերադառնալու են «Արևմտյան Ադրբեջան» ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Մի կողմից, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին տվել են խաղաղության «խաղալիքը», որպեսզի Հայաստանում ընտրություններում օգտագործի, բայց մյուս կողմից էլ՝ ժամանակ առ ժամանակ իրենց հայտարարություններով փաստացի ջախջախում են Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղություն կոչվող «խաղալիքը»։ Տարօրինակ զգացողություններ են առաջանում, մինչդեռ այստեղ ոչ մի իրարամերժ հարց չկա։ Սա ընդհանուր պլանի մի մաս է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ միայն ես կարող եմ բերել խաղաղություն, մնացածը խաղաղության որևէ կոնցեպտ չունեն, պատերազմ են բերելու, եթե ես չեմ, ապա պատերազմ է լինելու։ Նիկոլ Փաշինյանի հիմնական թեզերից մեկը նախընտրական պայքարում լինելու է «պատերազմ, թե խաղաղություն» դիլեման։ Ալիևը հայտարարում է, թե իրականում ինչ ծավալապաշտական ծրագրեր ունի Ադրբեջանը, և ինչով է Ադրբեջանը զբաղվելու Նիկոլ Փաշինյանին տրված հրադադարից հետո, որովհետև սա խաղաղություն չէ, հրադադար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը փորձի ընտրություններում վերընտրվել խաղաղության քողի տակ։ Իրականում թե՛ իր ներքին, թե՛ արտաքին լսարանին, թե՛ Հայաստանի ներքին լսարանին ասում է, թե ինչ է անելու Հայաստանում ընտրություններից հետո, այն դեպքում, երբ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ՝ բարձրացվելու է «ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն իրենց պատմական տարածքներ»։ Ասում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը լինի, տանկերով չենք գալու, այլ մեքենաներով։ Եթե, այսպես կոչված, ռևանշիստները գան իշխանության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, այդ ժամանակ նույն ծրագիրը կիրականացնենք, բայց արդեն տանկերով։ Երկուսով նույն երգն են երգում, նույն ջրաղացի վրա ջուր է լցվում, շատ նուրբ է այդ ամեն ինչը արվում։ Ըստ էության, Ալիևն այստեղ մտել է նաև նախընտրական, ներքաղաքական պայքարի մեջ՝ որպես կողմ, և բավականին դիվանագիտորեն, քաղաքական բառամթերքով այսպիսի իրավիճակ է ստեղծում»,նշում է մեր զրուցակիցը։

Հակոբյանը հիշեցնում է՝ պատերազմից հետո Ալիևի ամբիցիաները շատ են մեծացել ոչ միայն Հայաստանի հետ կապված, նա ուզում է լինել տարածաշրջանային լիդեր. «Այդ իսկ պատճառով նա անընդհատ թե՛ իր լսարանին, թե՛ արտաքին խաղացողներին, իր գործընկերներին պետք է բացատրի, թե իր ամբիցիաները մինչև ուր են տարածվում, որ ինքը դեռևս թե՛ Հայաստանի հետ հարցեր ունի, թե՛ տարածաշրջանային նկրտումներ։ Ալիևը «պատերազմ, թե խաղաղություն» դիլեմայի մեջ նույն ջրաղացին ջուր է լցնում՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի խաղաղության խորհրդանիշ լինելու թեզի։ Հանրությանն է ասում՝ դուք մտածեք, մեքենաներով եմ գալու, թե տանկերով»։

Նիկոլ Փաշինյանը հանրությանը սնում է օկուպացված տարածքների և Արծվաշենի վերադարձով, հայտարարում է, թե մինչ տարեվերջ կհրապարակի Արցախի բանակցային գործընթացի հետ կապված փաստաթղթերը, շարունակում է արշավել Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ հանրային տիրույթում վերակենդանացնում է սահմանազատման և անկլավների հարցերը։ Քաղտեխնոլոգը համոզված է՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է ներքին դաշտում, ուղղակիորեն շաղկապված է այն պահանջների հետ, որոնք նա ստանում է Ադրբեջանից։ «Թուրքիան, այնուամենայնիվ, Հայաստանի հետ հարաբերությունների մոդերատորի դերը առայժմ տվել է Ադրբեջանին, շարունակում է այն գիծը, որ մինչև Ադրբեջանի հետ բոլոր հարցերը չլուծես, ինձ հետ մի սեղանի շուրջ չես կարող նստել:

Ադրբեջանի հետ հարցեր չունենալն է այն նախապայմանը, որից հետո Թուրքիան կսկսի Հայաստանի հետ ընդհանրապես լուրջ խոսել ինչ-որ ձևաչափում։ Այն բոլոր օրակարգերը, որոնք հայաստանյան ներքին քաղաքական կամ հանրային դաշտում Նիկոլ Փաշինյանը դնում է, բխում են արտաքին պատվերներից, ազդակներից։ Պարզ է, որ Ադրբեջանի համար անկլավների թեման ընդհանուր փաթեթի մեջ էր, Ադրբեջանն այն կարող է ակտուալիզացնել կամ լռեցնել։ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, որ Արծվաշենը վերադարձնելու ենք։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նորից բարձրացրել է հարցը, թե երբ ես վերադարձնելու «մեր անկլավները», Փաշինյանն էլ ասում է՝ Արծվաշենը կփոխենք մեր վերահսկողության տակ եղած ադրբեջանական անկլավների հետ, այնպես է ամեն ինչ ցույց տալիս, որ իբր թե Հայաստանից է գալիս այդ նախաձեռնությունը։ Չեմ ուզում հայրենի հողի գնահատականը տալ, թե որն է ավելի կարևոր, որն ավելի քիչ կարևոր, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, բայց Ադրբեջանի համար, հատկապես տարածաշրջանային լիդերի նկրտումները բավարարելու համար շատ կարևոր են այդ անկլավները, որովհետև դրանք, ի տարբերություն Ադրբեջանի տարածքում եղած հայաստանյան անկլավների, ստրատեգիական, լոգիստիկ նշանակություն ունեն և՛ ռազմաքաղաքական, և՛ տնտեսական առումով։ Օրինակ՝ Տիգրանաշենի ռազմաքաղաքական և ռազմատնտեսական նշանակությունն ակնհայտ է։ Այդ առումով Արծվաշենը նույն նշանակությունը Հայաստանի համար չի կարող ունենալ։ Անկլավների թեման Ադրբեջանն արագացնում է խաղաղության նախաստորագրված փաստաթղթի ֆոնին։

Մյուս կողմից՝ կա արտաքին պատվեր վերահսկողության տակ վերցնել Հայ առաքելական եկեղեցին, որն այլընտրանքային, գաղափարախոսական, հայապահպանման կենտրոն է և, լինելով ցանցային ազդեցիկ և մնայուն ինստիտուտ, փաստացի մեր Սփյուռքի գլխավոր հենասյունն է։ Արտաքին պատվերը բաց տեքստով ասվում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի և աշխարհիկ քաղաքական իշխանությունների կողմից։ Նրանք ցանկանում են վերահսկողության տակ վերցնել Եկեղեցին։ Տվյալ պարագայում, եթե վերահսկողության տակ վերցնում է Հայաստանի իշխանությունը, դա մեխանիկորեն նշանակում է, որ այն Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվում, որքան էլ դա ամոթալի է և վատ է հնչում, բայց այդպես է»,-ասում է նա։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծմանը, Հակոբյանը վստահ է՝ այդ հարցով նա ընդհանրապես չէր պատրաստվում զբաղվել։ «Վերջին երեք-չորս տարվա ընթացքում այդ հարցը երեք նախագահների հետ կապված շրջանակները բարձրացնում էին։ Եթե մեղադրում ես նախկին՝ Լևոն ՏերՊետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանություններին, որ վաղուց Արցախը հանձնել էին, ապա գաղտնազերծիր արդեն գոյություն չունեցող Մինսկի խմբի փաստաթղթերը, նամակները և, մասնավորապես, 2019 թվականի առաջարկը, որի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ինչ «կրուտիտ» ասես անում էր, օրինակ՝ դա ինձ ուղղված չէր, ուղղված էր նախագահին։ Կարծում եմ՝ ստիպված է դա հրապարակել, որովհետև գուցե իր ականջին հասել է, որ այդ փաստաթղթերը, մասնավորապես՝ 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկը կարող է գաղտնազերծվել երրորդ կողմից։ Ի վերջո, Մինսկի խումբը պատմական կառույց է, հնարավոր է՝ որևէ երկիր հրապարակի այդ փաստաթուղթը։ Կարծում եմ՝ երեք նախագահներն էլ, ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ այդ փաստաթղթին այս կամ այն ձևով ծանոթ են, բայց պարզ է, որ եթե գաղտնազերծեն, կասեն, որ պետական գաղտնիք են գաղտնազերծում և մի նոր քրեական գործ կհարուցեն։ Դրա համար էլ բոլորը շատ զգույշ են այդ առումով։ Այդ փաստաթղթերի հրապարակումն ամենաանցանկալի բանն է Նիկոլ Փաշինյանի համար։ 2019 թվականի փաստաթղթի հրապարակումով բոլորի համար բացահայտ կդառնա, որ հարցերը խաղաղության միջոցով լուծելու՝ աշխատող, արդյունավետ հնարավորությունն այս իշխանությունները կորցրել են»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները