Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության մակարդակը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի ապագա կառուցվածքի վրա։ Եթե ընտրություններին մասնակցությունը ցածր է, ապա նույնիսկ ձևականորեն ազատ ընտրությունները (ինչը գրեթե անհավանական է այս իշխանությունների պարագայում) կարող են չարտահայտել հասարակության իրական քաղաքական տրամադրությունները։ Հիմա այն ցույց տանք կոնկրետ ցուցանիշային բանաձևումներով։

Հայաստանի քաղաքական իրականության մեջ (և ոչ միայն Հայաստանի) ցանկացած իշխանություն, անկախ իր արդյունավետությունից կամ ձախողումներից, միշտ ունի որոշակի ընտրազանգված, այսպես ասած՝ «հիմքային» ընտրառեսուրս։ Դա կարող է պայմանավորված լինել վարչական ռեսուրսներով, կուսակցական կառույցներով, պետական համակարգում ընդգրկված պաշտոնյաներով, ինչպես նաև իշխանությանը հարող որոշակի սոցիալական և քաղաքական խմբերով։ Եթե ընդունենք հիպոթետիկ այն վարկածը, որ գործող իշխանությունը, հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, ունի մոտ 300 հազար ձայնի չափով կայուն «ընտրազանգված», ապա այդ թիվը արդեն իսկ դառնում է կարևոր քաղաքական գործոն։ Դրա քաղաքական նշանակությունը հատկապես հստակ երևում է ընտրություններին մասնակցության ընդհանուր մակարդակի համատեքստում։ Եթե ընտրություններին մասնակցի, օրինակ՝ շուրջ 800 հազար ընտրող (ինչը շատ քիչ է), ապա 300 հազար ձայնը կկազմի մոտ 37 տոկոս, բոնուսներով՝ ավելի քան 40։ Եթե մասնակցությունը հասնի մեկ միլիոնի, ապա նույն 300 հազար ձայնը արդեն կլինի մոտ 30 տոկոս։ Իսկ եթե մասնակցությունը բարձրանա մինչև մոտ մեկ միլիոն երեք հարյուր հազար, ապա այդ նույն ընտրազանգվածի հարաբերական կշիռը կիջնի մինչև մոտավորապես 23 տոկոս։ Իսկ շատ ավելի բարձր մասնակցության դեպքում (ինչպես, օրինակ՝ 2017 թվականին) այդ տոկոսն ավելի փոքր կլինի։

Այս պարզ թվաբանական հաշվարկը իրականում բացահայտում է ընտրական քաղաքականության մի կարևոր տրամաբանություն. որքան բարձր է ընտրություններին մասնակցությունը, այնքան նվազում է ֆիքսված, ավելի կոնկրետ՝ իշխանության ընտրազանգվածի տոկոսային-հարաբերական ազդեցությունը ընտրական արդյունքի վրա։ Այստեղից էլ ծագում է ընտրություններին մասնակցության հարցի ռազմավարական նշանակությունը։ Ներկա իշխանություններն ունեն աննախադեպ բարձր հակավարկանիշ, ըստ այդմ՝ այսպես կոչված՝ «հակավարկանիշային» ընտրազանգվածի ակտիվ մասնակցությունը ընտրություններին կարող է արմատապես փոխել ընտրական արդյունքների կառուցվածքը։ Այսինքն, կոնկրետ այս ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն։ Եթե «հակավարկանիշային», այսինքն՝ իշխանություններից դժգոհ, իշխանություններից ձերբազատվելու ցանկություն ունեցող ընտրողների մի մասն այս կամ այն պատճառով (հուսահատություն, անտարբերություն, անվստահություն, «անհավեսություն» և այլն) որոշի չմասնակցել ընտրություններին, ապա ընտրությունների արդյունքը կարող է ձևավորվել հիմնականում ֆիքսված ընտրազանգվածի հաշվին։ Կրկնենք, այդ պարագայում իշխանական ֆիքսված փոքրաթիվ ընտրազանգվածը, որը փաստացի ընդհանուր ընտրության իրավունք ունեցողների մոտ 15 տոկոսն է, կարող է դառնալ դոմինանտ:

Այսինքն, այն քաղաքական ուժը, որն ունի համեմատաբար կայուն և կազմակերպված ընտրազանգված, ապա նրա համար առավել շահավետ է ընտրություններին ցածր մասնակցությունը։ Այդպիսի ընտրազանգված ունեն տարբեր քաղաքական ուժեր, սակայն աշխարհի քաղաքական կյանքի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած պարագայում ամենակայուն ընտրազանգվածը ունենում են իշխանությունները՝ անկախ նրանից, թե այդ կայունը որքան է: Մյուս կողմից՝ եթե ընտրություններին մասնակցությունը բարձր է, ապա ընտրական արդյունքների վրա ավելի մեծ ազդեցություն են ստանում այն քաղաքացիները, ովքեր սովորաբար պասիվ են քաղաքական գործընթացներում, սակայն կարևոր պահերին կարող են փոխել քաղաքական հավասարակշռությունը։

Հայաստանի հասարակական միջավայրում հաճախ կարելի է նկատել այն երևույթը, երբ ընտրություններից առաջ հանրային դաշտ են նետվում տարբեր սոցիոլոգիական հարցումներ կամ քաղաքական հայտարարություններ, որոնցում կանխատեսվում են բարձր տոկոսներ այս կամ այն քաղաքական ուժի համար։ Մեր իրականության մեջ այդ հարցումները վաղուց դարձել են ոչ թե հասարակական տրամադրությունների «պրոյեկտոր», այլ հասարակական տրամադրությունների վրա ազդելու գործիք: Օրինակ՝ գործող իշխանությունները հետևողականորեն փորձում են դրանց միջոցով հանրության մեջ սերմանել կարծիք, թե ամեն ինչ արդեն կանխորոշված է, իրենք շատ ավելի քվե ունեն, քան բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը։ Նույնիսկ խոսում են այն մասին, թե իրենք իբր 50 կամ նույնիսկ ավելի՝ մինչև 65 տոկոս ձայն են տանելու։ Հասկանալի է, որ նման տեղեկատվական ֆոնն ունի հոգեբանական ազդեցություն ընտրողների վրա։ Եթե հասարակության մի հատված սկսում է հավատալ, որ ընտրությունների արդյունքն արդեն որոշված է, ապա հակաիշխանական տրամադրվածություն ունեցող հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ կարող են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց՝ մտածելով, որ իրենց քվեն որևէ ազդեցություն չի ունենալու։ Այսպիսի հոգեբանական ազդեցությունը քաղաքական տեխնոլոգիաների մեջ հայտնի է որպես ընտրական ապատիայի խթանում։

Սակայն իրականում կոնկրետ այս ընտրություններում յուրաքանչյուր ձայն կարող է կարևոր դեր ունենալ։ Հատկապես այնպիսի քաղաքական իրավիճակներում, որտեղ հասարակության տարբեր հատվածների միջև գոյություն ունի լուրջ բևեռացում, նույնիսկ համեմատաբար փոքր թվով լրացուցիչ ձայները կարող են փոխել քաղաքական հավասարակշռությունը։ Այդ պատճառով ընտրություններին մասնակցությունը դառնում է ոչ միայն քաղաքացիական պարտք, այլ նաև քաղաքական ազդեցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Եթե ընտրություններին մասնակցի հնարավորինս մեծ թվով ընտրող, ապա ընտրական արդյունքները ավելի մեծ հավանականությամբ կարտացոլեն հասարակության իրական քաղաքական տրամադրությունները:

Մի խոսքով, այս տեսանկյունից ոչ այնքան կարևոր է, թե հակաիշխանական որ ուժին ձայն կտա ընտրողը (դա քաղաքական ուժերի շահագրգռվածության և «համոզելու» խնդիրն է), այլ որ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցեն ընտրություններին և արտահայտեն իրենց քաղաքական դիրքորոշումը։ Հենց մասնակցության միջոցով է ձևավորվում քաղաքական համակարգի իրական լեգիտիմությունը, որն էլ իր հերթին արտացոլում է հանրային աջակցության իրական պատկերը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»
Ամենաընթերցվածները