Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ կեղծ ու տապալված շրջիկ «պատարագներից» հետո Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն փորձելու է ուղիղ հարձակում գործել Մայր Աթոռի, Վեհարանի ու Մայր Տաճարի վրա, կասկածից վեր էր շատ-շատերի համար: Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նախաձեռնած այս պատերազմը Փաշինյանը ակտիվորեն շարունակում է արդեն ավելի քան կես տարի: Շարունակում է ագրեսիվ դրսևորումներով, հայ հոգևորականների դեմ զանգվածային ռեպրեսիաներով (Արագածոտնի թեմի քահանաների համատարած հետապնդումը՝ որպես օրինակ), բարձրաստիճան հայ հոգևորականների հանիրավի կալանավորումներով (Մայր Աթոռի դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդ ու ևս մեկ արքեպիսկոպոս): Շարունակելը շարունակում է, բայց հետևողականորեն պարտվում է: Չնայած դրան, Փաշինյանը շարունակում է իր չարությունը տարածել:

Դեկտեմբերի 18-ը Փաշինյանը ընտրել էր որպես Մայր Աթոռի վրա ուղիղ հարձակման օր, իսկ որպես հարձակման «լեգիտիմացում» հիմնական գործիքի դերը վերապահել էր կանոնական դաշտից դուրս ելած 10 եպիսկոպոսի: Այդ օրը նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և հնարավոր է՝ փաշինյանական հաշվարկներից մեկն էլ այն էր, որ տիրադավ եպիսկոպոսները փորձելու էին նաև այդ նիստի լեգիտիմությունը վիճարկել:

Միաժամանակ, արժե ընդգծել, որ Փաշինյանն այս անգամ ցուցադրաբար փորձեց մի կողմ կանգնել՝ իբր ինքը ոչ մի կապ չունի, անձամբ ֆիզիկապես չի մասնակցում, իբր սոսկ կողքից աջակցում է տիրադավ եպիսկոպոսներին: Անգամ նույն օրը ունեցած ասուլիսում հատուկ նման բան ասաց: Բայց դա հայտարարություն էր, թերևս, միայն տիեզերական դյուրահավատության աստիճան ունեցողների համար: Բոլորին է ակնհայտ, որ առանց Փաշինյանի կարգադրության, հենց այնպես, ինքնաբերաբար ոստիկանական մի քանի գումարտակ չէր լցվի Վաղարշապատ, չէր պաշարի Մայր Աթոռի տարածքը, ԱԱԾ-ականներն ու սովորական հագնված կարմիրբերետավորները չէին ուղեկցի տիրադավ եպիսկոպոսներին ու վարչական ռեսուրսի կիրառմամբ չէին «մարդ բերի»:

Հատկանշական է նաև Փաշինյանի՝ ցուցադրաբար կողք կանգնելու փորձը: Փաշինյանը, հնարավոր է, շատ կուզենար անձամբ ներկա լինել, բայց իր արտաքին շահառուներից, ամենայն հավանականությամբ, հստակ ցուցում է ստացել՝ անմիջականորեն չխառնվել, քանի որ նույնիսկ դրսի հովանավորների շրջանում աճում է դժգոհությունն այն առնչությամբ, որ այդ կերպ կառավարությունը, աշխարհիկ իշխանությունը ուղղակիորեն միջամտում է ազգային Եկեղեցու գործերին, ինչը օրինականության և սահմանադրականության, ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն և աղաղակող ոտնահարում է:

Այդ իսկ պատճառով, որպես մեծ սադրանքի գլխավոր «խմորիչ» հանդես եկան տիրադավ եպիսկոպոսները: Ըստ հակաեկեղեցական սցենարի՝ նրանք դեկտեմբերի 18-ին, ժամը 17-ին (այսինքն՝ ժամերգության պահին) Մայր Աթոռի տարածքում հավաք էին հրավիրել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով քաղաքական ցույց անելու և համապատասխան բովանդակությամբ պահանջագիր ներկայացնելու համար:

Հատկանշական է, որ չնայած նրանք 10-ն են, բայց նախօրեի խայտառակությանը ներկայացել էին միայն 6-ը: Բացի այդ, չնայած իրենք էին հավաք հրավիրել, բայց այդպես էլ իրենց հրավիրած հավաքին ու տարբեր մեխանիզմներով «բերման ենթարկված» փաշինյանական կողմնակիցների փոքրիկ խմբակի կուտակմանը այդպես էլ տիրություն չարեցին: Նրանք Սուրբ Գայանե վանքից դեպի Մայր Տաճարի մերձակայք եկան քաղաքացիական հագնված ուժայինների հսկողությամբ: Փորձեցին կարդալ իրենց հակաեկեղեցական «պահանջագիրը», բայց, չնայած ուժայինների տրամադրած երկու բարձրախոսներին, տիրադավների ձայնը խլացավ Հայ առաքելական եկեղեցու աջակիցների բազմահազարանոց բազմության «Հու-դա՛, հուդա՛» վանկարկումների փոթորկուն ալիքների մեջ: Մի խոսքով, նախ՝ չլսվեց, թե ինչ են նրանք այնտեղ պահանջում, երկրորդ՝ աշխարհով մեկ լսելի եղավ, թե ներկաների բազմությունն ինչ է համարում, ինչպես է ընկալում փաշինյանական եպիսկոպոսներին:

Բնութագրական է, որ դրանից գրեթե անմիջապես հետո, երբ Վեհարան մտնելու անհաջող փորձից հետո իրենց «թուղթը» թողեցին պահակակետում, տիրադավ եպիսկոպոսները, նույն վերահանդերձավորված ուժայիններով, ըստ երևույթին՝ ԱԱԾ-ականներով շրջապատված, արագորեն հեռացան, եթե ոչ՝ ճողոպրեցին՝ հավատացյալ մարդկանց նախատինքների ներքո: Փաշինյանի հակաեկեղեցական «հարվածային» ռեսուրսը տեղավորվեց 1 միկրոավտոբուսի մեջ:

Նշեցինք, որ վերահանդերձավորված ոստիկաններից, օպերներից զատ, Մայր Տաճարի մոտ բերվել էին Փաշինյանի մի քանի հարյուր (տարբեր հաշվարկներով՝ 200-300) կողմնակից: Հատկանշական է, որ Հայ առաքելական եկեղեցին իր աջակիցներին, հայ քրիստոնյաներին ոչ մի կոչ չէր ուղղել, երբ հայտնի դարձավ գործադիր իշխանության կազմակերպած հարձակման մասին: Բայց հազարավոր ու հազարավոր մարդիկ հոժարակամ, սեփական միջոցներով եկել էին Մայր Աթոռ:

Առանցքային կարևորություն ունի այն, որ նախատեսված հարձակմանը դիմագրավելու համար Մայր Տաճարի մոտ համախմբվել էին գրեթե բոլոր իրական հակաիշխանական ուժերն ու գործիչները՝ ՀՅԴ-ն, «Հայաստան» դաշինքը, «Մեր ձևով» շարժումը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և այդպես շարունակ: Այսինքն, ազգային Եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտությունը նույն վայրում միավորել էր մարդկանց, որ այլ հանգամանքներում մի փոքր դժվար է պատկերացնել կողք կողքի կանգնած: Սա էական պահ է, որը անպայման պետք է ուժեղացնել և կապիտալիզացնել:

Այո, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ուժ ցուցադրել: Ու սա ձևական կամ հետախուզական հարձակում չէր: Բայց Փաշինյանի այս արկածախնդիր ձեռնարկումը լիովին ձախողվեց: Եվ նրա «ուժի ցուցադրման» փորձ-շոուն ակնհայտ դարձրեց, որ ուժ չկա: Հատուկ ենք ընդգծում Նիկոլ Փաշինյանի պահը, քանզի ակնհայտ է, որ նույնիսկ նրա սեփական ՔՊ-ում, մի քանի աղմկիչներից բացի, ոչ բոլորն են հիացած ՀԱԵ դեմ այս պատերազմով:

Արժե նաև նկատել բուն դեպքերի հետ կապված, որ Մայր Աթոռի տարածքը հեղեղած ոստիկանական ուժերը ձևական առումով «պատ» էին կազմել և հակաեկեղեցականներին ու Եկեղեցու աջակիցներին բաժանում էին միմյանցից: Սակայն որոշակի պահի, երբ Կաթողիկոսը Մայր Տաճարում քարոզ էր կարդում, ոստիկանները թույլ տվեցին, որ հակաեկեղեցականները Մայր Տաճար ներխուժելու փորձ կատարեն: Բայց այդ փորձը, մեծ հաշվով, կանխվեց մի քանի հանգամանքների բերումով. նախ՝ տաճարի ներսում գտնվող հավատացյալները և հոգևորականները ներսից պահեցին դուռը, մինչև դրսում գտնվող մարդիկ ու հոգևորականները, շղթա կազմելով, հետ մղեցին ներխուժողներին: Դրանից հետո միայն ոստիկանները վերհիշեցին «պատի» ֆունկցիայի մասին: Ի դեպ, այդ ընթացքում էր, որ սիրված քահանա տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացավ և, ինչպես հետո պարզվեց, նա ինֆարկտ էր ստացել և վիրահատվեց:

Պետք է հատուկ ընդգծել Մայր Աթոռի միաբանների, արժանավոր եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների օրինակելի պահվածքը՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ ու առաջնորդությամբ: Նույնիսկ ամենից լարված պահին Կաթողիկոսը չընդհատեց իր քարոզը, շարունակեց շեղված եպիսկոպոսներին կոչ անել՝ վերադառնալ կանոնական դաշտ, շարունակեց Հայրենիքի ու Եկեղեցու շուրջ համախմբվելու հորդորները:

Կարելի է ասել, որ տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված թերևս ամենից խելահեղ արկածախնդրությունն էր: Բայց այդ արկածախնդրությունը ձախողվեց ժողովրդի, քաղաքական և հանրային ուժերի միասնական և ակտիվ դիրքորոշման, հնարավորինս զուսպ, բռնության սադրանքներին չտրվելու տոկունությամբ՝ մեր Եկեղեցու Հովվապետի ու հոգևորականների գլխավորությամբ, իհարկե:

Հարկավ, Փաշինյանը չի հանդարտվելու, շարունակելու է իր եկեղեցաքանդ գործունեությունը: Մանավանդ՝ նման տապալումից հետո: Ուստի պետք է պատրաստ լինել նախօրեի նման և էլ ավելի մեծ համառությամբ ու վճռականությամբ պաշտպանել սեփական Եկեղեցին, Պետությունը, սեփական ինքնությունը:

Կարծում ենք՝ նաև նախօրեի միասնականությունը պետք է օրինակ լինի առաջիկա ընտրությունների համար՝ առնվազն մի քանի գերակա հարցերում այդպես միասնական լինելու առումով՝ այս իշխանությունների «տուն ուղարկում», ազգային հարցերում անվերապահություն, միմյանց դեմ չպայքարելու հանձնառություն և այլն...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները