Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP) նախագիծը իրենից ներկայացնում է ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ այնպիսի նախաձեռնություն, որտեղ տնտեսական գործիքակազմը, ենթակառուցվածքային ինտեգրացիան և քաղաքական միջնորդությունը միաձուլվում են մեկ միասնական ռազմավարության մեջ՝ խաղաղության հասնելու և կայունության ապահովման հավակնությամբ։ Այն ոչ միայն կոնկրետ աշխարհագրական կամ տրանսպորտային ծրագիր է, այլ նաև գաղափարական մոդել, որի հիմքում ընկած է այն կանխադրույթը, որ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է նվազեցնել հակամարտությունների հավանականությունը և ստեղծել շահերի այնպիսի խաչաձևում, որտեղ պատերազմը դառնում է ոչ ռացիոնալ ընտրություն։

TRIPP-ը այս իմաստով փորձ է ամերիկյան արտաքին քաղաքական մտածողության շրջանակում վերակենդանացնել «խաղաղություն՝ բարգավաճման միջոցով» տրամաբանությունը՝ չնայած միջազգային հարաբերություններում այսօր գերիշխող գլոբալ մրցակցության և տարածաշրջանային բևեռացումների պայմանների առկայությանը։ Սակայն նախագծի իրականացման հետ կապված առկա են կոնկրետ մտահոգություններ Հայաստանի ինքնիշխանության և շահերի ապահովման տեսանկյունից։ Նախ՝ տնտեսական ինտեգրացիայի վրա հիմնված խաղաղության մոդելը ենթադրում է հարաբերական հավասարակշռություն շահերի մեջ, մինչդեռ իրականում առկա է անհամաչափություն։ Բնականաբար, դա հասկանում են (հուսով ենք) նաև ՀՀ իշխանությունները՝ չնայած որ ցանկանում են հակառակը ցույց տալ։ Այս համատեքստում, օրինակ՝ ՀՀ արտգործնախարար Միրզոյանը ջանքուեռանդ չի խնայում, որպեսզի ցույց տա, թե TRIPP նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության փաստաթուղթն ինչքան «լավն է»։ Ավելին, նույնիսկ նման մի գրառում էր արել՝ պարզապես նշելով, որ այն «իսկապես լավն է»: Առաջին հերթին «լավը» դիվանագիտական բնորոշում չէ։ Չի կարող արդեն քանի տարի երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես գրել «իսկապես լավն է», եթե այն... իսկապես «լավն» է: Ինչպես ասում են՝ անընդհատ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա:

Մի խոսքով, իշխանությունների սևեռուն «կպչունությունն» ավելի շատ հակառակի մասին է վկայում։ Եթե փաստաթուղթը իրոք դրական է մեր շահերի տեսանկյունից, ապա փորձագետներն ու մարդիկ կկարդան և դրական գնահատական կտան, կարիք չկա այն արհեստականորեն գովերգել։ Ընդ որում, առանց փաստարկների, պարզապես գոռալով՝ հավատացեք, լավն է...

Իսկ հատկապես փորձագիտական հանրության և, ընդհանրապես, հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր են առաջ գալիս փաստաթղթին ծանոթանալուց հետո։ Օրինակ՝ եթե Հայաստանի ինքնիշխանությունը չի զիջվում, ապա ինչո՞ւ է իրականացվող ծրագրում Հայաստանի մասնաբաժինը կազմելու 26 % սկզբնական։ Չէ՞ որ գործ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքի հետ։ Անկախ ՀՀ պատմության ընթացքում երբեք չենք ունեցել նման նախադեպ, որ այսպիսի պայմաններով Հայաստանի տարածքն արտապատվիրակվի։ Մյուս կարևոր հարցն այն է, որ համաձայնությունը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև է, ու բնական է, որ այն միայն երկկողմ պարտավորություններ պիտի նախատեսեր, սակայն Հայաստանը պարտավորվում է երրորդ կողմերի համար (Թուրքիա և Ադրբեջան) անխոչընդոտ երթուղի ապահովել։ Այնինչ, կարող էր փաստաթղթում ուղղակի նշվել տրանսպորտային կապի ապահովման մասին։

Իսկ այս հանգամանքն այլ կերպ, քան ՀՀ ինքնիշխանության կոնկրետ զիջում անվանել, ուղղակի հնարավոր չէ։ Եթե փաստաթղթում մի քանի անգամ նշված է «ինքնիշխանություն» բառը, դա իրականում դեռ ոչինչ չի փոխում։ Ավելին, հենց այն փաստը, որ նման կարգի միջազգային փաստաթղթում մոտ 20 անգամ շեշտվում է «ինքնիշխանությունը», ինքնին կասկածի տեղիք է տալիս, որ այն կազմողներն էլ հասկանում են ինչն ինչոց է և աչքներիս թոզ են փչում: Չնայած պարտված, Արցախը հանձնած ու զիջողականությունն իրենց համար արտաքին քաղաքական ուղեգիծ ընտրած իշխանություններից ուրիշ սպասում պետք էլ չէր ունենալ։ Նրանք ի վիճակի չեն բանակցային հարթակում կռիվ տալ Հայաստանի շահերի համար։

Կարևոր բացերից մեկն էլ այն է, որ Հայաստանի համար կոնկրետ երաշխիքներ չեն տրամադրվում։ Իսկ առանց երաշխիքների այս նախաձեռնությունը լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար։ Օրինակ՝ բացառված չէ, որ տարիներ անց ԱՄՆ-ում իշխանության գա այլ վարչակազմ, որին քիչ հետաքրքիր լինի Հարավային Կովկասը, ու ամերիկացիներն իրենց մասնաբաժինը վաճառեն ու դուրս գան մեր տարածաշրջանից։ Լիովին պարզ է, թե դրան ինչ կարող է հետևել։ Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքն է օկուպացնել Սյունիքը և իրականություն դարձնել պանթուրքական ծրագրերը։ Ուստի, հայկական կողմի առաջնահերթությունն այս տեսանկյունից ամերիկյան կողմից որոշակի երաշխիքներ ստանալն է։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ TRIPP-ի մասով անհանգստություններ ունեն Մոսկվան ու հատկապես Թեհրանը, որոնք պարբերաբար բարձրաձայնել են իրենց անհամաձայնության մասին։ Ու եթե ԱՄՆ-ը գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, ապա Ռուսաստանը և Իրանը տարածաշրջանային ուժեր են և մեծ ազդեցություն ունեն տեղի ունեցող գործընթացների վրա։ Ուստի, նրանց շահերը հաշվի չառնելը կամ նրանց ծրագրում ինչ-որ կերպ չընդգրկելը կարող է հետագայում անդառնալի հետևանքներ ունենալ հայկական կողմի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները