Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համարեք ներքոշարադրյալը բաց նամակ, եղբայրական հորդոր կամ բարեկամական խոսք: Այն ուղղված է ձեզ, իրավապահ համակարգում ծառայողնե՛ր, ոստիկաննե՛ր, դատախազնե՛ր, քննիչնե՛ր, դատավորնե՛ր: Եթե ունեք նշված համակարգերում աշխատող զավակ, ծնող, հարազատ, սանիկ, բարեկամ, ընկեր, ապա կարդացեք նրանց համար, փոխանցեք նրանց:

Տողերիս հեղինակի համար բարդ է ընդունել, որ կան մարդիկ, որոնք խղճի դեմ արված որևէ արարք արդարացնելու համար ասում են՝ «տուն ենք պահում», «երեխա ենք պահում»: Այնուհանդերձ, մե՜ծ դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի է հասկանալ աշխատանք, փող, պաշտոն, «տուն պահել» (չնայած, կրկնեմ՝ դժվար է):

Չենք արդարացնում, բայց հասկանալ հնարավոր է: Համենայն դեպս, հասկացողներ, դրության մեջ մտնողներ կան: Մեծ հաշվով, բոլորն անխտիր չեն կարող Դանկո լինել: Դանկոները հատուկենտ են լինում:

ԲԱՅՑ...

Պարոնա՛յք, տիկնա՛յք իրավապահներ, դատավորներ, դատախազներ ու քննիչներ, ոչինչ չարժե նրան, որ կորցնեք ամոթի, մարդուն որպես մարդ բնութագրող բոլոր հատկանիշները: Գրոշի արժեք չունի հնարավոր ու անհնար «կարմիր գծերը» հատելը:

Ավելին, նույնիսկ ստրկամտությունը, ծառայամտությունն ու հաճկատարությունը կարող են սահմաններ ունենալ: Հասկանո՞ւմ եք: Մի նետեք ինքներդ ձեզ անդունդը: Մի՛ հատեք մարդ մնալու անդառնալիության կետը:

Մի քիչ առանձնացեք, մի փոքր խորհեք: Ինքներդ ձեզ հետ: Կանգնեք հայելու դիմաց ու նայեք ձեր արտացոլանքին, եթե այն դեռ արտապատկերվում է:

Մի քիչ զրուցեք... ձեր խղճի հետ: Քնից հանեք (խիղճներդ) ու մի քիչ զրուցեք: Ոչինչ, որ խռոված է, նույնիսկ՝ ավելի լավ, որ խռոված է, դա ձեր մարդկային ու հոգևոր կենդանության նշանն է: Մի՛ կտրեք բարակած այդ լարը:

Իզուր մի՛ փորձեք ձեզ համոզել, թե դուք ճիշտ բան եք անում, թե կարևոր բան եք անում:

Մի՛ համոզեք ձեզ, որ ճիշտ եք անում, որ հայ հոգևորականների դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում: Մի՛ փորձեք ինքներդ ձեզ խաբել, թե հոգևորականները, որոնց դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում, իսկապես ինչ-որ ապօրինի բան են արել: Ինքնախաբեությունը վատագույնն է բոլոր խաբեությունների շարքում:

Լավ, գոնե ձեր իրավաբանական գիտելիքներն իրար տվեք: Ախր, դուք հո շա՜տ լավ գիտեք, որ Եկեղեցին պետությունից անջատ է: Է՛լ ավելի հրաշալի տեղյակ եք, որ դա Սահմանադրության մեջ հստակ գրված ու ամրագրված է:

Դուք շատ լավ գիտեք, որ չեն կարող Կաթողիկոսի ներեկեղեցական որոշումները, կարգադրությունները, Եկեղեցու ինքնավար կյանքին վերաբերող որոշումները դատական վեճի առարկա լինել, այդ որոշումները չեն կարող կարգավորվել աշխարհիկ դատարաններով:

Եկեղեցին՝ ի դեմս իր Հովվապետի, իր եկեղեցական կառույցների, ինքնավար է որոշում քահանաների, եպիսկոպոսների, առհասարակ, հոգևորականների հոգևոր ծառայության նշանակելու կամ ծառայությունից ազատելու, ծառայության վայր սահմանելու հարցերը:

Ախր, սա իրավաբանականի նույնիսկ դիմորդի մակարդակի հարց էլ չի, այնքան ակնհայտ ու պարզ բան է: Ու դուք հաստատ չեք կարող դա չիմանալ:

Ու, առավել ևս, չի՛ կարելի քրեական գործ հարուցել միայն այն հիմքով, որ ինչ-որ դատավորի ինչ-որ անհեթեթ, օրինականությունը, սահմանադրականությունն ու տարրական բարոյականությունը տրորտակ անող որոշում Եկեղեցին չի կատարել...

Մեր մեծերի խոսքը հիշեք. «Քիչըմ մարդ եղեք...»:

Ու, առավել ևս, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմում ձախողվել է: Կանխատեսելի է ու, ամենայն հավանականությամբ, վաղը, մյուս օրը ընտրություններում էլ է ձախողվելու:

Բայց նույնիսկ դա չէ կարևորը:

Կարևոր է այն, թե այս ամենից հետո ձեր մեջ ինչ մնացած կլինի մարդու և հայ մարդու հատկանիշներից, հասկանո՞ւմ եք:

Կարևոր է այն, որ վաղը, մյուս օրը դուք ձեր հայացքը չփախցնեք ձեր երեխայից, թոռնիկից, թոռնուհուց, երբ հարցնի՝ պապի (հայրիկ), իսկ դու ի՞նչ էիր անում, երբ փաշինյանենք ուզում էին քանդել Հայ եկեղեցին:

Սա հո 37 թիվը չէ, որ Բակունց ու Չարենց էին սպանում, Կաթողիկոս էին խեղդամահ անում, հարյուրներով անմեղ մարդկանց գնդակահարում ու հազարներով աքսորի մատնում... Դուք էլ այն ժամանակվա «էնկավեդեականներից» չեք: Չեք, չէ՞: Ու եթե՝ չեք, ապա կընդունեք, որ չի՛ կարելի այդքան իջնել: Չի կարելի այդ աստիճան կամակատար լինել: Ինչ իշխանություն էլ ուզում է, որ լինի:

Վստահ ենք, որ քննչականներում, դատարաններում, ոստիկանությունում, դատախազությունում, ԱԱԾ-ում կան(ու քիչ չեն նրանք) կարգին մարդիկ, որոնք իրենց մարդկային ու ազգային արժանապատվությունը, մասնագիտակա՛ն արժանապատվությունը հարգում են ու դեռ բարձր են դասում:

Ու ո՛չ մի նյութական խրախուսանք, ո՛չ մի պաշտոն, ո՛չ մի «տուն պահել», ոչինչ չարժե համեմատությամբ այն ամենի, ինչը այն մյուսները սոսկ Փաշինյանի քմահաճույքով անում են սեփական երկրի, սեփական ազգի, սեփական ժողովրդի, սեփական Եկեղեցու դեմ:

Դուք էլ եք, ախր, հրաշալի հասկանում, որ տեղի ունեցողն ու փաշինյանական իշխանության կողմից խրախուսվողն արդեն նույնիսկ Եկեղեցու դեմ պայքար չէ: Սա պայքար է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ:

Ավելին, պատերազմը, որ Եկեղեցու դեմ սկսել է Փաշինյանը, իր շոշափուկներով ուղղված է հայեցի ապագայի դեմ հենց այն երեխաների, որոնց «պահում եք»: Որոնց պահելու երերուն պատճառաբանությամբ փորձում եք հիմնավորել այն արարքները, որոնք հեչ անելու բան չեն:

Ամեն ինչ անցնում է: Այս իշխանությունն էլ է անցնելու: Ձեզ այսօր սպառնացողներն էլ են անցնելու: Իսկ ի՞նչ է մնալու հետո: Այս դեպքում ամենից կարևորը. ի՛նչ է մնալու ձեզանից, որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա, որպես իրավապահ: Մտածե՛ք սրա մասին: Մի՛ խոսեք, գոնե մտածեք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտի Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել 40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարը Ծառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքում Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ելենա Վարդանյանը նշել է ծննդյան 42-ամյակը Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը Իրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. Թրամփ Իսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. Նեթանյահու Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն
Ամենաընթերցվածները