Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում հրապարակվեց Թրամփի վարչակազմի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ոչ միայն նշանավորում է ամերիկյան ռազմաքաղաքական մտածողության հերթական շրջադարձը, այլև հստակ արտացոլում է ժամանակակից աշխարհաքաղաքական դինամիկան և գլոբալ հարթակում Վաշինգտոնի դերի ու առաջնահերթությունների վերաիմաստավորումը։

Այս ռազմավարության հիմքում դրված է «America First» սկզբունքը, որն այս անգամ դրսևորվում է առավել համակարգված, կանխատեսելի և գործնական մեխանիզմներով։ Նոր փաստաթուղթը առանձնանում է իր ընդգծված շեշտադրումների, արտաքին քաղաքականության կառուցվածքային ուղղությունների, տարածաշրջանային գերակայությունների և աշխարհաքաղաքական մրցակցության նոր տրամաբանության ձևակերպմամբ։

Նախևառաջ, ռազմավարության առանցքում դրված է ամերիկյան ռազմական գերազանցության, տնտեսական գերակայության և Արևմտյան կիսագնդում անվիճելի ազդեցության վերականգնման ու պահպանման խնդիրները։ Թրամփի վարչակազմն այս անգամ հիմնարար կարևորություն է տալիս ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային զսպման ուժի զարգացմանը, նոր սերնդի հրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծմանը, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթի» (Golden Dome) համակարգի գաղափարի առաջմղմանը, որը պետք է ապահովի երկրի լիարժեք պաշտպանությունը ժամանակակից սպառնալիքներից՝ ներառյալ հրթիռային և անօդաչու համակարգերից։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատրաստ է տեխնոլոգիական թռիչքի և ռազմական ինովացիաների դարաշրջանի՝ միաժամանակ վերաիմաստավորելով իր ավանդական դաշնակցային համակարգերի դերը՝ առավելապես շեշտելով սեփական ինքնաբավությունն ու գերակայությունը։

Տնտեսական քաղաքականության ոլորտում ռազմավարությունն ամրապնդում է հարկային նվազեցումների, ապակարգավորումների և առաջավոր տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ նորարարությունների, կենսատեխնոլոգիաների խթանման միջոցով ԱՄՆ-ի մրցակցային առավելության պահպանումը։

Ռազմավարության մեջ կենտրոնական է ամերիկյան բարեկեցության ու տնտեսական անվտանգության բազայի ամրապնդումը՝ որպես ռազմական և դիվանագիտական լծակների արդյունավետ կիրառման նախապայման։ Նոր ռազմավարությունը շեշտում է, որ ԱՄՆ-ը չի կարող ապահովել արտաքին անվտանգություն՝ առանց տնտեսական ինքնաբավության, գլոբալ մատակարարման շղթաներում գերիշխող դիրքի և ներդրումային ներգրավվածության նոր մակարդակի։ 2030 թվականը ռազմավարության մեջ նշվում է որպես նպատակային կետ՝ ամերիկյան երկարաժամկետ տնտեսական կենսունակության համար, որտեղ առկա է տնտեսական քաղաքականության ու անվտանգության անքակտելի կապը։

Տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից փաստաթուղթը արմատապես վերաֆորմատավորում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ուշադրության առանցքները։

Արևմտյան կիսագնդում ամերիկյան գերակայության վերականգնումը հիմնավորվում է Մոնրոյի դոկտրինի սկզբունքներով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը վճռական է նորից դառնալ տարածաշրջանի անժխտելի առաջնորդը։ Այստեղ շեշտը դրվում է նավատորմի և ծովային անվտանգության ուժերի դերի մեծացման, դաշնակից կառավարությունների աջակցման և Արևմտյան կիսագնդի ռեգիոնալ անվտանգության համակարգերի վերակենդանացման վրա։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առումով նոր ռազմավարությունը ճանաչում է տարածաշրջանի աճող նշանակությունը, սակայն զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների մոտեցումներից։ Չինաստանի նկատմամբ ռազմավարությունը կառուցված է տնտեսության առաջնահերթության, փոխշահավետ առևտրի, փոխադարձության և երկարաժամկետ տնտեսական մրցակցության վրա՝ խուսափելով բացահայտ «թշնամու» պիտակավորումից։ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները դիտարկվում են ոչ թե որպես գաղափարախոսական կամ անմիջական ռազմական հակամարտության հարթակ, այլ ավելի շատ տնտեսական, տեխնոլոգիական մրցակցության հարթությունում։ Մյուս կողմից՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում շեշտը դրվում է Թայվանի շուրջ դաշնակիցների՝ հատկապես Հնդկաստանի հետ համագործակցության զարգացման վրա, բայց առանց Չինաստանի հետ ուղիղ ռազմական բախման նախադրյալների ստեղծման։ Այս մոտեցումը տարբերվում է նախորդ ռազմավարություններից, որոնք հաճախ Չինաստանին ներկայացնում էին որպես առանցքային ռազմավարական սպառնալիք, իսկ այժմ առաջնահերթությունը տրվում է տնտեսական ոլորտում մրցակցության կարգավորմանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված քաղաքականության մեջ ռազմավարությունը ընդգծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի լուծումը կարևոր է ԱՄՆ շահերի համար, սակայն այս հարցում Թրամփի վարչակազմը առավել կոշտ քննադատություն է ուղղում եվրոպացի դաշնակիցների հասցեին, քան Ռուսաստանի։ Միացյալ Նահանգներն ընդգծում է, որ ձգտում է բանակցային ճանապարհով արագ լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը։ Ամերիկյան կողմը նախանշում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր պատրաստակամությունը՝ թերևս փորձելով թույլ չտալ, որ Ռուսաստանը նետվի Չինաստանի «գիրկը»։

Միաժամանակ, ստեղծվում է այն տպավորությունը, որ ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել իր անմիջական ներգրավվածությունը եվրոպական անվտանգության հարցերում՝ պատասխանատվության ավելի մեծ մասը դնելով դաշնակիցների վրա և պահանջելով իրական բեռի բաշխում։ Սա դրսևորվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության ծախսերի ավելացման մասին պահանջներով, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի անվտանգության երաշխավորի ավանդական դերի որոշակի վերանայումով։

Նոր ռազմավարության կարևորագույն տարրը դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների վերաիմաստավորումն է։ Այստեղ ամերիկյան աջակցությունը պայմանավորվում է բեռի համաչափ բաշխման, արտահանման վերահսկողության և նպատակային խթանների տրամադրման սկզբունքներով, այլ ոչ թե լայնածավալ և անվերապահ պարտավորություններով։ Սրանով Թրամփի վարչակազմը ակնհայտորեն փորձում է նվազեցնել ԱՄՆ-ի վրա ընկնող ֆինանսական և ռազմական բեռը, խրախուսել դաշնակիցներին ավելի ակտիվ մասնակցություն ու պատասխանատվություն ստանձնել՝ միաժամանակ ամրապնդելով ամերիկյան ազգային շահերի գերակայությունը։

Սա զգալիորեն տարբերվում է նախորդ վարչակազմերի բազմակողմ և գլոբալ պարտավորություններին կողմնակից մոտեցումներից, որտեղ ԱՄՆ-ը հաճախ հանդես էր գալիս որպես միջազգային անվտանգության համակարգի առանցքային հովանավոր։ Այսպիսով, Վաշինգտոնը կարծես թե հրաժարվում է «համաշխարհային ոստիկանի» իր դերակատարությունից՝ փորձելով նվազեցնել իր ներգրավվածությունն այլ տարածաշրջաններում։

Անվտանգության ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջուկային զսպման քաղաքականությանն ու նորագույն պաշտպանական տեխնոլոգիաների ներդրմանը։ ԱՄՆ-ը շեշտադրում է, որ իր միջուկային և հրթիռային պաշտպանական կարողությունները պետք է շարունակաբար արդիականացվեն, որպեսզի մնան աշխարհում աննախադեպ։ «Ոսկե գմբեթի» ծրագիրը, որին առանձին հատված է հատկացված ռազմավարությունում, ենթադրում է հզորացված հակահրթիռային պաշտպանություն՝ նորագույն ռադարների, արհեստական բանականության և ավիացիոն միջոցների համադրմամբ, որը պետք է ԱՄՆ-ին դարձնի բեկումնային պաշտպանական համակարգերի առաջատար։

Սոցիալական և ներպետական անվտանգության տեսանկյունից ռազմավարությունը ամրապնդում է սահմանների վերահսկողության, թմրանյութերի դեմ պայքարի և ներգաղթի վիճակագրության խստացման առաջնահերթությունները՝ մասնավորապես Արևմտյան կիսագնդում։ Սա միտված է ամերիկյան հասարակության համախմբմանը և ներքին անվտանգության ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ ժամանակակից սպառնալիքները հաճախ չեն ճանաչում սահմաններ և պահանջում են նորարարական, ինտեգրացված պատասխաններ։

Տեխնոլոգիական գերազանցությունը ևս ռազմավարության առանցքային տարրերից է։ ԱՄՆ-ը նպատակ ունի առաջատար մնալ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, կենսատեխնոլոգիաների և էներգետիկ նորարարությունների ոլորտներում՝ ինչպես պետական ներդրումներով, այնպես էլ մասնավոր հատվածի խրախուսմամբ։

Թրամփի վարչակազմը շեշտում է, որ տեխնոլոգիական գերակայությունը ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչ է, ինչը ենթադրում է արտահանման վերահսկողության խստացում, ռազմավարական ոլորտներում ինքնաբավություն և միջազգային չափորոշիչների ձևավորման գործընթացում ամերիկյան դիրքերի ուժեղացում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները