Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի աշխատաշուկայի խնդիրները վերջին տարիներին դարձել են ավելի քան ակտուալ՝ երկրի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, գլոբալ մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդագրական և կրթական համակարգի փոփոխությունների համատեքստում։

Հաճախ տնտեսական աճի ցուցանիշները ներկայացվում են որպես հաջողության օրինակ, սակայն համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ աճը չի արտացոլվում աշխատաշուկայի իրական հատվածում և հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մեջ։ Այս իրողությունը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ազդում է թե՛ աշխատաշուկայի կառուցվածքի, թե՛ զբաղվածության մակարդակի և թե՛ տնտեսական զարգացման ներուժի վրա։

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության վերջին տարիների աճը հիմնականում տեղի է ունեցել ծառայությունների ոլորտում, շինարարությունում, առևտրում և որոշ չափով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում։ Սակայն այս աճը չի դարձել այնպիսի շարժիչ ուժ, որն ունակ կլիներ ստեղծել լայնածավալ և որակյալ աշխատատեղեր։ Տնտեսության այն ճյուղերը, որոնք ավանդաբար ստեղծում էին զանգվածային զբաղվածություն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակումն ու արտադրությունը, այսօր կա՛մ դեգրադացվել են, կա՛մ չեն կարողանում բավարարել ժամանակակից աշխատաշուկայի պահանջները։

Դրանց փոխարեն վերջին տարիների ընթացքում նոր թափ ստացավ վերաարտահանումը, որի դրական էֆեկտն անցողիկ էր։ Ինչպես կարճ ժամանակահատվածում այն նպաստեց բուռն աճին, այնպես էլ իր հետ բերեց միանգամից անկում։ Արդյունքում, տնտեսության և աշխատաշուկայի կառուցվածքների միջև առաջացել է լուրջ անհամապատասխանություն. տնտեսության աճի տեմպերը չեն համընկնում աշխատատեղերի ստեղծման տեմպերի հետ, իսկ նոր աշխատատեղերը հաճախ պահանջում են այնպիսի հմտություններ և կրթական մակարդակ, որոնք դեռևս լայնորեն չեն ձևավորվել հանրության շրջանում։

Այս իրողության պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի կրթական համակարգը չի տրամադրում այնպիսի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, որոնք պահանջվում են ժամանակակից տնտեսությունում։ Չնայած ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթության և աշխատանքի շուկայի միջև կապը շարունակում է մնալ թույլ, ինչը հանգեցնում է աշխատուժի որակական անհամապատասխանության։ Շատ երիտասարդներ ավարտում են բարձրագույն կամ միջին մասնագիտական հաստատությունները, ստանում են դիպլոմներ, որոնք գործնականում քիչ են պահանջված շուկայում, և արդյունքում նրանք ստիպված են լինում զբաղվել աշխատանքով, որը կապ չունի իրենց մասնագիտության հետ, կամ ընդհանրապես չեն աշխատում։ Այս երևույթը հանգեցնում է «դիպլոմավորների գործազրկության» այն դեպքում, երբ բարձրագույն կրթություն ունեցողների գործազրկության մակարդակը երբեմն գերազանցում է միջին կրթություն ունեցողների ցուցանիշները։ Մյուս կողմից էլ՝ գործատուները հաճախ չեն կարողանում գտնել համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ՝ հատկապես տեխնիկական, ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։ Այսպիսով՝ աշխատաշուկան և կրթական համակարգը գործում են զուգահեռ իրականություններում՝ առանց փոխադարձ պահանջների և առաջարկների համապատասխանեցման։

Բացի որակական անհամապատասխանությունից, աշխատանքի շուկայում առկա է նաև տարածքային անհավասարակշռություն։ Խոշոր քաղաքներում՝ հատկապես Երևանում, աշխատանքային հնարավորությունները, աշխատավարձերի մակարդակն ու մասնագիտական աճի հեռանկարները համեմատաբար բարձր են, մինչդեռ մարզերում՝ առավելապես հեռավոր և սահմանամերձ համայնքներում, գործազրկությունն ու զբաղվածության ցածր մակարդակը շարունակում են մնալ լուրջ սոցիալական խնդիր։ Արդյունքում մեծանում է ներքին միգրացիան՝ գյուղերից դեպի քաղաքներ, ինչը բերում է ինչպես գյուղական համայնքների դատարկման, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների գերբեռնվածության։

Այս իրավիճակը նպաստում է նաև արտագաղթին, քանի որ բազմաթիվ մարդիկ, չգտնելով համապատասխան աշխատատեղեր հայրենիքում, ստիպված են լինում աշխատանք փնտրել արտասահմանում։ Արտագաղթի հետևանքով աշխատաշուկայում ի հայտ է գալիս նաև աշխատուժի պակաս՝ հատկապես որոշ ճյուղերում և սեզոնային աշխատանքներում։

Հայաստանի աշխատաշուկայի կառուցվածքային խնդիրները խորանում են նաև գործատուների և աշխատողների ակնկալիքների անհամապատասխանության պատճառով։ Շատ գործատուներ դժգոհ են երիտասարդների շրջանում պրակտիկ հմտությունների, նախաձեռնողականության, թիմային աշխատանքի, պատասխանատվության և ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման պակասից։ Աշխատողներն էլ, իրենց հերթին, հաճախ դժգոհում են աշխատավարձի ցածր մակարդակից, աշխատանքային պայմանների ոչ բարենպաստությունից, սոցիալական երաշխիքների բացակայությունից և կարիերայի աճի սահմանափակումներից։ Արդյունքում, մի կողմից՝ աշխատատեղերը մնում են թափուր, իսկ մյուս կողմից՝ աշխատանք փնտրող քաղաքացիները չեն կարողանում գտնել իրենց պահանջներին համապատասխան աշխատանք։

Բացի այդ, հանրության ակնկալիքներն են փոխվել աշխատանքից։ Բազմաթիվ երիտասարդ քաղաքացիներ ցանկանում են միանգամից բարձր վարձատրվող աշխատանք ունենալ։ Ու այս առումով դիսոնանս է առաջանում, քանի որ չի գործում կարիերային աճի աստիճանական տրամաբանությունը։ Մյուս կողմից՝ առկա է նաև տնտեսվարողների ու գործատուների՝ հնարավորինս շատ շահույթ ստանալու, ծախսերը կրճատելու, աշխատողների պայմանների բարելավման մեջ ներդրում չանելու վարքագիծը։

Արդյունքում որոշ ուղղություններում առկա բացը լրացնում են Հնդկաստանի խորքերից եկած աշխատանքային միգրանտները։ Իսկ մեր ներքին աշխատուժի շրջանակում շատերն ուղղակի նախընտրում են գնալ, արտասահմանում աշխատել ու այնտեղից տրանսֆերտներ ուղարկել։

Աշխատաշուկայում առկա խնդիրներն ավելի են վատթարացնում աշխատուժի ծերացումը, երիտասարդների արտագաղթը և ժողովրդագրական փոփոխությունները։ Ծնելիության մակարդակի նվազման պատճառով Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ Իսկ բնակչության ծերացման պայմաններում նվազում է աշխատուժի ընդհանուր քանակը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել արտադրողականության նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման։ Բացի այդ, երիտասարդների արտագաղթը բերում է աշխատաշուկայի որակական և քանակական կորուստների, քանի որ արտագնա աշխատողներն ավելի հաճախ բարձր կրթություն ունեցող, լեզուների և ժամանակակից հմտությունների տիրապետող մարդիկ են։

Հատկապես լուրջ է Հայաստանից ուղեղների արտահոսքը, երբ բազմաթիվ գիտաշխատողներ, արվեստագետների և առանցքային հմտությունների տիրապետող ինժեներներ ու այլ մասնագետներ իրենց կարիերան ու ապագան տեսնում են այլ երկրներում։ Իսկ սա երկարաժամկետ սպառնալիք է երկրի մարդկային կապիտալի զարգացման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները