Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունն արտաքուստ շարունակում է ցուցաբերել տպավորիչ ցուցանիշներ, և 2025 թվականի ամփոփ թվերն արտաքուստ կարող են ոգևորության առիթ լինել իշխանությունների և նրանց համար, ովքեր զուտ թվային ցուցանիշներին շատ մեծ նշանակություն են տալիս՝ առանց խորամուխ լինելու դրանց կառուցվածքի մեջ։ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս, ՀՆԱ-ի իրական աճը՝ 7,2 տոկոս՝ պաշտոնական կանխատեսված 5,1 տոկոսի դիմաց, սակայն հենց այս թվերի ներքին կառուցվածքը որոշակի անհանգստացնող խնդիրների մասին է վկայում, որը փաստվում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծության շրջանակներում։

Խնդիրն այն է, որ մի շարք կարճատև գործոնների վրա հիմնված տնտեսական աճ ունենալն ու կայուն, կառուցվածքային, երկարաժամկետ տնտեսական աճ գրանցելը բոլորովին տարբեր երևույթներ են։ Եվ Հայաստանի դեպքում 2025 թվականի արդյունքներն ու 2026 թվականի հունվարի առաջին ազդանշանները ցույց են տալիս, որ այս երկու հասկացությունների միջև ընկած հեռավորությունը ոչ թե կրճատվում, այլ պահպանվում է, որոշ պարագաներում՝ նույնիսկ ավելանում։

2026 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,6 տոկոսով՝ 2025-ի հունվարի 7,3 տոկոսի համեմատ, ինչն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես արագացման ազդանշան։ Բայց հունվարի վիճակագրության շրջանակներում նշմարվում են նաև որոշակի բացասական միտումներ։ Ազդանշաններից մեկն այն է, որ 2026 թվականի հունվարի ՏԱՑ-ի ցուցանիշն ավելի ցածր է, քան 2022, 2023 և 2024 թվականների հունվարյան ցուցանիշները։ Այս առումով տնտեսագետներից շատերն այն կարծիքին են, որ «աճի ալիքի» գագաթն անցել է, ու հիմա շարժվում ենք դեպի հարաբերական մարում` անկախ նրանից, թե 2025-ի ամփոփ թիվն ինչ էր «ասում»։

Աճի կառուցվածքն, ըստ ոլորտային նպաստումների, բովանդակային անհավասարաչափություն է ցուցաբերում։ 2026 թվականի հունվարին արդյունաբերությունն ապահովել է ՏԱՑ-ի ընդհանուր աճի 3,1 տոկոսային կետ, ծառայությունները՝ 2,7 տոկոսային կետ, շինարարությունը՝ 1,3 տոկոսային կետ, առևտուրը՝ ընդամենը 0,4 տոկոսային կետ։ Թվերի այս բաշխումը ոչ միայն հարթ չէ, այլև ծայրահեղ բևեռացված է ու կենտրոնացված միայն որոշ ուղղություններով։ Առևտրի ոլորտը 2026 թվականի հունվարին ցուցաբերել է 0,7 տոկոս աճ, ինչը բավական ցածր է, երբ դիտարկվում է 2025 թվականի հունվարի 14,6 տոկոս աճի ֆոնի վրա։

Մյուս կողմից էլ՝ առկա է խոր կառուցվածքային խնդիր։ Չէ՞ որ առևտրի ոլորտը Հայաստանում հիմնականում կախված է ներմուծումից, արտադրողականությունից ու արտահանման հոսքերից, իսկ այս երեք փոփոխականներն, ինչպես կտեսնենք, 2026 թվականի սկզբից ոչ բարենպաստ ուղղությամբ են շրջվել։ Ուշագրավ է, որ 2026 թվականը սկսվել է արտահանման 13,5 տոկոս անկումով, ինչն, անկախ ցանկացած բացատրությունից, շատ լուրջ թիվ է մի երկրի համար, որը ձգտում է ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական բազա ստեղծել։ Հայաստանի արտահանման ծավալները, եթե հետ ենք գնում ամբողջ 2022-2025 թթ. հատվածի ուղղությամբ, ունեն նույն ախտաբանական պատկերը։ Արտահանման 2024 թվականի ռեկորդային ցուցանիշի հիմքում ոսկու և այլ թանկարժեք մետաղների վերաարտահանումն է, այլ ոչ թե հայ արտադրողի, հայկական արտադրանքի, հայկական ապրանքանիշի կամ հայաստանյան ծառայությունների՝ դեպի արտաքին շուկա ուղղված ինտեգրումն ու ճանաչումը։ Իսկ վերաարտահանման բումն ընդամենը անկայուն թվային ռեկորդ էր, ու 2025-2026 թթ. արտահանման անկումն ուղղակիորեն ցույց տվեց, թե ինչ կա «ռեկորդի» ետևում, երբ արտաքին գործոնի ազդեցությունը միանգամից նվազում է։

Ներմուծման 11,2 տոկոս անկումը ևս բազմաշերտ խնդիրների մասին է վկայում։ Դա նշանակում է, որ Հայաստանում սպառումը նվազել է՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում ներքին արտադրության ծավալային ընդլայնում տեղի չի ունեցել։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք, որ ներմուծումը նաև վերաարտահանման նվազման ցուցիչ է, քանի որ որոշ ապրանքներ նախ ներմուծվում էին Հայաստան, ապա վերաաարտահանվում։ Ուստի, այս վերաարտահանման շղթայում Հայաստանի՝ «կամուրջի դերակատարությունը» նվազում է։

Հարկային եկամուտների մասով ևս իրավիճակը փայլուն չէ։ 2026 թվականի հունվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7,8 տոկոս, ինչը ցածր է ինչպես 2025 թվականի հունվարի, այնպես էլ 2025 թվականի ամբողջ տարվա ամսական միջին ցուցանիշներից։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունը, չնայած աճի տեմպի պահմանմանը, չի կարողացել ապահովել անհրաժեշտ հարկային բազա։

Այս ամենի կողքին պետական պարտքի աճը ամփոփ կերպով ցույց է տալիս տնտեսության վրա դրված պարտքային բեռի սրընթաց ահագնացումը։ Հունվարի վերջի դրությամբ կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 14,1 մլրդ դոլար, ու ամբողջ դեկտեմբերի համեմատ մեկ ամսվա ընթացքում ավելացել է 211,9 մլն դոլարով, ինչը 1,5 տոկոս ամսական աճ է։ Ամսական կտրվածքով 1,5 տոկոս պարտքի աճն ու տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 7,2 տոկոս աճ ունենալու՝ մի քանի անհայտով այս «հավասարումը» վտանգավոր ազդանշանի մասին է վկայում։ Եվ եթե պարտքն ավելի արագ ռիթմով է աճում, քան ՀՆԱ-ն, ապա տնտեսական աճի արդյունքը ֆիսկալ ճկունություն ու ռեսուրս չի ձևավորում, քանի որ այն մեծամասամբ ծախսվում է արդեն եղած պարտավորությունների սպասարկման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտի Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել 40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարը Ծառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքում Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ելենա Վարդանյանը նշել է ծննդյան 42-ամյակը Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը Իրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. Թրամփ Իսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. Նեթանյահու Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն
Ամենաընթերցվածները