Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր, երբ բացում ենք «Փաստ» թերթը, գրեթե յուրաքանչյուր համարում հանդիպում ենք մի պատմության, որը չի կարելի կարդալ առանց կանգ առնելու։ Դրանք պարզապես կենսագրություններ չեն. դրանք կյանքեր են, որոնք կիսատ են մնացել, անուններ, որոնք դարձել են հիշողություն, և ամենակարևորը՝ մայրեր, որոնց աշխարհը փոխվել է անդառնալիորեն։ Բայց այդ պատմությունների մեջ կա մի առանձնահատուկ շերտ, որը չի կարող անտարբեր թողնել. մայրեր, որոնք պատրաստ էին իրենց որդիների կողքին լինել ոչ միայն խոսքով, ոչ միայն աղոթքով, այլ նույնիսկ ճակատում։ Կան մայրեր, որոնք ասում էին՝ «թող ես գնամ իմ որդու հետ», մայրեր, որոնք պատրաստ էին կիսել վտանգը, կիսել ճակատագիրը, կիսել նույնիսկ մահը։ Եվ հենց այդ միտքն էր, այդ անհավատալի, բայց իրական պատրաստակամությունը, որ դրդեց ինձ վերադառնալ մոր մասին ամենախոր խոսքերից մեկին՝ այն աշխարհին, որը ստեղծել է Հովհաննես Շիրազը։

Հովհաննես Շիրազը հայ քնարերգության այն բացառիկ դեմքերից է, որն իրոք դասական դարձավ դեռ իր կենդանության օրոք։ Նրա քնարի ամենազգայուն լարերից մեկը հնչեցրեց ամենաքնքուշ և միաժամանակ ամենախոր մեղեդիները՝ նվիրված մորը։ Բայց այս թեման հայ գրականության մեջ միայն Շիրազով չի սկսվում։ Դեռևս Սմբատ Շահազիզը իր «Երազ» բանաստեղծության մեջ ստեղծել էր մայրական կարոտի այնպիսի կերպար, որը դարձավ հայ պոեզիայի մարգարիտներից մեկը։ Հեռավոր օտարության մեջ, կտրված հայրենիքից ու մորից, նա զգում էր այդ կարոտի անտանելի ծանրությունը և ստեղծում տողեր, որոնք մինչ այսօր հուզում են իրենց պարզությամբ ու խորությամբ, որտեղ «երազի ցավը» դառնում է մայրական սիրո անփոխարինելիության խորհրդանիշը։ Նույն այդ կարոտը, բայց արդեն ավելի լայն ու ողբերգական հնչողությամբ, շարունակվում է նաև Ավետիք Իսահակյանի պոեզիայում, որի համար մորը չտեսնելու ցավը դարձավ կյանքի մշտական ուղեկից։

Հայ ժողովրդի պատմությունը կարելի է կարդալ ոչ միայն տարեթվերով ու պատերազմներով, այլև մայրերի աչքերով։ Այդ աչքերում է կուտակվել այն, ինչը ոչ մի տարեգիր չի կարող ամբողջությամբ փոխանցել՝ սպասում, աղոթք, կորուստ, բայց նաև մի անբացատրելի լույս, որը չի մարում նույնիսկ ամենախոր ցավի մեջ։ Այդ լույսն է, որ տեսել է Շիրազը, երբ գրում էր մոր մասին՝ ոչ թե որպես մեկ կնոջ, այլ որպես մի ամբողջ ժողովրդի հոգևոր առանցքի։

Շիրազի մարդերգության մեջ մորը նվիրված քնարերգությունը դառնում է բարոյական առանցք։ «Հուշարձան մայրիկիս» բնորոշումը պարզապես գրական ձևակերպում չէ. դա մի ամբողջ հոգևոր տիեզերք է, որտեղ մայրը վերածվում է մարդկության խղճի։ Նրա ստեղծագործություններում մայրը դուրս է գալիս սովորական ընկալումից և դառնում է այն վերջին անաղարտ արժեքը, որը մնում է, երբ աշխարհը խեղվում է։ «Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ… Ախ, լոկ մայրն է սուրբ ու վեհ…»: Այս տողերն այսօր հնչում են որպես ճշմարտություն, որը ժամանակը միայն ավելի է հաստատել։

Շիրազի համար մայրը համաստվածություն է։ Նա «մեր տան մատուռն է», «մեր հույսի դուռն է», «մեր տան ամրոցն է»։ Նա և՛ ծառա է, և՛ արքա, և՛ մրոտ ճրագ է, և՛ արեգակ։ Այս պատկերները ոչ թե պարզապես գեղարվեստական հնարքներ են, այլ գոյաբանական հայտարարություն՝ մայրը կյանքի հիմքն է։ Նա այն կետն է, որտեղից սկսվում է մարդը և որտեղից սկսվում է մարդկայնությունը։

«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ էլի մեծ էր նա…»: Այս տողերը պարզապես բանաստեղծական չափազանցություն չեն։ Դրանք մի փորձ են չափելու անչափելին։ Որովհետև մոր սիրտն այն սահմանն է, որտեղ ավարտվում է մարդկային տրամաբանությունը և սկսվում է անվերապահ սերը։ Շիրազի համար մայրը ոչ միայն լույս էր, այլ նաև տիեզերք, որտեղ որդին միշտ տեղ ունի՝ անկախ ժամանակից ու ճակատագրից։

Բայց պատմությունը երբեմն խախտում է այդ բնական ընթացքը։ Եվ այն, ինչ Շիրազի տողերում լույս էր ու օրորոց, մեր ժամանակներում հաճախ վերածվել է լռության ու դատարկության։ 44-օրյա պատերազմը ոչ միայն ճակատագրեր կոտրեց, այլև նոր խորություն տվեց «մայր» բառին։ Եթե մի ժամանակ մայրը որդուն օրորում էր, այսօր շատ մայրեր ստիպված են իրենց որդիներին հողին հանձնել։ Բայց հենց այստեղ է, որ Շիրազի խոսքը նոր իմաստ է ստանում։ Նրա մայրը միայն այն մայրը չէ, որ գրկում է։ Նրա մայրը նաև այն մայրն է, որ կարող է կրել կորուստը և չկոտրվել։ «Մայրս պատկերն է մայր հայրենիքիս». այս տողը այսօր հնչում է որպես իրականություն։ Հայրենիքը կանգնած է մայրերի վրա՝ նրանց ցավի, նրանց լռության, նրանց տոկունության վրա։

Այս մայրերը դարձել են մեր ժամանակի լուռ հուշարձանները։ Նրանք չեն աղաղակում, չեն պահանջում, բայց նրանց լռությունն ավելի բարձր է, քան ցանկացած խոսք։ Նրանք իրենց մեջ կրում են մի ամբողջ տիեզերք։ Եվ երբ մենք կանգնում ենք նրանց առաջ, մենք կանգնած ենք ոչ միայն մարդու, այլ մի ամբողջ աշխարհի առաջ։

Շիրազը գրում էր, որ եթե նույնիսկ աշխարհի բոլոր գանձերը շաղ տանք մոր ոտքերի տակ, միևնույնն է՝ քիչ է։ Այս «քիչ է էլի»-ն այսօր դառնում է մեր իրականության ամենաճշգրիտ ձևակերպումը։ Որովհետև ոչ մի բառ չի կարող հավասարվել այն ցավին ու սիրուն, որը կրում է մայրը։

«Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս». այս միտքը այսօր այլևս պարզապես բանաստեղծություն չէ։ Դա իրականություն է։ Եթե ուզում ենք հասկանալ մեր ժամանակը, պետք է նայենք մայրերին։ Եթե ուզում ենք գտնել մեր խիղճը, պետք է լսենք նրանց լռությունը։

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակում, երբ շատ բան է կոտրվել։ Բայց կա մի բան, որ մնացել է անփոփոխ՝ մոր սիրտը։ Եվ քանի դեռ այդ սիրտը կա, կա նաև այն լույսը, որի մասին գրում էր Շիրազը։ Թեև այդ լույսն այսօր ավելի ծանր է, բայց այն շարունակում է լուսավորել։

Եվ գուցե հենց սա է ամենակարևոր ճշմարտությունը. երբ աշխարհը մթնում է, մնում է մի լույս, որը չի մարում։ Եվ այդ լույսը մայրական է։

Սակայն այս ամենի խորքում մոր կերպարը միայն զգացմունք չէ։ Այն շատ ավելի լայն է՝ այն սահմանն է, որտեղ մարդը դադարում է լինել պարզապես անհատ և դառնում է պատասխանատվության կրող։ Պատերազմը հենց այդ հավասարակշռության խախտումն է։ Այն ոչ միայն խլում է կյանքեր, այլ նաև փոխում է մարդու ներսի չափումները՝ ցավը դարձնելով առօրյա, իսկ լռությունը՝ գոյատևման լեզու։ Բայց հենց այդ լռության մեջ է, որ մոր կերպարը դառնում է առավել տեսանելի։ Այն, ինչ չի ասվում բառերով, սկսում է խոսել հայացքով, հիշողությամբ և սպասումով։ Այս իմաստով մայրական սիրտը դուրս է գալիս անձնականի սահմաններից և դառնում է հավաքական հիշողության կենտրոն։ Այն կրում է ոչ միայն սեփական որդու ճակատագիրը, այլև մի ամբողջ ժողովրդի ճակատագրի ծանրությունը։ Եվ որքան խորանում է կորուստը, այնքան ավելի պարզ է դառնում մի բան. այդ սիրտը չի կոտրվում, այն փոխում է ձևը՝ ցավը դարձնելով դիմակայություն, իսկ լռությունը՝ ուժ։ Գուցե հենց այստեղ է մեր գոյության ամենախորքային գաղտնիքը. այն ուժը, որը փոխանցվում է մայրերից որդիներին, նույնիսկ այն ժամանակ, երբ որդիներն այլևս չեն վերադառնում։ Եվ այս ամբողջ պատկերի մեջ Շիրազի մոր կերպարը չի մնում միայն գրական հիշողություն։ Այն ապրում է այսօր՝ յուրաքանչյուր մոր հայացքում, յուրաքանչյուր սպասման մեջ, յուրաքանչյուր լուռ դիմացկունության մեջ։ Այսպիսով, մայրական սիրտը, որի մասին խոսում է մեր գրականությունը և մեր ժամանակը, նույն տեղում է հանդիպում. այնտեղ, որտեղ ցավը դառնում է տոկունություն, կորուստը՝ հիշողություն, իսկ հիշողությունը՝ շարունակվող կյանք։ Եվ գուցե հենց սա է այն անտեսանելի հիմքը, որի վրա դեռ կանգնած է մեր իրականությունը՝ լուռ, ցավով, բայց անսասան։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները