Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ձևավորված տարածաշրջանային նոր իրականությունը փաստացի ստեղծեց թուրք-ադրբեջանական հարաբերությունների որակապես նոր փուլ, որտեղ նախկին «եղբայրական համագործակցության» դիսկուրսը աստիճանաբար վերափոխվում է ավելի բարդ, բազմաշերտ և երբեմն հակասություններով լի ռազմաքաղաքական հարաբերությունների համակարգի։ Եվ հենց այս անցումն է, որ պետք է դիտարկել ոչ թե մակերեսային հայտարարությունների մակարդակով, այլ խորքային ուժային դասավորությունների, շահերի բախման և արտաքին դերակատարների ազդեցության համատեքստում։

Թուրքիայի դերակատարության կտրուկ աճը Հարավային Կովկասում պատերազմից հետո չի սահմանափակվում միայն ռազմական կամ քաղաքական ազդեցությամբ, այլ ունի նաև ինստիտուցիոնալ և կառուցվածքային բնույթ՝ արտահայտվելով Ադրբեջանի զինված ուժերի վերակազմակերպման, ռազմական դոկտրինայի վերափոխման և ռազմարդյունաբերական համագործակցության խորացման մեջ, ինչը Բաքվին դարձնում է զգալիորեն ավելի ինտեգրված Անկարայի ռազմավարական համակարգին։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս ինտեգրացիան ինքնին չի նշանակում լիակատար ենթակայություն, այլ ընդամենը ստեղծում է փոխադարձ կախվածության մի ձև, որտեղ կողմերը փորձում են առավելագույնի հասցնել իրենց ինքնուրույնությունը՝ չկորցնելով ռազմավարական գործընկերության առավելությունները։ Թուրքիայի քաղաքական էլիտայի կողմից պարբերաբար հնչեցվող այն թեզը, թե Ադրբեջանի հաղթանակը մեծապես պայմանավորված էր թուրքական աջակցությամբ, ունի ոչ միայն քարոզչական, այլև քաղաքականգործնական նշանակություն, քանի որ այն ծառայում է որպես լեգիտիմացման հիմք Անկարայի կողմից Բաքվի նկատմամբ որոշակի «ուղղորդող» դերակատարություն ստանձնելու համար, սակայն հենց այստեղ է առաջանում առաջին լուրջ հակասությունը՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավը, հատկապես նախագահական ինստիտուտը, ձգտում է պահպանել ռազմավարական ինքնուրույնություն և չվերածվել Թուրքիայի լիակատար արբանյակի, ինչն իր հերթին նշանակում է, որ Անկարայի կողմից ցանկացած փորձ՝ պարտադրել որոշումներ, կարող է երկարաժամկետ հեռանկարում առաջացնել դիմադրություն՝ թեկուզ ոչ բացահայտ, այլ կուլիսային մակարդակում։

Այս համատեքստում իսրայելական գործոնը դառնում է առանցքային հակասություններից մեկը, որը բացահայտում է թուրքադրբեջանական հարաբերությունների ներսում առկա գաղափարական և ռազմավարական տարբերությունները։ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները կառուցված են հստակ պրագմատիկ հիմքերի վրա՝ ներառելով ռազմական տեխնոլոգիաների մատակարարում, հետախուզական համագործակցություն և էներգետիկ փոխկապակցվածություն, ինչը Բաքվին տալիս է բարձր տեխնոլոգիական առավելություն և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Մինչդեռ Թուրքիան փորձում է իրեն դիրքավորել որպես իսլամական աշխարհի առաջնորդ, և այդ շրջանակում հաճախ որդեգրում է հակաիսրայելական հռետորաբանություն՝ հատկապես ներքին լսարանի և տարածաշրջանային ազդեցության ընդլայնման նպատակով։ Այս հակադրությունը դեռևս չի վերածվել բաց ճգնաժամի, սակայն այն ստեղծում է մշտական լարվածության ֆոն, որը կարող է ակտիվանալ ցանկացած պահի՝ կախված տարածաշրջանային զարգացումներից, հատկապես եթե իսրայելա-արաբական հակասությունները նորից սրվեն, կամ Իրանի շուրջ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Իրանական գործոնը ևս կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների ձևավորման մեջ, քանի որ Ադրբեջանը, ունենալով սահման Իրանի հետ և բախվելով պարբերական լարվածության ալիքների, փորձում է պահպանել հավասարակշռված, երբեմն նույնիսկ հակասական քաղաքականություն՝ մի կողմից համագործակցելով Իսրայելի հետ, մյուս կողմից՝ խուսափելով Իրանի հետ բաց հակամարտությունից։ Սակայն Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ հատկապես Իսրայելի գործոնի հետ կապված, հաճախ օգտագործում է ավելի կոշտ և գաղափարական մոտեցումներ, փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենց համար իսլամական աշխարհի համախմբվածությունն ամենակարևորն է, ինչը ստեղծում է տարբերություն ռազմավարական մտածողության մեջ։

Սակայն ամենախորքային և երկարաժամկետ նշանակություն ունեցող հակասությունը կարող է ձևավորվել ռուսական գործոնի շուրջ, քանի որ Ռուսաստանի ներկայիս հարաբերական թուլացումը Հարավային Կովկասում պայմանավորված է հիմնականում ուկրաինական պատերազմով, և այդ իրավիճակը չի կարող դիտարկվել որպես մշտական։

Եթե ուկրաինական ճգնաժամը հասնի որոշակի հանգուցալուծման կամ սառեցման, Մոսկվան, մեծ հավանականությամբ, կփորձի վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտագործելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական և քաղաքական լծակներ։

Այս պարագայում Ադրբեջանը, որը վերջին տարիներին որոշակիորեն հեռացել է ռուսական ուղեծրից և որդեգրել ավելի ինքնուրույն, երբեմն հակառուսական հռետորաբանություն, կարող է վերանայել իր դիրքորոշումը՝ պայմանավորված ռեալպոլիտիկ հաշվարկներով և անվտանգության նկատառումներով։ Եթե Բաքուն ընտրի Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման ուղին, ապա դա կստեղծի բարդ իրավիճակ Թուրքիայի համար, քանի որ վերջինս, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունի սահմանափակումներ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում, և այդ դեպքում թուրք-ադրբեջանական հարաբերությունները կարող են մտնել նոր փուլ, որտեղ Անկարան կփորձի պահպանել իր ազդեցությունը ոչ թե ուղղակի վերահսկողության միջոցով, այլ ավելի ճկուն և բազմավեկտոր մեխանիզմներով։

Այս համատեքստում հատկապես կարևոր է Հայաստանի գործոնը, որը կարող է դառնալ թուրքական քաղաքականության գործոններից մեկը Բաքվի վրա ազդեցություն գործադրելու համար։ Եթե Թուրքիան տեսնի, որ Ադրբեջանը աստիճանաբար հեռանում է իր ուղեծրից կամ փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել՝ առանց Անկարայի հետ համաձայնեցման, ապա հնարավոր է, որ Անկարան փորձի ակտիվացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ստեղծելով նոր տարածաշրջանային հավասարակշռություն և որոշակի ճնշում գործադրելով Բաքվի վրա։

Սա հատկապես հետաքրքիր է այն առումով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկայում Անկարայում պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ և Բաքվի պահանջների կատարմամբ, սակայն այս կապը կարող է թուլանալ, եթե Թուրքիայի ռազմավարական հաշվարկները փոխվեն։ Օրինակ՝ իրավիճակի փոփոխության դեպքում Անկարան կարող է որոշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման առանձնացնել ադրբեջանական հանգամանքից։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հիմքում կա ոչ միայն քաղաքական կամ ռազմական համագործակցություն, այլ նաև խորքային մշակութային և գաղափարական կապ, որը հաճախ ներկայացվում է «մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպմամբ, սակայն իրական քաղաքականությունը միշտ էլ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները, և հենց այս բարդությունն է, որ ստեղծում է տարբեր սցենարների հնարավորություն։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները