Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանի ու նրա թիմի՝ «ֆալստարտով» մեկնարկած քարոզարշավի «մեխերից» մեկը, եթե ոչ՝ գլխավորը, այն կեղծ թեզն է, թե իրենք խաղաղություն են բերել (բերելու), իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ: Փաշինյանն այս ընթացքում արդեն հասցրել է նույնիսկ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից չարախոսել, թե անգամ Հայ առաքելական եկեղեցին «պատերազմի կուսակցություն» է (սա մեկին մեկ ադրբեջանական թեզ և մեղադրանք է): Նմանապես, ըստ Փաշինյանի, Հայաստանի ընդդիմադիրներն էլ «պատերազմի կուսակցություններ» են:
Մի խոսքով, ըստ Փաշինյանի ու ՔՊ-ի, բոլորը պատերազմ են ուզում, և միայն իրենք են, որ խաղաղասերներ, խաղաղաբերներ ու խաղաղարարներ են: Այն, որ նման հայտարարություններ անում է Փաշինյանը, ու այն, որ նրան ձայնակցում է իր ՔՊ-ն, արդեն իսկ զավեշտական է: Խաղաղությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որի վարած «քաղաքականությունը» 2018-20 թվականներին հանգեցրեց նախ՝ Արցախի խնդրով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը վերջնական փակուղի մղելուն, ապա այդ գործընթացը տապալելուն, բանակցության առարկան զրոյացնելուն: Ավելին, Ստեփանակերտում բղավելով «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանը ոչ միայն հույզեր «գողացավ», այլև գործնականում լեգիտիմացրեց բանակցություններից դուրս գալու և ռազմական ագրեսիայի դիմելու Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց մղումներն ու ծրագրերը: Ու բերեց պատերազմ: Աղետաբեր, մարդկային ու տարածքային ծանր կորուստների հանգեցրած պատերազմ: Ու պարտություն:
Հաջորդող տարիներին, որպես կատարված աղետի «հետցնցումներ», եղան կարճատև մի քանի ռազմական բախումներ ևս, որոնց բոլորի ընթացքում արդեն բուն Հայաստանի Հանրապետությունն էլ ունեցավ տարածքային որոշակի կորուստներ: Ի դեպ, տակավին չվերականգնված: Նմանապես՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» ու հատկապես Պրահայում Արցախն ուրանալու (2022 թ. հոկտեմբերի 6-ին) հետևանքով թշնամական Ադրբեջանն ու այն ղեկավարող Ալիևի հանցավոր և հակահայ կլանն իր արյունոտ ձեռքերն արձակված համարեց՝ բազմահազարամյա հայկական Արցախը հայաթափելու հարցում: Ու Արցախը պատմության մեջ առաջին անգամ հիմնովին հայաթափվեց:
Եվ ահա, այս բոլոր աղետները բերած Փաշինյանն ու նրան այդ բոլոր աղետաբերումների մեջ բացարձակապես աջակցած ՔՊ-ն խոսում են... «խաղաղություն բերելուց»:
Ի լրումն, մեջտեղ են նետել վերը նշված կեղծ թեզը, թե իրենք խաղաղության «աղավնիներն» են, իսկ մյուս բոլորը՝ «բազեներ»:
Բայց դա՝ դեռ իր հերթին: Միաժամանակ, հետաքրքիր է դիտարկել, թե ի՞նչ կա Փաշինյանի ու նրա ՔՊ-ի տարփողած «խաղաղության» տակ: Այն, որ իրենց «ուրախ ավտոբուսի» ու պլակատների վրա մեծ-մեծ տառերով գրել են:
Առհասարակ, խաղաղության գրավականն այն է, որ հավանական հակառակորդների միջև լինի ռազմական, ռազմաքաղաքական, արտաքին-քաղաքական ուժերի ու հնարավորությունների որոշակի հավասարակշռություն: Ըստ այդմ՝ մարտունակ և ժամանակակից պահանջներին համարժեք սպառազինված բանակ, համադրվող շահերով հնարավորինս վստահելի դաշնակիցներ, դիմացինի վրա նաև «երրորդ կողմերի» միջոցով ազդելու հնարավորություններ: Հարկավ կան նաև լրացուցիչ այլ գործոններ, ինչպես, օրինակ՝ հարևան երկրների, ժողովուրդների միջև եղած (ձևավորված) բարեկամական կամ հակառակը՝ թշնամական հարաբերությունները:
Լավ, իսկ ի՞նչ կա Փաշինյանի «խաղաղության» տակ. մեծ հաշվով, կամ եթե հակիրճ՝ ոչինչ չկա:
Չէ, հասկանալի է, որ ինչ-որ զենք-զինամթերք ձեռք բերվել է, բայց հազիվ թե դա համադրելի է այն ինտենսիվ ռազմականացմանն ու սպառազինմանը, ինչ դիտարկվում է թշնամի Ադրբեջանի պարագայում: Ի լրումն, Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն խորացնում են ռազմական համագործակցությունը ևս, ինտենսիվորեն զորավարժություններ են անցկացնում պարբերաբար:
Այս ամենին գումարած՝ Հայաստանը հետևողականորեն վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, էլ ավելին՝ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը: Այսինքն, այն կառույցի, որի միջոցով, շոշափելի միջոցներ խնայելով, Հայաստանը նախկինում կարողանում էր համադրելի սպառազինություն ձեռք բերել՝ ապահովելով խաղաղության համար անհրաժեշտ հավասարակշռությունն ու բուն խաղաղությունը:
Ու երբ դիտարկում ես Փաշինյանի «խաղաղության» բացվածքը, պարզվում է, որ այն բաղկացած է... Ալիևի «բարի կամքից» ու ցանկությունից, գումարած՝ Էրդողանի «բարի կամքն» ու «ցանկությունը: Եվ գումարած՝ Թրամփի ասածներն ու TRIPP-ը:
Նույնիսկ ծիծաղելի է քննել Ալիևի ու Էրդողանի «բարի կամքի» տարբերակները: Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ցանկացել են և ցանկանում են Հայաստանի պետականության վերացում, հայության բնաջնջում և կենսատարածքի յուրացում: Հենց այդ երկու պետությունները, իրենց ներկայիս տարածքայնությամբ, ասվածի ամենից ցցուն վկայությունն են: Ինքնասպանությանը համարժեք միամտություն է կարծել, թե նրանց մղումներն ու ծրագրերը փոխվել են:
Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա առկա իրողությունները, մասնավորապես՝ Իրանի վրա ԱՄՆ-իսրայելական հարձակման և հարևան Իրանի հակահարվածների խորապատկերում այդ՝ բազմագովազդված «դարի նախագիծը» երևակվում է որպես խիստ անհեռանկարային: Սա՝ մեղմ ասած: Տեսաք` նույնիսկ Փաշինյանը առկա պայմաններում չի փորձում դրա մասին ծպտուն հանել: Այսինքն, նույնիսկ իր երկրպագուները կարող են ծիծաղել:
Մինչդեռ, հիշեցնենք Փաշինյանի ու թիմակիցների ոչ շատ վաղուցվա ինքնավստահ հայտարարությունները, թե TRIPP-ով 99 տարով կայունություն են բերել, այն 99 տարով Հայաստանի անկախությունը կապահովի, այս, այն: Այդ քարոզչական փուչիկն էլ պայթեց: Կամ՝ դեռ չիրագործված՝ հօդս ցնդեց, ինչպես Ծոցի արաբական երկրներում հօդս ցնդեցին այնտեղ տեղակայված ամերիկյան բազմամիլիոնանոց, գերթանկարժեք ռադարային համակարգերն ու նավթառատ արաբական երկրների ապահովության ու անվտանգության պատրանքները:
Ամփոփենք. կեղծ է այն թեզը, թե Փաշինյանը խաղաղություն է բերելու, իսկ մյուսները՝ ոչ: Ավելին, Փաշինյանի փիարային «խաղաղության» տակ չկան իրական գործոններ, չկա խոր, բազմակողմանի հաշվարկ, չկան երաշխիքներ: Փաշինյանական «խաղաղության» տակ բան չկա, այն ընդամենն պլակատների վրա գրված բառ է:
Այդ պայմաններում, ի դեպ, ընդդիմադիր որոշակի ուժերի նախանշած՝ երաշխավորված խաղաղության թեզն առնվազն շատ ավելի է արժանի ուշադրության:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
