Շարունակականություն՝ ընդդեմ ոչնչացման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովրդի պատմությունը և նրա գոյության յուրահատուկ մոդելը հասկանալն այսօր ավելի կարևոր է, քան երբևէ։ Ժամանակակից աշխարհում հաճախ փորձ է կատարվում արժեքը չափել ուժով, տարածքով կամ թվաքանակով, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ իրական քաղաքակրթությունը գոյատևում է ոչ թե ներգրավված ուժով կամ տարածքային գերակշռությամբ, այլ շարունակականությամբ, ներառականությամբ, բազմազանությամբ և հիշողությամբ։ Հայ ժողովրդի գենետիկան վերջին տարիների հետազոտություններով բացահայտում է այն խորքային ճշմարտությունը, որ հայերը ձևավորվել են բազմաշերտ, բայց կայուն համակարգով, որտեղ ոչ մի հապլախումբ կամ գենետիկական շերտ չի գերիշխել ամբողջությամբ, ինչը ուղիղ արտացոլումն է քաղաքի, պետության և մշակույթի կառուցվածքային սկզբունքների։ Այս բազմաշերտությունը ոչ միայն չի խանգարում, այլև դառնում է ժողովրդական ինքնության պահպանման գործիք, և հենց սա է հանդիսանում հայ ժողովրդի քաղաքակրթական մոդելի հիմքը։ Այստեղ՝ գենետիկայի մեջ, հապլախումբը նշանակում է մարդկանց հապլոտիպերի խմբավորում (գենետիկ փոփոխությունների հավաքածու), որոնք ունեն ընդհանուր նախնիներ՝ սովորաբար հազարավոր տարիների հեռավորությամբ։ Հապլախումբը ցույց է տալիս, թե ինչպես են որոշակի գենետիկ փոփոխություններ փոխանցվել սերնդեսերունդ, և թույլ է տալիս հետազոտողներին հասկանալ մարդու գենետիկ ծագումն ու շարժումը պատմության ընթացքում։

Հայերի գենետիկան վկայում է հազարամյակների շարունակական բնակության մասին Հայկական լեռնաշխարհում, որտեղ մարդիկ գալիս են, անցնում են, կայսրությունները ձևավորվում ու փլուզվում են, սակայն բնակչության միջուկը մնում է անփոփոխ։ Այս շարունակականությունը, ի տարբերություն Եվրոպայի հարթավայրերում տեղի ունեցած հայրական գծերի մենաշնորհային գերիշխման, ցույց է տալիս, որ հայերի քաղաքակրթությունը կառուցված է տվ յալ տարածքում մնալու և պահպանելու, ոչ թե նվաճելու կամ արագ տարածվելու և տարածքներից հեռանալու վրա։ Լեռնաշխարհի բնական սահմանները թույլ չեն տվել զանգվածային ներխուժումներ կամ մեկ ուղղությամբ գերիշխանություն, ինչը թույլ է տվել ներսից պահպանել բազմազանությունը՝ առանց այն քայքայելու։ Գենետիկ խառնուրդները, որոնք արտացոլում են նոր շերտերի ներգրավումը, երբեք չեն վնասել հիմքը, այլ ներդրվել են համակարգի մեջ՝ ապահովելով հասարակության ներքին հավասարակշռությունը։ Այս բազմաշերտությունը ուղղակիորեն արտացոլում է այն սկզբունքը, որ քաղաքակրթությունը գոյատևում է ներդաշնակությամբ, ոչ գերիշխանությամբ։

Լեզուն, մշակույթը և հիշողությունը՝ հայերենը, ճարտարապետությունը, Եկեղեցին, ավանդույթները, հանդես են գալիս որպես այդ էության տարբեր արտահայտություններ։ Հայերենը, որպես ինքնուրույն հնդեվրոպական ճյուղ, վկայում է նույն բանի մասին, ինչ գենետիկան՝ հին շարունակականության և ոչ փոխառված ինքնության մասին։ Մշակույթը, ճարտարապետությունը, ավանդույթը, լեզուն, կրթությունը և նաև պետական ինստիտուտները միայն չեն փոխանցում արժեքներ, այլ ծառայում են հիշողության գործնական մեխանիզմի։ Երբ պետականությունը կորսվել է, հիշողությունը մնացել է, ինչը վկայում է, որ հայ ժողովրդի քաղաքակրթական միջուկը գոյատևում է, անկախ ժամանակակից քաղաքական ու արտաքին ճգնաժամերից։

Պատմական օրինակները բազմազան են։ Արշակունիների պետությունը և հետագայում Կիլիկիայի թագավորությունը ցույց են տալիս նոր միջավայրերում գոյատևելու ունակությունը՝ պահելով ազգային էությունը և ինտեգրելով տարբեր ժողովուրդներ։ Տարածաշրջանային և ժողովրդական պատմություններն ու ավանդույթները, օրինակ՝ «Սասունցի Դավիթը», ցույց են տալիս, որ հիշողությունը և ազգային ինքնությունը կարող են պահպանվել նույնիսկ պետականության կորստի պայմաններում։ Նմանապես՝ 20-րդ դարի Հայկական ցեղասպանության ժամանակ և տարածքային կորստի պայմաններում հայերը պահպանեցին իրենց մշակութային և լեզվական ինքնությունը, ստեղծեցին նոր համայնքներ և շարունակեցին զարգացնել քաղաքակրթությունը՝ ներքին բազմազանության հիման վրա։ Այս իրադարձությունը հրաշալիորեն ցուցադրում է, որ հայերի քաղաքակրթական միջուկը վեր է պետական կորստից:

Այս քաղաքակրթական մոդելն ուղղակիորեն առնչվում է նաև մեր ներկա քաղաքականությանը։ Քաղաքականությունը պետք է համապատասխանի ժողովրդի քաղաքակրթական միջուկին, այլ ոչ թե փորձի ձևավորել կամ համապատասխանեցնել այն անցողիկ ու ժամանակավոր շահերի և ճնշումների տակ։ Հայկական մոդելը պահանջում է պետական մտածողություն, որը չի սահմանափակվում կարճաժամկետ հաշվարկներով կամ իրավիճակային ճգնաժամերի արձագանքով։ Այն պահանջում է քաղաքականություն, որը գնահատում է ոչ միայն օրվա շահը, այլ նաև երկարաժամկետ պահպանությունը, ազգային հիշողությունը և ինքնության կայունությունը։ Ներառականություն՝ առանց ինքնալուծման, բազմազանություն՝ առանց սպառնալիքի, հիշողություն՝ որպես ինստիտուտ, և պետականություն՝ որպես քաղաքակրթության պահապան. ահա այն սկզբունքները, որոնք պետք է կառավարեն մեզ այսօր։

Հայկական մոդելը սովորեցնում է, որ երկրի քաղաքականությունը չպետք է փորձի պարտադրել միատեսակություն, այլ պետք է ընդունի գաղափարների, մշակութային շերտերի, տարածաշրջանային տարբերակների բազմազանությունը, որը ներքին ուժի աղբյուր է, ոչ սպառնալիք։ Այն պահանջում է հիշողություն, որը ոչ միայն խորհրդանշական է, այլև ինստիտուցիոնալ՝ կրթական համակարգերի, պետական լեզվական քաղաքականության, մշակութային կառույցների միջոցով։ Պետությունը այստեղ պետք է լինի ոչ միայն ստեղծող, այլև պահապան, որը ներառում է նոր շերտերը՝ չվնասելով հիմքը։ Քանի դեռ քաղաքականությունը չի ընդունում, որ ժողովուրդը նախ քաղաքակրթություն է, հետո միայն ընտրազանգված կամ վարչական միավոր, այն մշտապես հակասության մեջ է լինելու իր ժողովրդի էության հետ։

Հայկական քաղաքակրթական մոդելը կարելի է ամփոփել այսպես՝ շարունակականություն, ներառականություն, բազմազանություն և հիշողություն։ Սա է պատճառը, որ գենետիկան բազմաշերտ է, լեզուն եզակի է, մշակույթը՝ հարատև, և նույնիսկ պետականության կորստի պայմաններում քաղաքակրթական միջուկը չի վերացել։ Այս մոդելը այսօր մեզ ասում է, որ իրական խնդիրն ու մարտահրավերը ո՛չ արտաքին են, ո՛չ կարճաժամկետ, այլ մեր սեփական քաղաքականության՝ քաղաքակրթության հետ համահունչ լինելու կարողությունն են։ Մեր ժողովուրդի պատմությունը այսօր մեզ սովորեցնում է, որ սահմանները, արժեքները, հիշողությունը և մշակույթը պահպանելը ոչ թե պարտավորություն, այլ կայուն ապագայի նախապայման է, և միայն այդ պայմանների ներքո է հնարավոր ապրել ժամանակակից աշխարհի մարտահրավերների հետ համահունչ և կենսունակ։ Եզրափակելով՝ մենք պետք է ընդունենք պարզ ճշմարտությունը՝ մեր ժողովրդի պատմական անցյալը մեզ սովորեցնում է, որ էության պահպանությունը, արժեքների և հիշողության պահպանումը, ներառականությունն ու բազմազանությունը ոչ թե անցանկալի բեռ են, այլ մեր գոյության և ապագայի հիմքը։ Այս քաղաքակրթական փորձառությունը մեզ կապում է անցյալին, տալիս է ուղեցույց ներկայում և ապահովում այն կայուն հիմքը, որի վրա կարող է կառուցվել մեր ժողովրդի ապագան՝ ուժեղ, կենսունակ և համահունչ ժամանակի մարտահրավերներին։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները