Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական արշավը արագորեն մոտեցավ եզրագծին: Ընտրապայքարի մեջ մտած հիմնական ուժերն էլ «ամփոփիչ հավաքներ» են անում: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ համարը համընկնում է «լռության օրվա» հետ՝ փորձենք ամփոփել ու մասնավորաբար կենտրոնանալ հիմնական երեք ընդդիմադիր ուժերի շեշտադրումների ու արձանագրված ուշագրավ պահերի, քաղտեխնոլոգիական նրբերանգների վրա:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, կարծում ենք, առանձնանում է նախ և առաջ քաղաքական դիրքորոշումների ու գնահատականների հստակությամբ, գործող փաշինյանական իշխանության նկատմամբ ամենից արմատական դիրքավորմամբ, բավականին ճաշակով և գրագետ քարոզարշավով: Հստակ են քաղաքական մոտեցումները, հստակ են հանրությանը հղվող «մեսիջները», հստակ է անցած 8 տարիներին երկրին ու ժողովրդին բերած աղետների հիմնական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու (պատժելու) մոտեցումը կամ խոստումը: Ամփոփիչ կամ երևանյան մեծ հանրահավաքում նախագահ Քոչարյանի ելույթը նույնպես շատ կոնկրետ էր, թիրախային, խիստ: Հիմնական ասելիքը ևս բավականին պարզեցված էր. «Չկա Փաշինյանը պաշտոնում, չկան պրոբլեմներ, չկա Փաշինյանը պաշտոնում, չկա պատերազմ...»: Հաջորդը, ինչը բնութագրական է «Հայաստան» դաշինքի պարագայում, նախընտրական խոստումների իրատեսությունն է. առանց պոպուլիզմի, առանց «երկնքից աստղեր իջեցնելու», Արցախի խնդրի հետ կապված ևս՝ հնարավորինս անկեղծ խոսակցություն հանրության հետ՝ հիմնված առկա դաժան իրողությունների և դրանք սթափ գնահատելու հետ: Նույնը կարելի է ասել, ընդհանրապես, արտաքին քաղաքականության ուղղությունների, անվտանգային հարցերի, պետական ինստիտուտների «խելքը գլուխը բերելու» պատկերացումների առումով: Հստակ էին հիմնական մեսիջները, ինչպես նաև թիրախային խմբերը: Հետաքրքիր էին նաև այն տեսանյութերը, որոնք ներկայացնում էին պետական գործիչ Ռոբերտ Քոչարյանին տան միջավայրում, զավակների, թոռների հետ շփումները, «առանց փողկապի», ինչպես ասվում է:

«Ուժեղ Հայաստանի» վարած քարոզարշավը ինքնին առանձնահատուկ պետք է գնահատել, ու այդ հարցում արդեն «մեծ է» գործող իշխանության ռեպրեսիվ դերը: Բանն այն է, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն իշխանության կամայականության հետևանքով զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից, սահմանափակված է հանրապետության բնակավայրեր այցելելու և ընտրողների հետ հանդիպելու նրա օրինական իրավունքը: Այս ընտրարշավը երևի կգրանցվի քաղաքագիտության դասագրքերում նաև այդ տեսանկյունից. հիմնական հավակնորդ համարվող ընդդիմադիր ուժը նախընտրական արշավ է իրականացնում՝ ունենալով կալանքային սահմանափակման մեջ գտնվող առաջնորդ: Բայց «կարիքը ամենալավ ուսուցիչն է»: Եվ ստեղծված իրավիճակում «Ուժեղ Հայաստանը» գտավ բավականին հնարամիտ լուծումներ՝ օգտվելով ինչպես ժամանակակից տեխնիկական միջոցներից, այնպես էլ՝ «հին» տեխնոլոգիաներից: Եվ, եթե հնարավոր չէր, որ Սամվել Կարապետյանը մեկնի որևէ վայր, փոխարենը կազմակերպվեց հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, ընտրողների խմբերի այցելությունը տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին:

Մյուս հատկանշական առանձնահատկությունը, կարծում ենք, այն է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրարշավը անցկացրեց գործող իշխանության կողմից ռեպրեսիվ առավելագույն թիրախավորման պայմաններում: Բնութագրական է. գրեթե ամենօրյա ռեժիմով փաշինյանական իրավապահ մարմինները ինչ-որ «ընտրակաշառքային» գաղտնալսում էին հրապարակում և հերթական «գործհարուցոցի» ձեռնարկում:

Ի լրումն, փաշինյանական իշխանությունը թիրախավորեց «Ուժեղ Հայաստանի» ցուցակի «առաջին դեմքերին». բացի այն, որ Սամվել Կարապետյանն է շինծու գործով «տնային կալանքի տակ», վարույթ կա նաև Նարեկ Կարապետյանի դեմ, ընտրարշավի գրեթե մեկնարկին կալանավորվեց Արթուր Ավանեսյանը (Կանդազ), իսկ ընտրարշավի վերջին մոտ՝ նաև Ալիկ Ալեքսանյանը:

Անկախ այդ ամեն ինչից, «Ուժեղ Հայաստանը» բավականին ակտիվ քարոզարշավ իրականացրեց, կարծում ենք՝ նաև արդյունավետ: Ներկայացվում էին կոնկրետ, «գետնի վրա» լուծումներ՝ կապված տնտեսության, սոցիալական խնդիրների հետ: Բնականաբար, հատուկ շեշտադրում էր արվում երբեմնի արդյունաբերական հնարավորությունները վերականգնելուն կամ արդիականացնելուն:

Բայց զուտ քաղաքական առումով էլ «Ուժեղ Հայաստանը» հստակ մոտեցումներ հնչեցրեց, օրինակ՝ ինչպես արտաքին քաղաքականության մեջ արկածախնդրական դրսևորումներից հրաժարվելը, այնպես էլ՝ «հակասաֆարովյան օրենքը», այն է՝ ադրբեջանական թուրքերի վերաբնակեցումը կանխելու մոտեցումը:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես աչքի ընկավ հետաքրքիր մոտեցումներով: Ցավոք, այս դեպքում էլ ռեպրեսիվ հարձակումներից խուսափել չհաջողվեց, և ԲՀԿ-ին միացած «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ընտրարշավի կեսից (մայիսի 23-ին) կալանավորվեց՝ ակնհայտ անհեթեթ մեղադրանքներով:

Այնուհանդերձ, ԲՀԿ-ն ակտիվորեն շարունակեց ընտրարշավը, ըստ որում, Գագիկ Ծառուկյանի հանդիպումները առանձնացան ընդհանուր դրական մթնոլորտով (աղուհաց, ժողովրդական երաժշտություն, երիտասարդ կամ պատանի մարզիկների, առհասարակ, բոլոր ցանկացողների հետ «սելֆիներ») և այլն: Մի խոսքով՝ աուրան իսկապես առանձնահատուկ էր: Ինչ վերաբերում է ասելիքին, ապա ԲՀԿ մոտեցումը առանձնացավ նրանով, որ նախընտրական ծրագիրը կազմվեց «ներքևից». նախ եղավ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, ապա դրա հիման վրա արդեն ձևավորվեց ծրագիրը՝ ներառելով բոլոր միանալ ցանկացողներին:

Հիմնական շեշտադրումները տպավորվեցին. 1) երաշխավորված խաղաղություն, 2) մեգանախագծեր՝ ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսական աշխուժացման նպատակով, 3) հարկային մամլիչի մեղմում փոքր և միջին բիզնեսի համար. տարեկան մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցողներից՝ 0 տոկոս հարկ, 60-180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս հարկ շրջանառությունից և 180 մլն-ից ավելի դեպքում միայն ԱԱՀ, 4) սոցիալական առումով՝ անվճար բուժօգնություն, անվճար բարձրագույն կրթության ապահովում (Վրաստանի օրինակով) թոշակի համակարգված աճ՝ սպառողական զամբյուղին հասցնելով:

Եթե ի մի բերենք, ապա հարկ է նշել, որ ընդդիմադիր հիմնական երեք ուժերն էլ ընտրարշավում առանձնացան ասելիքով: Այսինքն՝ նախ ունեին ասելիք և այն կարողացան ներկայացնել: Երկրորդ՝ կա առարկայական բովանդակություն, կան կոնկրետ մոտեցումներ ու լուծումների տարբերակներ, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, քննարկել դրանք: Բայց կարևորը, որ կան գաղափարներ: Ու ամենակարևորը՝ կա ազգային միջուկ:

Իսկ ի՞նչ ասաց իշխանությունը, ի՞նչ է խոստանում Փաշինյանը: Իսկ Փաշինյանը խոստանում է սպանել, կալանավորել, բռնել տալ, բոմժացնել, սպառնում է պատերազմով, սպառնում է քանդել Եկեղեցին, մարդկանց վրա գոռում է, թե ինչո՞ւ չեն զոհվել: Ոչ մի ասելիք, ոչ մի քաղաքականություն, միայն աղմուկ, կերուխում, սպառնալիքներ, վիրավորանք ու... վերջ: Մնում է հասկանալ՝ ինչ է ընտրելու հայ հասարակության մեծամասնությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասին Քայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Պատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդ Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական Սուպերլիգա Պրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. Politico Հունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ» Վրաստանի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ գործընկերության վերականգնումը․ Կոբախիձե Հնդկաստանի ԿԲ-ն 12 մլրդ դոլարի ոսկի է վաճառել՝ արժութային պահուստներն ամրապնդելու համար․ Bloomberg Խոշոր hրդեհ է բռնկվել Ինդոնեզիայի քաղաքներից մեկում. հարյուրավոր մարդիկ տարhանվել են Ծանր շքեղության մեծ վերադարձը. Ինչու են Չինաստանի հարուստները կրկին միլիոններ ծախսում Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փաշինյան Ճապոնիայի կողմից զենքի արտահանման արգելքի վերացումը հիշեցնում է պшտերազմի նախապատրաստություն. Չինաստանի ԱԳՆ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Լյուիս Հեմիլթոնի հետ անցկացրած հանգստյան օրերից մի հատված
Ամենաընթերցվածները