Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում Հայաստանի ներքաղաքական և հասարակական դաշտում ձևավորվել է պառակտման լրջագույն գործընթաց, որը այլևս չի կարող ընկալվել որպես պատահական կամ իրավիճակային զարգացում. այն դարձել է կայուն միտում, որն աստիճանաբար ներթափանցել է հանրային կյանքի գրեթե բոլոր շերտերը՝ խաթարելով համախմբման, փոխվստահության և պետական միասնականության հիմքերը։

Սկզբնական փուլում այդ պառակտումը դրսևորվեց քաղաքական հարթությունում՝ «ներկաների» և «նախկինների» հակադրությամբ, որը ներկայացվում էր որպես բարոյական ու քաղաքական սահմանագիծ, սակայն իրականում վերածվեց նախկինում գրանցված արդյունքների ժխտման և դրա վրա հիմնված ժխտողական քաղաքականության լեգիտիմացման գործիքի։ Այդ բաժանումը քաղաքական պայքարը տեղափոխեց ոչ թե ծրագրերի ու գաղափարների մրցակցության դաշտ, այլ պիտակավորման հարթություն, որտեղ հակառակ ճամբարը ներկայացվում էր ոչ թե որպես այլընտրանքային քաղաքական ուժ, այլ որպես անցյալի մարմնավորում, որը պետք է բացառվի հանրային գործընթացներից։

Քաղաքական այս հակադրությունը երկար չմնաց քաղաքական դաշտի սահմանափակ հարթությունում և աստիճանաբար արտահոսեց հանրային դաշտ՝ ընդգրկելով «սևերի ու սպիտակների» բաժանման երկատումը։ Այդ փուլում պառակտումն արդեն կրեց սոցիալական և հոգեբանական բնույթ, երբ քաղաքացիները սկսեցին միմյանց ընկալել ոչ թե որպես նույն պետության համահավասար անդամներ, այլ որպես հակադիր ճամբարների ներկայացուցիչներ, այսպես կոչված՝ «ճիշտ»՝ «սպիտակ», և «սխալ»՝ «սև» կողմերի։ Այսպիսի երկփեղկման գործընթացը խորապես թունավորեց հանրային խոսույթը, քանի որ ցանկացած քննադատություն կամ այլ կարծիք ավտոմատ կերպով ընկալվում էր ոչ թե որպես մտահոգություն կամ այլընտրանքային մոտեցում, այլ որպես թշնամական դիրքորոշում։ Արդյունքում հանրային քննարկումը կորցրեց իր կառուցողական բնույթը, իսկ համաձայնության հասնելու հնարավորությունները կտրուկ նվազեցին։

Ժամանակի ընթացքում պառակտման հաջորդ փուլը դարձավ «հինգերորդ շարասյան» և, այսպես կոչված, «հայրենասերների» բաժանումը, որն արդեն դուրս եկավ ներքաղաքական պայքարի շրջանակներից ու տեղափոխվեց ազգային անվտանգության և «հայրենասիրության» դաշտ։ Այս փուլում պառակտումը ստացավ առավել վտանգավոր բնույթ, քանի որ այլ կարծիք ունեցողները սկսեցին ներկայացվել ոչ պարզապես որպես քաղաքական հակառակորդներ, այլ որպես արտաքին ուժերի սպասարկողներ կամ պետականության համար սպառնալիք ներկայացնող սուբյեկտներ։ Դա հանրային դիսկուրսում ներմուծեց կասկածի և անվստահության մթնոլորտ, որտեղ ցանկացած քննադատական խոսք կարող էր ընկալվել որպես դավաճանություն, իսկ բանավեճը՝ որպես անվտանգության ռիսկ։ Այսպիսի պայմաններում հասարակությունը աստիճանաբար զրկվեց ինքնաքննադատության և առողջ բանավեճի ունակությունից, ինչը ցանկացած պետության համար կենսական նշանակություն ունեցող գործոն է։

Պառակտման գործընթացի առավել մտահոգիչ դրսևորումը դարձավ դրա ներթափանցումը եկեղեցական դաշտ։ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն եղել է ոչ միայն հոգևոր հաստատություն, այլ նաև ազգային ինքնության, համախմբման և շարունակականության առանցքային սյուներից մեկը։ Երբ եկեղեցականների մի մասը սկսում է ներգրավվել իշխանության օրակարգի սպասարկման մեջ՝ ի հակադրություն Եկեղեցու ներսում գործող սկզբունքների ու առկա կարգավորումների, ապա դրա արդյունքում Եկեղեցին՝ որպես կառույց, երկատվում է։ Եկեղեցու շուրջ ձևավորվող պառակտումը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ այն խարխլում է այն հարթակը, որը նույնիսկ ամենածանր պատմական փուլերում կարողացել է պահպանել ազգային միասնականության նվազագույն հիմքը։

Այս ամբողջ գործընթացի համատեքստում աստիճանաբար ի չիք է դառնում հանրության համախմբման ցանկացած դրսևորում։ Երբ հասարակությունը մշտապես բաժանվում է «ճիշտերի» և «սխալների», «մերոնքականների» և «օտարների», «հայրենասերների» և «դավաճանների», ապա համախմբումը դառնում է ոչ թե ընդհանուր նպատակ, այլ կասկածելի և երբեմն նույնիսկ վտանգավոր գաղափար։ Այս պայմաններում հանրային համերաշխության ցանկացած փորձ հեշտությամբ արժեզրկվում է կամ ներկայացվում է որպես քողարկված քաղաքական մանևր, ինչի արդյունքում հասարակությունը մնում է մշտապես բևեռացված և ներքին լարվածության մեջ։

Պատահական չէ այն զգացողությունը, որ եթե արտաքին թշնամին նպատակադրված փորձեր հայ հասարակության մեջ սերմանել այն աստիճանի պառակտում, ինչին այսօր ականատես ենք լինում, դժվար թե հասներ նման խորքային արդյունքի։ Ներքին պառակտումը, հատկապես երբ այն խրախուսվում կամ «նորմալացվում» է իշխանության խոսույթում, իշխանության կողմից (իսկ մեզ մոտ հենց այդպես է), շատ ավելի արդյունավետ է պետականության թուլացման գործում, քան ցանկացած արտաքին ճնշում։ Այն քայքայում է հասարակության դիմադրողականությունը, նվազեցնում վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և խաթարում համատեղ գործողությունների կարողությունը՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում։

Այս իրավիճակը ծանր հարված է հասցնում Հայաստանի պետականության իմունիտետին։ Պետությունը, որի հասարակությունը խորապես պառակտված է, դառնում է խոցելի թե՛ արտաքին ազդեցությունների, թե՛ ներքին ցնցումների նկատմամբ։ Երբ քաղաքացիները միմյանց չեն վստահում, երբ ազգային ինստիտուտները վտանգի տակ են, իսկ հանրային խոսույթը լցվում է փոխադարձ մեղադրանքներով, պետական համակարգը կորցնում է իր կայունությունը և երկարաժամկետ զարգացման հնարավորությունները։

Պառակտված հասարակությունը դժվարությամբ է ձևավորում միասնական օրակարգ, իսկ առանց այդ օրակարգի պետությունը մնում է արձագանքող, ոչ թե նախաձեռնող դերակատար իր սեփական ճակատագրի հարցերում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները