Արևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրատլանտյան միասնությունը, որը տասնամյակներ շարունակ համարվում էր արևմտյան քաղաքակրթության անվտանգության, արժեքային համակարգի և քաղաքական կայունության անսասան հիմնաքարը, այսօր կանգնած է պատմականորեն աննախադեպ և, հնարավոր է, անդառնալի ճեղքվածքի առջև։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ձևավորված այս աշխարհաքաղաքական առանցքը, որը հաջողությամբ դիմակայեց Սառը պատերազմի մարտահրավերներին և կանխորոշեց 20րդ դարի վերջի համաշխարհային կարգը, այժմ բախվում է ներքին շահերի այնպիսի խորքային հակասությունների, որոնք կասկածի տակ են դնում դրա հետագա գոյությունը։

Վաշինգտոնի և եվրոպական մայրաքաղաքների միջև առկա ճեղքն այլևս չի սահմանափակվում սովորական տակտիկական տարաձայնություններով կամ առանձին առաջնորդների քաղաքական հավակնություններով, այն վերաճել է ռազմավարական անջրպետի։ Մինչ Միացյալ Նահանգները, առաջնորդվելով իր գլոբալ հեգեմոնիայի պահպանման տրամաբանությամբ, հաճախ հակված է միակողմանի և կոշտ ուժային լուծումների՝ հատկապես Մերձավոր Արևելքում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Եվրոպան հայտնվել է մի իրավիճակում, որտեղ նման գործողությունների տնտեսական, սոցիալական և անվտանգային ալիքներն առաջինն իրեն են հարվածում։ Եվրոպական մայրցամաքի համար անվտանգությունն այլևս չի նշանակում միայն ռազմական դաշինքների ամրապնդում, այլև էներգետիկ ինքնաբավություն, սոցիալական կայունություն և ներգաղթի ճգնաժամերի կառավարում՝ ոլորտներ, որոնք ուղղակիորեն տուժում են անդրատլանտյան գործընկերոջ անկանխատեսելի քայլերից։

Այս գործընթացը հանգեցնում է նրան, որ Եվրոպական միությունում ավելի առարկայական են դառնում սեփական ռազմավարական ինքնավարության և անկախ պաշտպանական հայեցակարգերի ստեղծման մասին խոսակցությունները։ Սա նշանակում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում գործող «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» ոսկե կանոնն աստիճանաբար տեղի է տալիս պրագմատիկ ազգային կամ տարածաշրջանային շահերի գերակայությանը։

Ամերիկյան և եվրոպական դաշնակիցների միջև ժամանակի ընթացքում կուտակված հակասությունների համար հերթական և թերևս ամենավտանգավոր կատալիզատորը դարձավ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած լայնածավալ ռազմական արշավը։ Այս իրավիճակում եվրոպական պետությունների ցուցաբերած դիրքորոշումը ոչ միայն պասիվ դիտորդի կարգավիճակ էր, այլև ինչ-որ տեղ նաև բացահայտ դիմադրություն։ Նրանք ոչ միայն հրաժարվեցին անմիջական ռազմական մասնակցությունից, այլև շատ դեպքերում արգելափակեցին իրենց տարածքում գտնվող ռազմաբազաների օգտագործումը ամերիկյան օդուժի և լոգիստիկայի համար։

Վաշինգտոնում այս իրողությունն ընկալվում է որպես դաշնակցային պարտավորությունների կոպտագույն խախտում, ինչը Սպիտակ տանը և Պենտագոնում առաջացրել է խոր հիասթափություն ու զայրույթ։ Ամերիկյան քաղաքական էլիտան սկսել է հիշեցնել Եվրոպային, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակահատվածում հենց Միացյալ Նահանգներն է ստանձնել եվրոպական մայրցամաքի անվտանգության հովանոցի ահռելի ծախսերն ու ռազմավարական բեռը՝ հնարավորություն տալով եվրոպացիներին կառուցել բարեկեցիկ հասարակություններ՝ ռազմական բյուջեների հաշվին։ Այսօր, սակայն, երբ Վաշինգտոնն ակնկալում է փոխադարձ աջակցություն իր համար կենսական համարվող Մերձավոր Արևելքի հարցում, եվրոպական գործընկերները որդեգրել են «սա մեր պատերազմը չէ» մարտավարությունը՝ փաստացի մենակ թողնելով ԱՄՆ-ին Թեհրանի և նրա դաշնակիցների հետ բախման մեջ։

Եվրոպայի հրաժարումն օգնություն տրամադրելուց ստեղծում է մի վտանգավոր նախադեպ, որը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ներսում հարաբերությունների արմատական վերանայման և «ուժային դիվանագիտության» անցմանը հենց դաշինքի ներսում։ Կարելի է միանշանակ կանխատեսել, որ անվտանգության ապագա հարցերում և ՆԱՏՕ-ի շրջանակներում Վաշինգտոնը որդեգրելու է անհամեմատ ավելի կոշտ, պրագմատիկ և գուցե նաև պատժիչ մոտեցում Եվրոպայի նկատմամբ։ Սա կարող է արտահայտվել ռազմական ներկայության կրճատմամբ, պաշտպանական ծախսերի շուրջ վերջնագրային պահանջներով կամ նույնիսկ երկկողմ ձևաչափերի գերակայությամբ՝ ի հաշիվ բազմակողմ դաշնակցային համաձայնագրերի։

Այն ճեղքվածքը, որն առաջացել է Իրանի շուրջ այս մեկ ամսվա ընթացքում, հուշում է, որ անդրատլանտյան հարաբերությունների «ոսկե դարը» ավարտված է, և ուժերի նոր հավասարակշռությունը կառուցվելու է ոչ թե ընդհանուր արժեքների, այլ խիստ հաշվարկված և հաճախ հարկադրված շահերի հիման վրա, ինչը ՆԱՏՕ-ն կանգնեցնում է իր գոյության ընթացքում ամենալուրջ փորձության առջև։ Նման իրավիճակը թուլացնում է ՆԱՏՕ-ի ներքին կապակցվածությունը՝ ստիպելով եվրոպական առաջնորդներին ավելի բարձրաձայն խոսել «ռազմավարական ինքնավարության» մասին, ինչը գործնականում նշանակում է սեփական անվտանգային համակարգի ստեղծում՝ ԱՄՆ-ից անկախ։

Տնտեսական հարթությունում անդրատլանտյան հակասությունները ոչ միայն խորանում են, այլև վերածվում են շահերի բացահայտ և անհամատեղելի բախման, որտեղ օվկիանոսի երկու կողմերում գտնվող դաշնակիցները հայտնվել են լիովին տարբեր իրականություններում։ Միացյալ Նահանգները, շնորհիվ թերթաքարային հեղափոխության և էներգակիրների սեփական հսկայական պաշարների, այսօր հանդես է գալիս որպես էներգետիկ զուտ արտահանող, ինչը նրան թույլ է տալիս շատ ավելի թեթև տանել նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ թռիչքը։ Ավելին, բարձր գները որոշակի առումով նույնիսկ ձեռնտու են ամերիկյան էներգետիկ հսկաներին՝ ամրապնդելով ԱՄՆ-ի տնտեսական դիրքերը։ Լիովին հակառակ պատկերն է Եվրոպայում, որը դեռևս չի հասցրել ապաքինվել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած ծանր էներգետիկ շոկից և մատակարարման շղթաների խզումից։ Եվրոպական տնտեսությունը, լինելով խիստ կախված ներկրվող էներգակիրներից, հայտնվել է մի իրավիճակում, որտեղ էներգիայի յուրաքանչյուր լրացուցիչ թանկացում ուղղակիորեն հարվածում է արտադրողականությանը և բնակչության գնողունակությանը։ Իրանի դեմ մեկնարկած ռազմական գործողությունները և դրան հաջորդած Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումը եվրոպական ծանր արդյունաբերության համար նշանակում են առնվազն դեինդուստրիալիզացիայի նոր ու անդառնալի փուլ։

Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ տնտեսական անվտանգության հարցերը դառնում են ավելի կարևոր, քան ռազմավարական դաշնակցությունը, քանի որ խոսքը եվրոպական սոցիալական մոդելի և տնտեսական հզորության պահպանման մասին է։

Իրականում մենք ականատեսն ենք մի պատմական դարաշրջանի վերջնական ավարտի, որտեղ «կոլեկտիվ Արևմուտք» կամ «Արևմուտք» հասկացությունը դադարում է գոյություն ունենալ որպես միատարր և միասնական քաղաքական ու գաղափարական միավոր։ Շահերի այսօրինակ արմատական բախումը վկայում է այն մասին, որ անդրատլանտյան միասնության իներցիան սպառված է։ Սկսվել է մի գործընթաց, որը վերաձևում է 21րդ դարի համաշխարհային քաղաքականության ողջ ճարտարապետությունը՝ տեղի տալով բազմաբևեռության նոր համակարգի ի հայտ գալուն, որտեղ նախկին դաշնակիցները ստիպված կլինեն առաջնորդվել բացառապես սեփական կենսական շահերով՝ հաճախ հաշվի չնստելով նախկինում կիրառված գործընկերության կանոնների հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները