Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլ նաև ազգային ինքնության, մշակութային հիշողության և բարոյական արժեքների պահպանման հիմնական սյունը։ Սակայն վերջին ժամանակներում այն կանգնած է անվիճելի մարտահրավերի առջև։ Եկեղեցու դեմ պայքարը չի սահմանափակվում միայն հրապարակային կամ քաղաքական ճնշումներով. այն արտահայտվում է նաև լեզվի, ավանդույթների, բարոյական չափանիշների և հոգևոր ազդեցության վրա՝ դիտարկելով Եկեղեցին որպես «խանգարող հանգույց» ժամանակակից սոցիալ-քաղաքական գործընթացներում։

Այս խնդիրն ունի երկու ուղղվածություն: Առաջին՝ նյութական և քաղաքական. որոշ շրջանակներ փորձում են վերահսկել կամ ուղղորդել Եկեղեցու գործունեությունը՝ սահմանափակելով նրա պատմական դերակատարությունը, ֆինանսական հոսքերը և կառավարչական կառուցվածքը։ Երկրորդ՝ հոգեբանական և մշակութային. Եկեղեցին, որպես սրբության և բարոյական արդարության խորհրդանշական տարածք, հաճախ ընկալվում է որպես այն արժեքը, որը պետք է «վերափոխվի», «հարմարվի» կամ «քանդվի»՝ ըստ զանգվածային տրամաբանության։

Այս համատեքստում կարևոր են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի խորհրդանշական պատկերները։ Չարենցը չի արձանագրում կոնկրետ հեղափոխություն կամ քաղաքական ճնշում, այլ դիտարկում է խորքային հոգեբանական երևույթ՝ այն պահը, երբ մարդը դադարում է իրեն զգալ պատասխանատու անհատ և դառնում է պատմության հոսքի մասնիկ։ Այդ պահին լռում է անձնական խիղճը, և զանգվածային համոզմունքը սկսում է խոսել բարձրաձայն, պահանջկոտ և անհանդուրժող։

Չարենցի ամբոխը պարզապես մարդկանց բազմություն չէ. այն շարժվում է, հոսում է շքերթի նման. «Հոծ խմբերով հազարանուն, Արեգակի հրով վառված…»: Այս հոսքի մեջ ոչ ոք չի հարցնում՝ ինչու են գնում. բավական է միայն, որ բոլորը գնում են: Այդ ընդհանուր ընթացքի մեջ ծնվում է ամենավտանգավոր վստահությունը՝ եթե մենք շատ ենք, ուրեմն չենք կարող սխալվել։ Պոեմում արևը հանդես է գալիս որպես վերջնական խոստում. այն հեռու է, բայց մշտապես տեսանելի: Լուռ է, բայց անվիճարկելի: Արևը ճշմարտության պատրանքն է, որի մասին չեն վիճում, որովհետև այն արդեն ընդունված է որպես բացարձակ նպատակ: Սակայն դեպի այդ արևը տանող ճանապարհին կանգնած են կայարանը և քաղաքը՝ ոչ միայն նյութական կառուցվածքներ, այլ հիշողության կուտակումներ, անցյալ, փորձ, ավանդույթ, սահմաններ, և հենց այդ պատճառով դրանք պետք է հաղթահարվեն։

Կայարանը արդեն գրավված է, քաղաքը դեռ դիմադրում է, այն չի աղմկում, չի համոզում, չի պաշտպանում ինքն իրեն հայտարարություններով, այն պարզապես կանգնած է, իսկ ամբոխը չի սիրում կանգ առնել. կանգ առնելը մտածելու հրավեր է։

Այսօր նույն տրամաբանությունը գործում է այլ կերպ. մենք չենք տեսնում բախվող բանակներ կամ գրավվող կայարաններ, բայց տեսնում ենք, թե ինչպես «հին քաղաք» համարվող արժեքները՝ ավանդույթները, բարոյական չափանիշները, Եկեղեցու խորհրդանշական դերակատարությունը, հերթով դրվում են հարցականի տակ: Հայ առաքելական եկեղեցին վաղուց դադարել է լինել միայն կրոնական կառույց. այն դարձել է տարածք, որտեղ կուտակված են լեզուն, հիշողությունը, բարոյական չափանիշները և ազգային ինքնությունը. և հենց դրա համար այն ընկալվում է որպես խանգարող հանգույց ճանապարհին:

Լեզուն փոխվել է, շարժումը՝ ոչ. այժմ խոսվում է ոչ թե հարձակման, այլ կարգավորման մասին. ոչ թե վերացնել, այլ վերափոխել, վերահսկել, ենթարկել ընդհանուր ընթացքին. բայց կրկնվում է Չարենցի լուռ նախազգուշացումը. երբ ինչ-որ բան սկսում են «կարգավորել» ոչ այն պատճառով, որ այն վնասում է, այլ որովհետև այն չի ենթարկվում զանգվածային տրամաբանությանը, գործընթացը դադարում է լինել կառուցողական և վերածվում է խորհրդանշական գրավման:

Չարենցի ամբոխները առաջ են գնում կրակով ու հմայքով. այդ կրակը ոչ միայն լույս է տալիս, այլև այրում: Պոեմում չկա որևէ ակնարկ, թե արևին հասնելուց հետո ինչ է լինելու. երբ նպատակը ներկայացվում է որպես բացարձակ, իսկ ճանապարհին ամեն ինչ՝ հարաբերական, վերջաբանը երբեք լուսավոր չի լինում:

Այս հարցը այսօր հազվադեպ է հնչում՝ ի՞նչ է լինելու հետո. եթե Եկեղեցին կորցնի իր ինքնուրույն բարոյական ձայնը, ո՞վ է սահմանելու սրբության չափանիշը, և ո՞ր պահից են մարդիկ շեղվում ճշմարիտ ճանապարհից: Եթե ամեն բան դառնա վերահսկելի և հարաբերական, ո՞ր պահից է սկսվում անանցանելիին հասնելը. ամբոխը չի սիրում այս հարցերը, որովհետև դրանք դանդաղեցնում են ընթացքը:

Ժամանակակից «խելագարված ամբոխները» այլևս դրոշներ չեն բարձրացնում և մարտական երգեր չեն երգում, նրանք գործում են տեղեկատվական հոսքերով, հեգնանքով, թվային հավասարեցումներով, բայց հոգեբանական մեխանիզմը նույնն է՝ նրանք նույնպես համոզված են, որ արևը հենց իրենց առջև է, իսկ ճանապարհին կանգնած քաղաքը կա՛մ պետք է լռի, կա՛մ հարմարվի:

Պոեմի վերջին հատվածներում գիշերը առանձնահատուկ դեր ունի. սա այն պահն է, երբ ամբոխը վերջապես ազատվում է մտածելու պարտադրանքից, մթության մեջ անհատական դեմքերը լուծվում են, իսկ պատասխանատվությունը՝ անհետանում: «Պաղ ու անօգուտ սպասումի ժամը» թվում է ձանձրույթ, բայց իրականում այն ներքին դատարկությունն է՝ լցված սպասումով ոչ թե ճշմարտության, այլ գործողության:

Առավոտը մոտենում է ոչ որպես արթնացում, այլ որպես ազդանշան. քամին «զով» է, «մարմանդ», «բուրումնալից», բայց թարմությունը խաբուսիկ է, այն չի մաքրում միտքը, այլ հանգստացնում կասկածը, իսկ բնությունը ստեղծում է պատրանք, թե կատարվողը բնական է, արդար և անխուսափելի:

Քաղաքը երևում է խավարի մեջ՝ «մութ, անորոշ մի զանգված». սա ամբոխի հայացքն է: Քաղաքն այլևս չի ընկալվում որպես պատմություն կամ հիշողություն. այն պարզապես զանգված է, իսկ զանգվածը հեշտ է քանդել, որովհետև զանգվածը դեմք չունի:

Կարոտը, որ բռնկվում է ամբոխի սրտում, սուրբ չէ, դա կուտակված մաղձ է, որը կոչվում է երազանք. ամբոխը կարծում է, թե պատրաստվում է ապրել, բայց իրականում պատրաստվում է այրել: Ապագան նկարագրվում է միայն «պիտի»-ներով՝ պիտի առնեն, պիտի քանդեն, պիտի ավերեն. նույնիսկ մոխիրը բավարար չէ, այն էլ պիտի այրել, որպեսզի հինը չվերածնվի: Փյունիկը վտանգ է, որովհետև կյանքը չի ծնվում մաքուր զրոյից: Վերջապես՝ ամենահեգնական խոստումը՝ «դեպի դեռ չծնված արևները». հեռավոր, մշտապես հետաձգվող նպատակ, որտեղ ամբոխի շարժումը դառնում է ինքնանպատակ՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու, ճանապարհն ու ընթացքը խորտակում են նախկին արժեքները և հիշողությունը:

Պոեմում շարժումը տեսողական է: Ամբոխները դուրս են նետվում կայարանից ոչ թե որպես ազատագրվածներ, այլ որպես կրկես. քաղաքը երևում է «կրկեսի պես»՝ խայտաբղետ, քարե, հսկա: Պատմական լարվածությունը վերածվում է ներկայացման, որտեղ դերասանները վստահ են, որ կերտում են իրականություն, մինչդեռ հանդիսատես չկա. վերջնական պատկերը՝ «աչքերը հառած կարմիր արեգակին», սարկազմի գագաթնակետն է:

Չարենցի սարկազմը չի ծիծաղեցնում, այն սառեցնում է: Երբ ամբոխը հավատում է, որ գնում է դեպի արևը, ամեն ինչ, ինչ չի փայլում, հայտարարվում է այրման ենթակա, և հենց սա է ողբերգական ճշմարտությունը: Արևը միշտ մնում է հեռու, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում:

Այսօր վտանգի տակ միայն Հայ առաքելական եկեղեցին չէ՝ որպես ինստիտուտ: Վտանգի տակ է այն ներքին պաշտպանական շերտը, որը հնարավոր է դարձնում տարբերել սրբությունը սովորականից, արժեքը՝ պահի պահանջից, անանցանելին՝ հարաբերականից: Երբ այդ շերտը քայքայվում է, դատարկվում է ոչ միայն Եկեղեցին, այլև ընտանիքը, դպրոցը, պետությունը և մեր ազգային ինքնությունը:

Չարենցի ամբոխներն առաջ էին գնում՝ աչքերը հառած դեպի արևը, կրակով և հմայքով վառված: Մեր օրերի ամբոխները նույնպես՝ թվերով, սոցցանցերով, բարոյական հավասարեցումներով, հավատում են, որ ճշմարտությունը հենց իրենց ձեռքում է, իսկ քաղաքը, ավանդույթը, հիշողությունն ընդամենն անցանկալի խոչընդոտներ են: Փողոցը կարող է այրվել, հին շենքերը՝ փշրվել, մարդիկ՝ կորցնել ուղին, և միայն մոխիրը կմնա: Արևը հեռու է, անպատասխանատու և անվերջ հետաձգվող: Ամբոխը գնում է դեպի այն՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու ցանկությամբ:

Սա է ժամանակակից ողբերգության լուռ պատկերը: Երբ արևը միշտ հեռու է, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում, միակ անվտանգ ճանապարհը կանգ առնելն է, մտորելն ու սրբության զգացումը պահպանելը, որպեսզի նոր լույսը, նոր արևը, ոչ թե այրող, այլ ոգեշնչող լույս դառնա: Կրակի և մոխրի խորհրդանշականությունը հստակորեն ընդգծում է ոչ միայն նյութական ավերումը, այլ նաև բարոյական, մշակութային և հոգևոր ավերում՝ կանխելով անցյալի փորձի վերածնունդը ապագայի կառուցող ուժի մեջ: Զանգվածային շարժումները հաճախ չեն ձգտում կառուցել, այլ ոչնչացնել՝ հետաձգելով իրական ճշմարտությունն ու բարոյական լույսը հաջորդ սերունդների համար:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղում Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Վարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ» Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»
Ամենաընթերցվածները