Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը գոնե արտաքուստ ծանր է տանում բազմամիլիարդ պարգևատրումների դիմաց լիուլի վաստակած հանրային վրդովմունքն ու ցասումը: Հանրության արդարացի ու արդարացված վրդովմունքը Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից ծանր տանելու հանգամանքը առնվազն տարօրինակ է:

Այսինքն, իրենք ի՞նչ էին սպասում, որ մարդիկ ցնծան և ուրախանա՞ն, որ Փաշինյանը 11 թե 12 միլիոն դրամ է պարգևատրվել, որ նրա նախարարները 6 թե 7 միլիոն դրամ են պարգևատրվել, որ քպական ու քպականացված իշխանական բուրգը համախառն միլիարդավոր դրամների միայն պարգևատրումներ է ստացել պետական բյուջեից, այն է՝ հարկատուների հաշվին: Այդ առումով ենք նշում՝ տարօրինակ: Իրենք իրենց պարգևատրեն, թևքերը քշտած մտնեն պետբյուջեն ու որքան կարող են՝ տանեն, իսկ մարդիկ էլ դա տեսնեն ու ասեն՝ վա՜յ, ինչո՞ւ եք այդքան քիչ վերցնում, ավելի շատ վերցրեք: Այսպե՞ս պիտի արձագանքեր հանրությունն, ի՞նչ է:

Մյուս կողմից՝ անկախ այն բանից, թե ինչ պոզաներ են տեսախցիկների առաջ ցուցադրում Փաշինյանն ու նրա քպական պարգևավճարյալ, կերած-խմած պաշտոնավորները, նրանց հրապարակային վարքն ու խոսույթը հուշում են, որ ոչ մի անակնկալի էլ չեն եկել, այլ միանգամայն նախապատրաստվել են հանրային վրդովմունքին ու նախապատրաստել են կոնտր-հայտարարություններ:

Բայց նախ վերադառնանք տեղի ունեցածին, այսինքն՝ հարցին, թե ի՞նչ է կատարվել, ըստ էության: Իսկ կատարվել է այն, որ պետության պարտքը գրեթե կրկնապատկած, 14-15 միլիարդ դոլարի հասցրած, երկրի իրական տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ դրած, արտաքին սպառնալիքները անգամներով բազմապատկած իշխանությունը ինքը իրեն նախատոնական, կարելի է նաև ասել՝ նախընտրական ահռելի պարգևատրում է «դուրս գրել»: Դա արել է մի իշխանություն, մի կառավարություն՝ Փաշինյանի գլխավորությամբ ու մնացյալ «փաշինյաններով» հանդերձ, որի կառավարման օրոք ու իշխանավարման հետևանքով Հայաստանում աղքատության մակարդակը միայն պաշտոնական տվյալներով կազմում է 21,7 %: Իսկ ի՞նչ է նշանակում այդ թիվը՝ 21,7 տոկոս աղքատություն: Իսկ դա նշանակում է 649 հազար մարդ: Այսինքն, Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ մարդը հազիվ ծայրը ծայրին է հասցնում, ավելի ճիշտ՝ չի էլ հասցնում. ահա, նման վիճակում Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարները, նրա քպական պատգամավորները միլիոնների մեջ լող են տալիս, ավելին՝ ծփում են:

Ի դեպ, բացի դրանից կա նաև (էլի՝ պաշտոնական տվյալներով) 0,6 տոկոս էլ ծայրահեղ աղքատություն, այսինքն՝ ևս մոտ 18 հազար մարդ, որ ոչ միայն ծայրը ծայրին չեն հասցնում, այլ նույնիսկ նրանց չնչին եկամտի հարթակից այդ «ծայրերը» չեն էլ երևում: Ու, ահա, այս ամենի թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու իշխանությունն անպատասխանատու կերպով ինքն իրեն պարգևատրում է: Իր էության մեջ այն, ինչն արել են Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, չունի որևէ գրական, թերթային որակում, այնպիսին, որ հետո քրեական պատասխանատվություն չենթադրի: Նման պայմաններում այդօրինակ ճոխություններն ու ցոփությունները անթաքույց մեսիջ են հանրությանն այն մասին, որ իրենք՝ իշխանությունները, խորապես արհամարհած ունեն հասարակությանը, հարկատուներին, երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, որոնց հաշվին էլ, ի դեպ, ապրում են, պարգևավճարվում:

Փաշինյանի իշխանության արածը, ամենամեղմ ասած, սոցիալական արդարության, համակեցության տարրական նորմերի խախտում է: Նրանք ի՞նչ սրտով, ի՞նչ երեսով են նայում մարդկանց: Չնայած, ում մասին ինչ ենք ասում: Լավ էլ լոլոներ են կարդում, թե բա հապա էլ ինչպե՜ս, իրենք անպայմանորեն պիտի պարգևատրվե՜ն, նույնիսկ ավելի շատ պիտի պարգևատրվե՜ն, ավելի մեծ միլիարդներ պիտի ստանան, պիտի լավ, բրենդային շորեր ու շորիկներ հագնեն, բա ո՜նց...

Բայց դա դեռ հարցի մի կողմն է միայն: Հարցի մյուս կողմն այն է, որ նրանք, երևի ղեկավարվելով լավագույն պաշտպանությունը հարձակումն է մոտեցմամբ, վրա տալով են արձագանքում հանրային վրդովմունքին: Այսինքն՝ նախապես պատրաստվել են: Հստակ գիտակցել են, որ վատ, սխալ ու «չուտվող» բան են անում, ուստի՝ նախապատրաստվել են կանխատեսելի քննադատության տարափին:

Փաստացի. սոցիալական անպատասխանատվության ակտ կատարելուց անմիջապես հետո, անցել են հրապարակային անպատկառության գործողությանը:

Աննկարագրելի չափերի պարգևատրումներ են իրենք իրենց տվել՝ լայաղ չանելով բարձրացնել թոշակառուների թոշակը: Իրենք իրենց ավելի քան 80 հազար թոշակառուի 1 ամսվա թոշակի գումար են պարգևել (կամ էլ՝ մոտ 7 հազար թոշակառուի 1 տարվա թոշակի գումարը): Ու այդքանից հետո դեռ «երգում» են, կներեք՝ «ուդառնիկություն» են անում հարվածային գործիքների վրա:

Ու ասում են, թե իրենք «խաղաղություն են բերել»: Երկիրը դրել են թուրքական ու ադրբեջանական պայմանների ենթարկության տակ, կտոր-կտոր արտապատվիրակում են այլ երկրների, ու ներպարգևատրվում: Ինչի՞ համար: Այն բանի համար, որ 5000 երիտասարդի մահվան են մատնե՞լ: Դրա՞ համար են պարգևատրում իրենք իրենց: Այն բանի համա՞ր, որ Արցախը ճանաչել են ադրբեջանական: Այն բանի համա՞ր, որ հասել են հազարամյակներով հայկական ու հայաբնակ Արցախի հայաթափմանը: Դրա՞ համար են պարգևատրվել: Թե՞ այն բանի համար, որ Հայաստանի կենսատարածքը մաս առ մաս տալիս են թշնամուն, դեռ մի բան էլ նախազդ տարածում, թե էլի են տալու...

Այսինքն, ուրիշի համար լավություն են անում, բայց հախը (վարձը) մեր ժողովրդից ու հարկատուներից են քերթում, դեռ մի բան էլ ծաղրում են այդ հարկատուներին, թոշակառուներին, ընդհանրապես՝ հասարակությանը, թե՝ «բա մենք պաշտոնյա ենք, մենք պիտի չաղ ու բախտավոր ապրենք, իսկ ձեզ, այ աղքատնե՛ր, ձեթով վերմիշելն էլ է շատ...»:

Ի՞նչ անել նման իշխանության, նման կառավարության հետ: Պատասխանը ամեն մեկն իր համար պիտի տա...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները